Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է պատճառներ փնտրել իր հայտարարած տնտեսական հեղափոխության հնարավոր ձախողումն արդարացնելու համար։ Որ Հայաստանի տնտեսության մեջ այս պահին ոչ մի հեղափոխություն էլ տեղի չի ունենում,կամ, որ նման բան տեսանելի չէ, փաստ է : Այն աճերը, որոնք ցույց է տալիս պաշտոնական վիճակագրությունը, և որոնք հետո տիրաժավորվում են տարբեր առիթներով տարբեր պաշտոնյաների կողմից, ընդհանրապես կապ չունեն տնտեսական հեղափոխության հետ։
Տնտեսական հեղափոխության շարժիչ ուժը չեն կարող լինել առևտուրն ու ծառայությունները։ Անիմաստ է խոսել նաև տնտեսության մեջ տեղի ունեցող բեկման մասին։
Ու որպեսզի հետո հնարավոր լինի արդարացումներ գտնել հայտարարված տնտեսական հեղափոխության ձախողումների համար, կարծես ուրվագծվում են նաև թիրախները։ Դրանցից մեկն էլ հավանաբար կլինի ռուսական գազի սպասվող թանկացումը, ինչը, ըստ Նիկոլ Փաշինյանի, կարող է կոտրել Հայաստանի տնտեսության բեկումը։
«Առաջին եռամսյակի արդյունքներով՝ Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 7,1 տոկոս։ Դա ցույց է տալիս, որ մենք տնտեսական բեկման հասնելու շատ լավ հնարավորություններ ունենք։ Մենք դա համարում ենք տնտեսական հեղափոխություն։ Եվ շատ կարևոր է, որ մենք կարողանանք համաձայնեցնել գազի այնպիսի գին, որպեսզի այդ գինը չկոտրի այն տեմպը, որը մենք ունենք տնտեսության մեջ»,– անդրադառնալով ռուսական գազի գնի հետ կապված խնդրին՝ օրերս հայտարարեց վարչապետը։
Կարդացեք նաև
Թե ի՞նչ տնտեսական բեկման կամ նման հնարավորության մասին է խոսում վարչապետը, թողնում ենք իրեն։ Տնտեսական աճի այն կառուցվածքը, որն առկա է, ընդհանրապես կապ չունի հեղափոխության կամ բեկման հետ։ Եթե նույնիսկ հավատալու լինենք Վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշին, ապա ստացվում է, որ բացարձակ առումով աճին նպաստել է երկու հիմնական ոլորտ, խոսքն առևտրի և ծառայությունների մասին է։
Աճի նման կառուցվածքը չի կարող բեկում ապահովել։ Եթե քայլեր չարվեն տնտեսության իրական հատվածում, ապա այն շուտով սպառվելու է՝ իր հետ տանելով նաև տնտեսական հեղափոխության միֆը։
Գազի գնի բարձրացումն արագացնելու է այդ պրոցեսը։ Ու չի բացառվում, որ այժմվանից փորձ է արվում չիրականացած տնտեսական բեկման պատասխանատվությունը տեղափոխել այլ հարթություն։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում