Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի արժութային շուկայում դոլարի նկատվող բարձր առաջարկը մտահոգել է Կենտրոնական բանկին. «168 ժամ»

Հունիս 13,2019 13:40

Հայաստանի արժութային շուկայում դոլարի նկատվող բարձր առաջարկը մտահոգել է Կենտրոնական բանկին։ Ըստ տրամաբանության՝ արժութային շուկայում պետք է դիտվեր որոշակի ճնշում, սակայն հակառակն է՝ արժույթի առաջարկը գերազանցում է պահանջարկը։ Այս մասին օրերս ասել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։ Ըստ նրա՝ դեռևս գարնանից սկսած տարադրամի առաջարկի աճն արժութային շուկայում շարունակում է պահպանվել նույն մակարդակում. «Սա նշանակում է, որ կան երևույթներ, որոնք խորը ուսումնասիրություն են պահանջում»։

Այսպիսի հայտարարություններ Կենտրոնական բանկի նախագահը հաճախ չի անում։ Ու եթե նման բան է ասվում, նշանակում է՝ ինչ-որ բան այնպես չէ։

Թե ի՞նչ երևույթներ են տեղի ունենում արժութային շուկայում, բնականաբար, պետք է անհանգստացնի առաջին հերթին՝ Կենտրոնական բանկին։ Այդ ուղղությամբ խորը ուսումնասիրությունները վաղուց արդեն պիտի արված կամ սկսված լինեին։

Խնդիրը, ըստ էության, Հայաստանի արժութային շուկայում հայտնված տարադրամային հոսքերի մասին է, որոնց աղբյուրները Կենտրոնական բանկի համար այնքան էլ պարզ չեն, կամ գուցե պարզ են, բայց այդ ակտիվությունը չի տեղավորվում տեղի ունեցող տնտեսական զարգացումների տրամաբանության մեջ։ Ենթադրությունները, որ դա կարող էր պայմանավորված լինել տրանսֆերտների ավելացմամբ, այնքան էլ հիմնավոր չի թվում։ Դրա համար կարծես բավարար հիմքեր չկան։

Տրանսֆերտների աճն այնպիսին չէ, որ կարող էր շուկայում նման բարձր ճնշում առաջացնել։ Թեեւ Կենտրոնական բանկը վերջին շրջանում ուշացումով է հրապարակում մասնավոր փոխանցումների ցուցանիշները, այնուհանդերձ այն, ինչ հայտնի է, հիմք չի տալիս այդպես մտածելու համար։

Ֆիզիկական անձանց դրսից կատարվող փոխանցումների աճն ուղեկցվել է տարադրամի արտահոսքի աճով։ Արդյունքում՝ ներքին շուկայում այս ոլորտից մուտքերի փոփոխություն գրեթե տեղի չի ունեցել։

Ավելին, արտաքին հատվածում, մասնավորապես՝ տրանսֆերտային շուկայում, Հայաստանի հիմնական գործընկեր երկրի՝ Ռուսաստանի տնտեսական զարգացումներն այնպիսին չեն, որպեսզի հնարավոր լինի խոսել տրանսֆերտների բարձր ակտիվության մասին։ Գուցե ինչ-որ դեր ունեցել են տրանսֆերտների կանխիկ հոսքերը, որոնք, ըստ Կենտրոնական բանկի նախագահի, ավելացել են։ Բայց տրամաբանական չէ դա կապել բանկային միջնորդավճարներից խուսափելու հետ։ Այլապես այնպիսի տպավորություն է, որ նախկինում միջնորդավճարներ չկային։

Հայտնի է, որ տրանսֆերտների մեծ մասը ձեւավորվում է արտագնա աշխատանքի հաշվին։ Դրանք գումարներ են, որոնք բանկային համակարգով ամսական կտրվածքով փոխանցում են հարազատներին։ Որոշ մասն էլ Հայաստան է մտնում կանխիկով, բայց հիմնականում՝ տարեվերջին։

Միշտ էլ այդպես է եղել։ Այս տարի ևս իրավիճակի փոփոխության համար հիմքեր չեն եղել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930