Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյան. «Մեզ ծառայողները պարտավոր են ուշադիր լինել այս եւ այլ մշտադիտարկումներին»

Հունիս 13,2019 13:47

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը` Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական երիտասարդական կենտրոնների զարգացում-2017 ծրագրի» շրջանակներում, անցկացրել է «ՀՀ հանրակրթական դպրոցների նյութատեխնիկական պայմանների մշտադիտարկում», իսկ զեկույցի ներկայացումը և քննարկումը կայացավ հունիսի 13-ին:

Քննարկումը վարում էր «Ասպարեզ» ակումբ նախագահ եւ ծրագրի ղեկավար Լեւոն Բարսեղյանը, որն էլ ներկայացրեց մշտադիտարկման նախապատմությունը եւ հետագա ընթացքը:

Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ եւս մեկ մշտադիտարկում էլ երկու տարի առաջ են իրականացրել:

«Նախորդը մարզային դպրոցների ֆինանսաբյուջետային մշտադիտարկումն էր, սա ՀՀ հանրակրթական դպրոցների նյութատեխնիկական պայմանների մշտադիտարկումն է: Ընտրել ենք 50 դպրոց, բոլորը մարզային են, ամեն մարզից 5-ական դպրոց, մեկը ամենափոքրաթիվ աշակերտներով գյուղական դպրոց է` յուրաքանչյուր մարզից, մյուսը մեծ թվով աշակերտներ ունեցող գյուղական դպրոցը, 3 դպրոց էլ` մարզային քաղաքներից: Փորձել ենք հասկանալ, օրինակի համար կոմունալ պայմաններն ինչպիսին են, ջեռուցումը, պատուհանները, տանիքը ինչ վիճակում են եւ այլն:

Այդ ամենը սահմանված է գործող օրենսդրությամբ, հետեւաբար համապատասխան նորմատիվներով էլ ուսումնասիրել ենք: Ուսումնասիրությունը եղել է մասնակցային, մարզերի մեր քաղաքացիական երիտասարդական կենտրոնների երիտասարդների հետ հատուկ ուսուցում ենք իրականացրել, որ իրենք մարզի դպրոցներն ուսումնասիրեն: Հասկանալի է, որ փորձագետներ են ղեկավարել այս ողջ գործընթացը ու դաշտային աշխատանքի ժամանակ աշխատել ենք տնօրենների, մանկավարժների, ծնողների եւ բարձր դասարանցիների հետ: Մեթոդաբանությունը քննարկել ենք ԿԳ նախարարության հետ: Հաշվի ենք առել նաեւ նախարարության հետաքրքրությունները»,-ասաց Լեւոն Բարսեղյանը: Նրա խոսքով, ուսումնասիրության քննարկումից հետո կներառվեն լրացումները:

Քննարկման ժամանակ էլ պարոն Բարսեղյանն ասաց. «Մենք չենք կարող կամայական կերպով մտնել որեւէ դպրոց եւ ջուր քաշել, մեզ անմիջապես կբռնեն եւ կձերբակալեն…Մենք կարծում ենք, որ մեզ ծառայողները, այսինքն` իշխանությունները պարտավոր են ուշադիր լինել այս եւ այլ մշտադիտարկումներին, զեկույցներին: Այստեղ խնդիրները բացված են խորապես»: Նրա խոսքով, կրթություն հաստատությունները, ենթակառուցվածքները ծանր վիճակում են եւ դա չի սկսվել հեղափոխությունից հետո:

Մանրամասն՝ տեսանյութում

ԹԻՀԿ ներկայացուցիչ Դիանա Տեր-Ստեփանյանը նշեց, որ սա երկրորդ մշտադիտարկումն է նման ձեւաչափով: Նրա ձեւակերպմամբ, ակնհայտ բեւեռացում կա քաղաքային եւ մարզային դպրոցների պայմանների միջեւ, այդ պատճառով էլ փորձել են պարզել, թե պետությունն ինչպես է ապահովում երեխայի կրթության իրավունքը

Մանրամասն՝ տեսանյութում

ԲՀՀ Հայաստան-ի տնօրեն Լարիսա Մինասյանը կարեւորեց քննարկումը, ասաց, որ վերջին 10 տարիններին աշխատանք են կատարել, որը միտված էր աջակցելու պետական քաղաքականությանը, ռեֆորմին եւ այն կարիքներին, որոնց տեսնում էին:  Ըստ Լարիսա Մինասյանի, դրանք են բեւեռացվածությունը, կրթության անհասանելիությունը ոչ մեծ քաղաքների դպրոցներում եւ այլն :

Մանրամասն՝ տեսանյութում

Հավելենք, որ ուսումնասիրության մեջ հետաքրքիր գծապատկերներ կան, ըստ դրանցից մեկում զետեղված տվյալների` աշակերտների 32%-ը դեռ չի որոշել, թե ինչ է դառնալու, 10,4%-ը ցանկացել է բժիշկ դառնալ, իսկ տնտեսագետ, ֆինանսիստ եւ հաշվապահ` 8,8 %-ը, իրավագետ 7,2-ը եւ այլն: Ամենաքիչը ցանկացել են դառնալ լրագրող, տուրիզմի մասնագետ, խոհարար: Ամենավերջին` հորիզոնականում բնական գիտություններն են 0,5%:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել