«Հունիսի 12-ին կառավարության նախաձեռնությամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հրավիրվել է բժիշկների կոնսիլիում, որին մասնակցել են նաեւ Առողջապահության նախարարության մասնագետները: Տրվել է եզրակացություն, համաձայն որի՝ Մանվել Գրիգորյանի ունեցած 30 հիվանդություններին ավելացել են եւս երեքը: Չեմ փորձի ասել, թե ինչ հիվանդությունների մասին է խոսքը, դրանք ծանր են, եւ դրանց հետեւանքը լինելու է անձի անդամահատություն՝ ձեռք, ոտք…Վիճակը դրան է հասել»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր այսպիսի ահազանգ հնչեցրեց Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ չնայած վերոնշյալին, քրեակատարողական հիմնարկի ղեկավարը գրությամբ պնդել է, թե «Դատապարտյալների հիվանդանոցում» բուժման անհրաժեշտ պայմաններ իբրեւ թե կան. «ՄԻՊ-ը եւս փաստել է, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» չկան պայմաններ Մանվել Գրիգորյանի համար, որին ողջ օրը արհեստական շնչառության սարքավորում է միացված: Ուղղակի հրահանգ կա հաշվեհարդար իրականացնել Մանվել Գրիգորյանի հանդեպ: Դիմում եմ ՀՀ իշխանությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եթե մոտակա ժամանակներում չպատժեք Մանվել Գրիգորյանի հանդեպ անօրինականություն կատարողներին, դիմելու եմ ՄԻԵԴ»:
Լեւոն Բաղդասարյանի խոսքով՝ երբ Մանվել Գրիգորյանին կալանավորեցին, նա չորս-հինգ հիվանդություն ուներ, իսկ մեկ տարվա կալանքի պատճառով դրանց թիվը գերազանցել է երեսունը. «Իսկ ՔԿՀ-ն ասում է՝ ի՞նչ է եղել, որ, տանենք մեր մոտ բուժենք…»:
Հիշեցնենք, որ ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթման եղանակով 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանն էլ մեղադրվում է ամուսնու եւ որդու՝ Արման Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, հափշտակությունների համար:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/404268350172418/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ