Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասել, որ ՍԴ-ն ապաքաղաքական մարմին է, կներեք, էս պետությունում ամենաքաղաքական հարցերը որոշողը ՍԴ-ն է». Վահե Գրիգորյան

Հունիս 13,2019 13:18

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փակ հանդիպում են ունեցել Սահմանադրական դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Վահե Գրիգորյանը, հարցին՝ համաձա՞յն եք այն գնահատականի հետ, որ ձեր առաջադրումը ՍԴ անդամի պաշտոնում քաղաքական որոշման արդյունք է՝ պատասխանեց. «Իհարկե, քաղաքական որոշման արդյունք է: Քաղաքական մի մարմնից քաղաքական մի մարմին առաջարկով է»:

Հարցին՝ խախտում կա՞, որ երկրորդ անգամ է ձեր թեկնածությունն առաջադրվում՝ Վահե Գրիգորյանը վստահեցրեց, որ խախտում չկա: Ըստ Գրիգորյանի, դա նախագահի լիազորությունն է. «Դա իմ իրավունքների հարցը չէ, սահմանադրական հիմքի, սահմանադրական լիազորությունների իրականացման հարցն է»:

Լրագրողները հարցրեցին՝ ընդդիմադիրները մտահոգություն են հնչեցնում, որ դուք բավական լավ հարաբերություններ ունեք իշխանության ներկայացուցիչների հետ եւ դրանով իսկ կարող եք կաշկանդված լինել, երեկ նման տեսակետ է հայտնել Էդմոն Մարուքյանը, հնարավո՞ր է, որ դուք կաշկանդվածություն ունենաք՝ այս տարիների ընթացքում ձեր ձեռք բերած կապերով: Վահե Գրիգորյանը պատասխանեց. «Ես բացարձակապես կաշկանդվածություն չունեմ: Դուք հիշում եք, անցած տարվա ՍԴ անդամներից մեկի ընտրության ժամանակ քննարկումների ողջ կոնտեքստը վերաբերում էր նրան, որ մենք ձեզ այստեղից գործուղում ենք, մեր հետ ամենօրյա կապի մեջ եք լինելու…Սա բացառվում է»:

Հարցին՝ Վանեցյան-Սասուն Խաչատրյան գաղտնալսման մեջ ձեր անունն էր հնչեցվում՝ Վահե Գրիգորյանը հաստատեց. «Այո, այդ Վահեն ես եմ»: Դիտարկմանը, որ ձայնագրության մեջ ասվում էր՝ Վահեին կասենք մի երկու բան կգրի, այսինքն, պատվերի հարց կար՝ Վահե Գրիգորյանն արձագանքեց. «Այդպիսի բան չեն ասել: Որոշ շրջանակներ մամուլով դա պտտել են ու այդպիսի տպավորություն է  ստեղծվել: Ասում էր՝ Վահեն է գալու, ինչ-որ բան պիտի գրի: Իրականում ես չպիտի գրեի, որովհետեւ այդ ամենը գրած կար: Դա լայնածավալ գրականություն է, որ փոխանցել եմ իրենց: Հիմա մյուս կողմի պաշտպանների ձեռքին է ամբողջ քրգործը, իրենք կտեսնեն ինչ գրականության մասին է խոսքը: Դա մեր առարկություններն էին ՄԻԵԴ-ին ներկայացված: Ես կարծում եմ, որ իրավական մեր մշակույթի մեջ ընդունված չի եղել եւ ձեր ասած տպավորությունները տարածողների մոտ, ըստ երեւույթին, իրենց պրակտիկայում երբեք  ընդունված չի եղել, որ փաստաբանը, զուտ լինելով անհատ, ինդիվիդուալ փաստաբան, կարող է իր պահանջները թելադրել թե՛ ՀՔԾ-ին, թե՛ դատախազությանը՝ այս կամ այն հարցի վերաբերյալ արտահայտվելու: Դա իմ հստակ դիրքորոշումն է եղել; Տուժողների վերաբերյալ քննարկումները հրապարակայնացնելը դա միայն իմ խոսելու, իմ ներկայացնելու հարցն է եւ ես այդպես էլ արել եմ»:

Aravot.am-ը հարցրեց՝ ՍԴ-ն ապաքաղաքական մարմին է, ձեր քաղաքական հայացքները չե՞ն խանգարելու ձեզ հետագայում՝ Վահե Գրիգորյանը պատասխանեց. «Նախ, եկեք արձանագրենք, որ ՀՀ-ում չկա մարդ, որ չունենա քաղաքական հայացքներ: Քաղաքական հայացք չունենալը ավելի ծանր մեղադրանք է, քան ունենալը՝ նույնիսկ դատավորի համար: Այլ խնդիր է, թե  որքանով են այդ քաղաքական հայացքներն ազդում դատավորի արդարադատության իրականացման վրա: Ես, իհարկե, ունեմ քաղաքական հայացքներ եւ չեմ կարող չունենալ: Դրանց մի մասի վերաբերյալ ես նաեւ բարձրաձայնել եմ: ՍԴ-ն ապակուսակցական քաղաքական մարմին է, բայց ասել, որ ՍԴ-ն ապաքաղաքական մարմին է, կներեք, էս պետությունում ամենաքաղաքական հարցերը որոշողը ՍԴ-ն է: Ընտրությունների արդյունքներ.այսինքն, ժողովրդի կողմից իշխանությունն ում է վստահում, վերջնական որոշումը ՍԴ-ին է»:

Հարցին՝ եթե իշխանության որեւէ ներկայացուցիչ փորձի զանգով արդարադատություն իրականացնել, դուք կասեք չէ՞, համոզվա՞ծ եք՝ Վահե Գրիգորյանը պատասխանեց. «Անցած տարիների, տասնամյակների ընթացքում դատավորների կերպարը, դատավորների վերաբերյալ ձեւավորած հանրային իմիջը, ընկալումն այնպիսին է, որ դատավորներին հնարավոր է զանգել: Եվ ես գիտեմ, որ դա պրակտիկա է եղել: Ես ԱԺ-ում եմ նաեւ շատ հստակ արտահայտվելու՝ ցանկացած որոշում լինելու է իմ որոշումը եւ ես երբեք չեմ արդարանալու, որ ես ճնշման տակ եմ եղել: Որ պահին որ ես ճնշման տակ եմ, ես այլեւս դատավոր չեմ լինի, եթե ես ընտրվեմ դատավոր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930