Այս պահին կառավարության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անում. նրանք պահանջում են ՀՀ քաղաքացի Արման Առաքելյանին, որը չորս տարի առաջ ՌԴ-ում դատապարտվել է 18 տարվա ազատազրկման, հիմա Մուրմանսկի կալանավայրում է, արտահանձնել Հայաստան, որպեսզի նա այստեղ շարունակի պատիժը կրել:
Aravot.am-ի հարցին՝ ինչի՞ համար է դատապարտվել Առաքելյանը եւ ի՞նչ դիրքորոշում ունի արդարադատության նախարարությունը, ցույցի մասնակից Հայկ Ավետիսյանը, որը ներկայացավ որպես Առաքելյանի ընկեր, պատասխանեց, որ Արման Առաքելյանը դատապարտվել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացուն սպանելու համար. «Հայ ազգի պատիվն ա բարձր պահել»: Ավետիսյանի պատմելով՝ Առաքելյանը Սանկտ Պետերբուրգում ռեստորան է ունեցել, որտեղ ազգությամբ ադրբեջանցի է այցելել. «Ադրբեջանցին մտնում է ռեստորան ու մուղամ պատվիրում, բայց Սուրբ Խաչի օրն էր, հայերը նստած էին: Արմանը թույլ չի տալիս, գնում է, հետո գալիս է, հետո հարբած 3-րդ անգամ գալիս է ու սպանությունը լինում է»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Հայկ Ավետիսյանի խոսքով՝ իրենք դիմել են ՌԴ իրավապահներին եւ ստացել դրական պատասխան Արման Առաքելյանին ՀՀ արտահանձնելու համար, սակայն արդարադատության նախարարությունը, ինչպես վստահեցրին ցուցարարները, մերժել է:
Ցույցին մասնակցում եւ հավաքվածներին ցուցումներ էր տալիս «Կամք» նախաձեռնության ներկայացուցիչ Վահագն Չախալյանը: Նա ասաց, որ ուզում են հավատալ, որ հայկական կողմը միտումնավոր չէ մերժում, այլ անտարբերության խնդիր է, իսկ իրենք թույլ չեն տա անտարբերություն: Չախալյանը նաեւ ասաց, որ Արման Առաքելյանին ռուսական բանտում վտանգ է սպառնում, նույն խցում ադրբեջանցիներ կան:
Մանրամասն՝ տեսանյութում
Այս առնչությամբ արդարադատության փոխնախարարի պարզաբանումն՝ առաջիկայում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ