«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, ով հայտնի է որպես Մխիթար Հայրապետյանի կուրսեցի, ոչ վաղ անցյալում ղեկավարել է կուսակցություն՝ «Ժողովրդավարական Հայաստան» անվանումով, որի անդամ են եղել իշխանության այսօրվա ներկայացուցիչներից շատերը՝ Մխիթար Հայրապետյանը, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը եւ այլք։ Ավելին, տարիներ առաջ մամուլի ասուլիս տալով՝ նրանք չէին բացառել, որ կարող են աջակցել ՀՀԿ նախագահի թեկնածուին՝ համարելով, որ բոլոր կուսակցությունները գործում են ազգային շահին համապատասխան։ «Ամեն ինչ պարզ կդառնա համագումարից հետո, սակայն տեսականորեն բոլոր քաղաքական ուժերի հետ էլ կարող ենք համագործակցել, քանի որ բոլոր կուսակցությունները գործում են ազգային պետական շահին համապատասխան. համենայնդեպս՝ այդպես գրված է նրանց ծրագրերում»,– ասել էր Մխիթար Հայրապետյանը։ Թե ինչպես հայտնվեցին Նիկոլ Փաշինյանի կողքին եւ այլ հարցերի մասին զրուցեցինք Վաղարշակ Հակոբյանի հետ։
– Ինչպե՞ս ստացվեց, որ հրաժարվեցիք Ձեր կուսակցությունից ու հանգրվանեցրք ՔՊ-ում։
– Այո, տարիներ առաջ ես, Մխիթար Հայրապետյանը, Տրդատ Սարգսյանը եւ հասարակական դաշտում տարբեր գործունեություն ծավալող անհատներ հավաքվել էինք միեւնույն գաղափարի շուրջ։ Այո, որոշ մարդիկ վերջերս փորձեցին շահարկել մոտավորապես այսպես. «Վաղոն ու Մխոն, երբ Սերժ Սարգսյանը նրանց համար դեռ հեղինակություն էր…»։ Այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։
– Բայց համացանցում տեսանյութեր հայտնվեցին, որտեղ Դուք եւ Մխիթար Հայրապետյանն է ասում եք, որ չեք բացառում ՀՀԿ-ի թեկնածուին աջակցությունը, քանի որ բոլոր կուսակցությունները գործում են ազգային պետական շահին համապատասխան։ Իհարկե, Սերժ Սարգսյանի անունը չեք տալիս, բայց բոլորը գիտեին, որ նա է լինելու։
Կարդացեք նաև
– Սերժ Սարգսյանի անունը չի հնչել, այն ժամանակ դեռ նրա թեկնածությունը չէր առաջադրվել։ 2012, թե 2013 թվականներին մի խումբ երիտասարդներով մենք փորձում էինք ազդեցություն ունենալ քաղաքական պրոցեսների վրա, եւ վերջնարդյունքում, կարծում եմ, դա մեզ հաջողվեց։
– Բայց որ պրոցեսների վրա էիք ուզում ազդեցություն ունենալ, եթե չէիք բացառում ՀՀԿ-ի թեկնածուին՝ Սերժ Սարգսյանին աջակցելու հեռանկարը։
– Ես կրկնում եմ՝ Սերժ Սարգսյանի անունը չի հոլովվել, պրոցեսները նոր պետք է սկսվեին։
– Ամեն դեպքում, դուք ՀՀԿ-ի թեկնածուին պատրաստ էիք աջակցել։
– Ոչ, ոչ, որոշված կոնկրետ բան չկար… Մեր որոշումը կայացվեց այնպես, որ բոլորն իմացան, մեր կազմակերպության որոշ մասը միացավ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի նախաձեռնած «Քաղաքացիակաև պայմանագիր» շարժմանը, որից հետո՝ 2015-ին, մեր տղաները կանգնած էին ՔՊ-ի ստեղծման ակունքներում։ Ես մի քիչ ավելի ուշ միացա նոր ձեւավորվող կուսակցությանը, քանի որ մի որոշ ընթացք զբաղվում էի գիտությամբ, սովորում էի ասպիրանտուրայում եւ զբաղված էի ատենախոսություն գրելով, եւ մենք բոլորս միասին ենք, աշխատում ենթ միեւնույն կուսակցության շարքերում, միեւնույն թիմում եւ փորձում ենք մեր ամենօրյա աշխատանքներով ի նպաստ բերել մեր երկրին:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում