Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փակ հանդիպում են ունեցել Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Վահե Գրիգորյանը, խոսելով դատարանների շրջափակման մասին՝ ասաց. «Քննարկվում է դատարանների նկատմամբ ճնշում գործադրելու հարցը: Այդ ամենը ծիծաղելի է: Եթե գործադիր իշխանության ղեկավարի կոչով ճնշում կարելի է գործադրել դատական իշխանության վրա, ավելի լուրջ մտահոգվելու առիթ է այդ դատական իշխանությունը: Պիտի դրա վրա կենտրոնանալ»: Նա ասաց, որ շրջափակման մեջ հակաօրինական բան չի տեսել:
Հարցին՝ տեղեկություններ կան, որ դատարանները շրջափակելու միտքը դուք եք տվել՝ Վահե Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ, դա իմ ոճը չի: Ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, բայց դա իմ ոճը չի հաստատ»:
Հարցին՝ եթե դուք ՍԴ դատավոր ընտրվեք ու մարդիկ խոչընդոտեն ձեր մուտքը դատարան, ի՞նչ կանեք՝ նա պատասխանեց, որ կփորձի խոսել մարդկանց հետ. «Մարդիկ ամեն օր չեն գնում դատավորներին խանգարում,որ գնան աշխատանքի: Դա վերջին 2,5 տասնամյակի ընթացքում դատական իշխանության նկատմամբ արտահայտված վերաբերմունք է: Ես մեծ հաշվով դա մեծ հնարավորություն եմ տեսել, որպեսզի դատավորները խոսեն մարդկանց հետ, ոչ մի սխալ բան չկա: Պիտի ողջունեմ դատավորների այն մեծամասնությանը, որոնք այդ ամենից չեն սարքել մի մեծ գլխացավանք իրենց համար ու իրենց չեն դրել հալածյալի կերպարի մեջ, որ եկել ենք՝ դռները փակել են: Ըմբռնումով են մոտեցել: Այնուամենայնիվ, կային դատավորներ, որ սուր են ընդունել, ես իրենց էլ չեմ քննադատում դրա համար: Դարձնել այդ մի ակտը 2,5 տասնամյակներ շարունակ անկախ ու արդյունավետ դատական իշխանություն չունենալու իրողության հետ, սա մոտավորապես նախկինն արդարացնելու պես բան է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ