Այսօր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցում էր ԱԺ երկու հանձնաժողովների համատեղ փակ նիստին: Խոսքը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների մասին է:
Ուշագրավ է, որ հանձնաժողովների նախագահները չկային, իսկ հանձնաժողովների անդամներից մատների վրա հաշված մարդիկ էին ներկա:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Դավիթ Տոնոյանը հարցին՝ ապրիլյան պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը կա՞ր ըստ ձեզ՝ պատասխանեց «Եթե հանրային պահանջը կա, կարծում եմ, կա դրա անհրաժեշտությունը, եթե հանրային պահանջ գոյություն ունի»: Հարցին՝ իսկ կա՞ հանրային պահանջ ու հանձնաժողովն ի՞նչ կտա՝ նախարարը պատասխանեց. «Եթե հանրությանը կբավարարեն այն պատասխանները, որոնք կլինեն հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, իհարկե, բոլոր այն հարցերը, նաեւ այն հարցերը, որոնք մեր հակառակորդի տեղեկատվական հոսքերի արդյունքում են առաջացել մեր հանրության մեջ, դրանք կփարատվեն»:
ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ ՊՆ-ի ներսում ինքը ապրիլյանի հետ կապված ուսումնասիրություններ արել է: Տոնոյանն այս առնչությամբ հաստատեց՝ «Այո, ուսումնասիրություններ առկա են եւ դրանք կտրամադրվեն հանձնաժողովին»:
Կարդացեք նաև
Հարցին՝ եթե դրանք արժանահավատ էին, էլ ԱԺ-ում հանձնաժողով ստեղծելու ի՞նչ անհրաժեշտություն կար՝ Տոնոյանը պատասխանեց «Արժանահավատությունը դա մասնագիտական վերլուծություն է, որը հանրության համար բաց չէր: Այդ վերլուծությունը կտրամադրվի հանձնաժողովին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ