Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լեւոն Բաղդասարյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Գրիգորյանի գործով մեղադրող-դատախազ Վահե Դոլմազյանի այն հայտարարությանը, թե ըստ քրեական գործի նյութերի՝ Մանվել Գրիգորյանը հեռախոսազանգով իր ենթակային հրահանգել է իր վրա վերցնել մեղքը: Փաստաբանն իրավիճակը ներկայացրեց ասուլիսի սրահի օրինակով. «Հիմա մենք գտնվում ենք այս տարածքում, որն ունի սեփականատեր: Պատկերացրեք՝ կողքի փոքր սենյակում հատուկ ծառայությունները գործողություններ են իրականացնում, հայտնաբերում ապօրինի զենք: Ի՞նչ եք կարծում, դրա պատասխանը պետք է տա այս սրահի պատասխանատուն, թե՞ սեփականատերը: Միանշանակ՝ նա, ով տիրապետում է սրահին: Զենք-զինամթերքը, որը հայտնաբերվել է «պանսիոնատում», այդտեղ տասնյակից ավելի կազմակերպություններ են գործում, այդ թվում՝ նետաձգության ֆեդերացիան: Այդտեղ է եղել նաեւ ԵԿՄ պահեստը: Այդ տարածքն ունի սեփականատեր՝ Մանվել Գրիգորյանը, եւ ուղղակի պատասխանատու»:
Լեւոն Բաղդասարյանի խոսքով՝ երբ տարածքում օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են իրականացվել, Մանվել Գրիգորյանին այդ մասին տեղեկացրել են հեռախոսով. «Մանվել Գրիգորյանի ասածները խեղաթյուրել են: Նա ասել է՝ պատասխանատուն այսինչ անձն է, թող գնա պատասխան տա: Այդ անձը եղել է այս տարածքի տնօրենը: Իսկ նախաքննական մարմինը շոու արեց, գցեց ժողովրդի բերանը եւ քրեական գործ հարուցեց սեփականատիրոջ՝ Մանվել Գրիգորյանի հանդեպ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի նախադեպ սա կարող է լինել»:
Լեւոն Բաղդասարյանը հավելեց, որ նշյալ անձը, սակայն, Մանվել Գրիգորյանի գործով որեւէ դատավարական կարգավիճակ չունի:
Հիշեցնենք, որ ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթման եղանակով 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանն էլ մեղադրվում է ամուսնու եւ որդու՝ Արման Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, հափշտակությունների համար:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/404268350172418/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ