Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կապահովվի խնամատար ընտանիքի ինստիտուտի առավել հասցեական և անհրաժեշտ ծառայությունների մատուցումը

Հունիս 13,2019 12:27

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին կատարած համատեղ աշխատանքի համար և մաղթել հաջողություն: «Այսօր մեր կառավարության առաջին նիստն է, որ անցկացնում ենք առանց արդարադատության՝ այժմ արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի: Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի Հայաստանի Հանրապետությունում պետության կառավարման և պետության հետագա զարգացման ու շինարարության գործում»,-նշել է կառավարության ղեկավարը:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տեսչական մարմնի կողմից չափագիտության ոլորտում իրականացվող վերահսկողության արդյունավետության բարձրացում:

«Առաջարկվում է վերացնել գործող օրենսդրությամբ չափագիտական վերահսկողություն իրականացնելու համար ստուգումը սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու մասին սահմանված պահանջը՝ հաշվի առնելով, որ տնտեսվարող սուբյեկտները, նախապես տեղեկանալով ստուգման մասին, սահմանված նորմերին, չափագիտական վերահսկողության ենթակա օբյեկտների թերությունները վերացնում են և պահանջվող նորմերին համապատասխանեցնում են միայն տվյալ օրը»,- նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտնել է, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարբերաբար ահազանգեր է ստանում բենզալցակայաններում ու գազալցակայաններում թերլցումների վերաբերյալ: «Փաստացի գործող կարգավորումները՝ մասնավորապես եռօրյա ծանուցման պահանջը, գործնականում անհնարին են դարձնում բացահայտել և արձանագրել այդ խախտումները: Առաջարկվող օրենքի փոփոխությամբ, փաստացի, կարողանում ենք այդ խոչընդոտները վերացնել»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը:

Կառավարությունը հավանություն է տվել նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և առաջարկություններ ներկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ առաջարկվել է Ազգային ժողովի նախագահին հունիսի 28-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան:

Կապահովվի խնամատար ընտանիքի ինստիտուտի առավել հասցեական և անհրաժեշտ ծառայությունների մատուցումը

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ ՀՀ-ում երեխաներին խնամատար ընտանիք հանձնելու վերաբերյալ օրենսդրության վերանայման և բարեփոխման անհրաժեշտությամբ պայմանավորված: Հաստատվել են, մասնավորապես, խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման և վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը: Կարգի նպատակն է նպաստել երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը և զարգացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ձևերը: Որպես խնամատար ընտանիքի ինստիտուտի արդյունավետության բարձրացման նախապայման, կարգով հստակ սահմանվում են խնամատարության տարբեր ձևերը և տեսակները, խնամատար ընտանիքների վերահսկողության և խնամատար ծնողների վերապատրաստման կարգը: Որոշմամբ, մասնավորապես, երեխայի խնամքի և դաստիարակության համար տրամադրվող ֆինանսական միջոցների չափը մասնագիտացված և ընդհանուր տիպի խնամատար ընտանիքներում նախատեսվում է սահմանել մեկ երեխայի հաշվարկով մեկ ամսվա համար 60.8 հազար դրամ կամ մեկ օրվա ծախսը 2.0 հազար դրամ: Երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության չափերն առաջարկվում է տարանջատել ըստ մասնագիտացված և ընդհանուր բնույթի խնամատար ընտանիքների: Արդյունքում ակնկալվում է, մասնավորապես, օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին և կանոնակարգել երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության տրամադրման մեխանիզմները:

Այլ որոշումներ

Գործադիրը որոշել է պահուստային ֆոնդից գումար հատկացնել ՀՀ քննչական կոմիտեին՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի, Լոռու մարզային քննչական վարչության և Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի վարչական շենքերի կապիտալ հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքներն իրականացնելու համար: Արդյունքում՝ կապահովվի կոմիտեի վերոնշյալ տարածքներում աշխատանքների բնականոն ընթացքը:

Կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Լիկվոր» ՓԲԸ կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ: Ընկերության տրամադրած տեղեկատվության համաձայն` ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 4 նոր աշխատատեղ և իրականացվել 1,722,761 ՀՀ դրամի ներդրում:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930