Առողջապահական խորհրդի նիստին, որի նախագահը նախարար Արսեն Թորոսյանն է, հունիսի 1-ին բանավեճ է տեղի ունեցել Արսեն Թորոսյանի եւ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար էդգար Խուրշուդյանի միջեւ։Նրանց հարաբերությունների լարվածությունը նկատել են անգամ ոլորտից հեռու անձինք։ Թորոսյանը վրդովված է եղել, թե ինչու է տեսչական մարմնի ղեկավարը տուգանել իր նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանին, իսկ երբ էդգար Խուրշուդյանն ասել է, որ այլ բան չէր կարող անել՝ կար քաղաքացու ահազանգ, նախարարը բղավել է՝ «պասլատ անեիր» այդ քաղաքացուն։ Ի դեպ, խոսքն այն մասին է, որ Վահե Տեր-Մինասյանը գարդասիլի պատվաստանյութի գովազդ է արել եթերում։ Զրուցեցինք ԱԱՏՄ պետ էդգար Խուրշուդյանի հետ։
– Մեզ պատմեցին, որ խորհրդի երեկվա նիստը հարթ չի անցել՝ Ձեր եւ Արսեն Թորոսյանի միջեւ տհաճ խոսակցություն է եղել։
– Կայացած խորհրդի նիստին մենք ունեցել ենք աշխատանքային քննարկումներ, եղել են հարցեր, որոնք վերաբերել են ե՛ւ տեսչական մարմնին, ե՛ւ նախարարությանը. ոլորտն առողջապահությունն է, երկուսս էլ առնչվում ենք։ Աշխատանքային քննարկում է եղել, հարցեր, որոնք մինչ այդ առիք չէինք ունեցել քննարկել։ Կարող է ինչ-որ մարդկանց կողմից դա դիտվել է որպես բարձր տոներով խոսակցություն, բայց իրականում եղել է հարց-պատասխան, որոշակի դժգոհություններ, որոշակի բացատրություններ, որոշակի հիմնավորումներ, որպեսգի այդ ամեն ինչը պարզ լինի բոլորի համար։ Ինչը մինչ այդ էլ արվել էր անհատական զրույցների ժամանակ։ Նախարարի հետ էդ ամենը խոսվել էր, ներկայացվել էր, ասվել էր։
– «Որոշակի դժգոհություն» ասելով, նկատի ունեք Թորոսյանի դժգոհությունը, եւ Դուք փորձել եք արդարանալ։
Կարդացեք նաև
– Եթե խոսում ենք արդարանալու մասին, տեսչական մարմնի ղեկավարն արդարանալու առիթ եւ…
– Բացատրություն տալու…
– Բացատրություն տալու եւս կարիք չունի, այսպես ասած։ Եթե կան հարցեր, դա կմեկնաբանվի, հիմնավորումները կտրվեն, թե որ գործողությունն ինչ իրավական հիմքերով է կատարվել, որպեսզի թյուր կարծիք չառաջանա։ Հնարավոր է մամուլում էլ ինչ-որ կիսատ-պռատ տեղեկություններ շրջանառվեն, որ տեսչական մարմինն ինչ-որ գործողություններ է անում, որոնք իրավական հիմք չունեն։ Իրականում մենք շատ ենք խստացրել ներքին հսկողությունը, որպեսզի գործողությունները, որ արվում են, լինեն բացառապես օրենքի սահմաններում։ Բացառապես։ Սա հստակ կրկնում եմ, ու չկա որեւէ գործողություն, որի համար տեսչական մարմինը չկարողանա հիմնավորում տալ իրավական դաշտում, գործող օրենքների շրջանակում։ Այլ հարց, որ կան որոշակի օրենքներ՝ նախկինից գրված, նույնիսկ 90-ականների օրենքներ ունենք, որոնք ակտուալ չեն, որոնց պատասխանատուն իրականում մենք չենք։ Եվ նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանի հետ կապված էլ մենք պարզաբանումը տվել ենք, թե խնդիրն ինչ էր։ Պարոն նախարարն անընդհատ նշում էր, որ այդտեղ միտում կա, որ կոնկրետ Վահե Տեր-Մինասյանի համար է արվել եւ ինչու իր կամ այլ անձանց հանդեպ չի արվել, ովքեր եւս խոսել են տվյալ պատվաստանյութի մասին՝ տեղեկատվություն տարածել։ Հարցն այն է, որ ունեցել ենք կոնկրետ դիմում, եւ պարոն նախարարը տեղյակ է եղել, որ քաղաքացուց ունեցել ենք դիմում։ Եվ դեղերի մասին օրենքում հստակ ամրագրված կետ ունենք, որ դեղատոմսով դուրս գրվող դեղերի մասին լրատվական միջոցներով տեղեկատվություն տարածելն արգելվում է։ Խնդիրը շատ պարզ է, հստակ։ Չեմ կարծում, որ կլինի որեւէ անձնավորություն, որն այդ հաղորդաշարը դիտելուց կարողանա ասել, որ նշածս կետով խախտում չկա։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում