Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրեմն ինձ էլ կդատեն». Արծրուն Հովհաննիսյանի կատակը՝ ապրիլյան հանձնաժողովի հետ կապված

Հունիս 13,2019 12:46

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով ապրիլյան պատերազմի հանգամանքները հետաքննող ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին, ասաց. «ՊՆ-ն հասարակական պահանջին, քաղաքական իշխանության պահանջներին իր մասնակցությունը կունենա: ՊՆ ցանկացած աշխատակից, ծառայող, եթե բացատրություն տալու, կուտակած ինֆորմացիայի, մեր կատարած վերլուծությունների կարիքը կլինի, այդ ամեն ինչը կփոխանցենք: Մենք ուրախ կլինենք, ցավոք, պատերազմին բնորոշ էլեմենտ կա՝ հակառակորդի դրած ապատեղեկատվությունների ընկալումը, իսկ մեր հանրությունը, ցավոք, շատ էմոցիոնալ է այդ հարցերում, Աստված տա, էդ միֆերն էլ կկոտրվեն, որովհետեւ ցավոք, մեր հանրությունը կիսում է նաեւ հակառակորդի դրած միֆերը»:

Լրագրողները հարցրեցին՝ դուք աշխատել եք նաեւ նախկին նախարարների օրոք, ՊՆ-ի ներսում ապրիլյան պատերազմի հետ կապված ուսումնասիրությունների հետ կապված ի՞նչ կասեք, դրանք բավարա՞ր են՝ Հովհաննիսյանը պատասխանեց. «Այդ ուսումնասիրությունները ժամանակին որ արվել են, արվել են նույնքան ջանքով, եռանդով, նույնքան մղումով ու ազնվությամբ, ոչ մի կասկած չունեմ դրանում»:

Aravot.am-ը հարցրեց՝ քննիչ հանձնաժողովը ստեղծելու նպատակներից մեկն այն էր, որ ապրիլյան պատերազմը հարցեր էր առաջացրել, որոնց պատասխանները հանրությունը չունի առ այսօր ու պատասխանները ստանալու համար պետք է մանրամասն վերլուծություն՝ ձեզ համար ապրիլյան պատերազմի հետ կապված հարցեր կա՞ն, որոնց պատասխանները չունեք, թե՞ ՊՆ-ի ներսում լավ գիտեք ով ով է, ինչն ինչ է՝ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե հարցի քաղաքական կողմը մի կողք թողնենք, զուտ պրոֆեսիոնալ կողմին անդրադառնանք, դուք հիմա մասնագետին հարց եք տալիս՝ դուք գիտեիք ձեր գործունեության ընթացքում ինչ խնդիրներ ունեցաք ու արդյոք ճանաչո՞ւմ եք ձեր խնդիրները: Իհարկե, մասնագետը գիտի իր դրական կողմը, բացասական կողմը, դրական կողմին հասնելու ճանապարհը, բացասական կողմի պատճառները: Կարող է դա հարյուր տոկոսով չլինի, ինչ-որ բացեր կունենանաս, բնականաբար, բայց մեծ հաշվով պրոֆեսիոնալ զինվորականների մեծ մասը, իհարկե, գիտի»:

Մեր հարցին՝ ԱԺ-ում վարչապետի մակարդակով հայտարարվեց վառելիքի հետ կապված խնդրի մասին, դուք դրա մասին ի՞նչ գիտեիք՝ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես դրա մասին չեմ պատասխանի, դրանք ենթադրում են ե՛ւ հանձնաժողովի, ե՛ւ իրավական ոլորտի գործընթացներ: Բերեք ամեն ինչ թողնենք իր ժամանակին»: Մեր դիտարկմանը՝ եթե պարզվի, որ հանցագործության մասին դուք տեղյակ եք եղել եւ չեք ասել, հնարավոր է, դուք էլ…Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց. «Ուրեմն ինձ էլ կդատեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930