Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրուն երևույթ չէ շահարկումը, թե Նիկոլ Փաշինյանը սպառնացել է՝ միջպետական վարկը կկանգնեցնի». Տիգրան Գրիգորյանը՝ Վիտալի Բալասանյանի պաշտոնանկության մասին

Հունիս 13,2019 13:59

«2020 թվականին յուրահատուկ ընտրություններ են լինելու, քանի որ այդ օրը ոչ միայն նախագահ է ընտրվելու, այլև ԱԺ նախագահ»,- «Մեդիա կենտրոնում» «Պաշտոնանկություններ Արցախում. գնահատականներ Հայաստան-Արցախ հարաբերություններին» թեմայով քննարկմանն այսպիսի կարծիք հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը: Ըստ նրա՝ ցանկացած գործընթաց, որը տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Հանրապետություններում, պայմանավորված է գլխավոր խնդրով՝ անվտանգությամբ. «Այդ անվտանգության տեսակետից ինչ փոփոխություններ լինում կամ չեն լինում, կան զսպող ուժեր, կարմիր գծեր, որոնք կարելի է հատել, և կան գործընթացներ, որտեղ բոլոր հաշվարկները ճիշտ արվում են անվտանգության ապահովման համար»:

Նա նշեց, որ լավ կլինի, եթե Հայաստանն Արցախին աջակցի, որ 2020 թվականի ընտրությունների ժամանակ ունենանք զարգացում, նպաստի Արցախի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը:

Հարցին՝ որո՞նք են Արցախում պաշտոնանկությունների պատճառները, Արցախի Ազգային վերածնունդ կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը պատասխանեց. «Պատճառը ներքաղաքական խնդիրներն են: Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանի պաշտոնանկությանը, ապա համաձայն եմ այն մտքի հետ, որ համաձայնել է ընտրություններին իր անձի մասնակցության հետ: Արդեն մի քանի ամիս է Վիտալի Բալասանյանը սկսել է իր նախընտրական քարոզարշավը, հանդիպումներ է ունենում տարբեր գյուղերում, և նա նույնիսկ տարբեր մարդկանց կողմից մեղադրվում էր պաշտոնը չարաշահելու մեջ, որը օգտագործում է ԱԱԽ ղեկավարի պաշտոնը, կազմակերպում տարբեր հանդիպումներ: Դեռ մի քանի ամիս առաջ իր մտերիմներին տեղեկացրել է, որ պատրաստվում է պաշտոնին հրաժեշտ տալ: Երևանյան որոշ շրջանակների կողմից այն շահարկումը, թե Նիկոլ Փաշինյանը սպառնացել է, որ միջպետական վարկը կկանգնեցնի, դա այդքան էլ սիրուն երևույթ չէ»:

Լևոն Մնացականյանին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ նշանակելու մասին փաստի առիթով Տիգրան Գրիգորյանն ասաց. «Դա էլ է կապված ներքաղաքական զարգացումների հետ: Այս պահին Սամվել Բաբայանը սկսել է մի գործընթաց՝ ստորագրահավաք, որն ամենայն հավանականությամբ ավարտվելու է փողոցային ակցիաներով, և Լևոն Մնացականյանի նշանակման շահարկումն ուղղված է Սամվել Բաբայանի գործոնի չեզոքացման դեմ: Կարծում եմ՝ ոստիկանապետի պաշտոնում լոյալ ու չեզոք գործիչ է  անհրաժեշտ, որը պատրաստ է ուժային գործողությունների դիմել»:

Վիտալի Բալասանյանի պաշտոնանկության թեմայով Թևան Պողոսյանն ասաց. «Ես վստահ չեմ՝ Վիտալի Բալասանյանը դիմում գրել է, թե՝ ոչ: Ես վստահ եմ, որ նորմալ եկել, ասել են՝ այսօր է այդ օրը, քանի որ սկսել է շահարկումների խնդիրը, միգուցե ավելի լավ է այսօր գնալ: Մենք 90-ականներին ունեցել ենք այդ վարքագիծը, երբ Արցախում ուզում էին մի բան լուծել, չէր ստացվում, առաջին բանը վարկային գիծը փակելն էր: Այս խնդիրները լինելով, մարդիկ իմանալով՝ փորձեցին շահարկել՝ միգուցե դա՞ է եղել հարցը, որ տեղ տանք, որ կանգնեցնենք, քանի որ մեզ այսօր Հայաստանում  անիմաստ է այդ տեղեկատվական պատերազմի այսքան ցածր դիմադրության հասանելիության մեջ թույլ տալ նման շահարկումներ»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930