ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախորդ գումարման ԱԺ-ն քաղաքական որոշման արդյունքում իրեն չընտրեց: Նախորդ երկու թեկնածուներին էլ, որ այս խորհրդարանը չընտրեց, նույնպես, ըստ նրա, քաղաքական որոշում է. «Պարսավելի չի, ոչ մի սխալ բան չկա: ՍԴ դատավորի ընտրությունը` որպես քաղաքական ընտրություն, կանխորոշում է ո՛չ «Իմ քայլը», ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ որեւէ մեկը, քան այս պետության ժողովուրդը, որն ընդունել է Սահմանադրությունը: Սահմանադրությամբ հստակ ընտրելու լիազորությունը վերապահված է ԱԺ-ին: Դա քաղաքական որոշում է ամեն դեպքում»:
Հարցին՝ ի վերջո ակնկալո՞ւմ էիք, որ նախորդ երկու թեկնածուներին մերժելով՝ ձեզ են ընտրելու՝ նա պատասխանեց «Ես կարող էի հույս ունենալ, այո՛»:
Aravot.am-ը հարցրեց՝ ինչո՞ւ է իշխանական մեծամասնությունն ուզում հատկապես ձեզ գործուղել ՍԴ, արդյո՞ք հեռահար նպատակներ ունի, որ դուք իշխանական կամքը կկատարեք՝ Վահե Գրիգորյանը պատասխանեց. «Ես ճանաչում եմ այդ մարդկանց, իրենք ինձ են ճանաչում: Դուք պատասխանատու դիրքերը վստահում եք ձեր վստահած մարդկանց, ոչ մի տարօրինակ բան չկա դրանում, պետք չի կտրատվել նրանից, որ… Եկեք այս հարցին շատ անկեղծ պատասխանեմ, եկեք բոլոր ձեւականությունները մի կողմ թողնենք: Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, կոնկրետ քաղաքական մեծամասնության մեջ եղած մարդկանցից, ես իրենց հետ խաշ-խորովածի, քյաբաբների սեղանների վրա չեմ ծանոթացել: Երբ ես իրենց հետ ծանոթացել եմ, իրենք որեւէ պետական դիրք չեն ունեցել: Ես շատ մարդկանց հետ եմ աշխատել, ես այդ մարդկանց հետ բանտերում եմ ծանոթացել: Ես եմ բանտում եղել, իրենք են զբաղվել այդ գործերով, իրենք են եղել՝ ես եմ զբաղվել այդ գործերով: Երբ մենք իրար հետ ծանոթ ենք եղել, ոչ մի նման իրավիճակի մասին նույնիսկ պատկերացում չունեինք: Իմ՝ իրենց հետ եղած շփումը եղել է բացառապես այդ հողի վրա: Հիմա շատ նորմալ բան է, երբ մարդը վստահում է իր ճանաչած մարդուն: Հակառակն է անտրամաբանական»:
Լրագրողների դիտարկմանը, որ դուք, փաստորեն, այս իշխանության Հրայր Թովմասյանն եք՝ Վահե Գրիգորյանն արձագանքեց՝ ես Հրայր Թովմասյանը չեմ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից