Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՔՊ-ի համար Աբովյանը մարտահրավեր է. «Ժամանակ»

Հունիս 13,2019 12:13

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով Աբովյանի քաղաքապետի ընտրության մասին, արել է բավականին ուշագրավ հայտարարություն այն մասին, որ ՔՊ անդամ Սասուն Միքայելյանը Աբովյանի ընտրությանը չի աջակցել իրենց թեկնածուին, և այդ հարցը կքննարկվի կուսակցության վարչության նիստում: Այն, որ Աբովյանի քաղաքապետի ընտրության հարցում կուսակցության ներսում առկա էին տարբերվող կարծիքներ, և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և Կոտայքում իր ազդեցության շրջանակով հայտնի ՔՊ-ական, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի մոտեցումները, և անգամ թեկնածուների հարցում նախընտրությունները տարբեր էին, գրվել է մամուլում, երբ դեռ որոշված չէ ՔՊ թեկնածուն: Աբովյանի ընտրության հայտնի արդյունքից հետո, անդրադառնալով թեմային, հիշատակեցինք, որ արդյունքը՝ ՔՊ թեկնածուի պարտությունը, անկասկած կարող է բերել կուսակցության ներսում քննարկումների, ինչն էլ իր հերթին կարող է բերել ներկուսակցական ազդեցության փոփոխության, ներքին ուժերի հարաբերակցության փոփոխության: Իսկ հաշվի առնելով այն, որ խոսքը կառավարող ուժի մասին է, եզրակացնում ենք, որ ներքին այդ փոփոխությունները բնականաբար կարող են արտահայտվել նաև պետական կառավարման գործընթացի վրա:

Ի վերջո, դա բնականոն երևույթ է բոլոր պետություններում: Ավելին, զարգացած պետություններում հարցը նույնիսկ ինստիտուցիոնալացված է, որպեսզի պետական կառավարման վրա կառավարող ուժի ներքին փոփոխությունները ունենան «օբյեկտիվ» և պատասխանատու ազդեցություն, ոչ թե ինտրիգային-կուլիսային: Օրինակ՝ դրանցից է ներկուսակցական փրայմերիզների ինստիտուտը, որ հաստատուն կիրառվում է Միացյալ Նահանգներում: Կան նաև այլ մեխանիզմներ, որպեսզի կուսակցությունների ներսում տեղի ունեցող վերափոխումները պատասխանատու կերպով արձանագրվեն հանրության առաջ, հետո կառավարման համակարգում արտահայտվելու դեպքում հանրության առաջ պատասխանատու մնալու համար: Ինչ շեշտադրումներով է դրվելու Սասուն Միքայելյանի հարցը ՔՊ վարչությունում: Ի վերջո, եթե մենք խոսում ենք ներկուսակցական ժողովրդավարության ինստիտուտի կարևորության մասին, ապա դա թերևս պետք է ենթադրի նաև ազատություն այս կամ այն քաղաքական ակցիայի կամ գործընթացի հարցում:

Արդիականացումը պետք է սկսել կուսակցական արդիականացումից, և այդ իմաստով, կառավարող կուսակցությունն ունի պատասխանատվության առաջնային բաժին: ՔՊ համար Աբովյանը մարտահրավեր է: Ի՞նչ կառաջարկի կառավարող ուժը հանրությանը այդ հարթության վրա: Հատկապես, եթե նկատի առնենք այն, որ հետհեղափոխական օրակարգի հիմնարար հարցերից է «Կուսակցությունների մասին» օրենսդրությունը: Ի վերջո, եթե ՔՊ-ն դժգոհ է այն հանգամանքից, որ Աբովյանում հաղթել է փաստացի օլիգարխի աջակցությունը վայելող թեկնածուն, ապա կա օլիգարխիկ բաղադրիչը քաղաքականությունից հեռացնելու երկու տարբերակ՝ կամ ոստիկանական ուժ, կամ քաղաքական մեխանիզմներ, օրենսդրություն, որը փոխհամաձայնությամբ կտարանջատի քաղաքականությունն ու բիզնեսը՝ սահմանելով այնպիսի նշաձողեր, որոնք կբացառեն խոշոր կապիտալի վրա հիմնված քաղաքական միավորների կամ խմբերի ձևավորում ու գործունեություն:

 

 

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930