ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակեց «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանի եւ կանադահայ բարերար Արփի Մերասի գործով վճիռը: Դատարանն ուժի մեջ թողեց այս գործով առաջին ատյանի դատարանի վճիռը:
Հիշեցնենք, 2018 թվականի մայիսի 30-ին Երեւան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի վճռով «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանն արդարացվել էր: Առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն առանց քննության էր թողել Մարինա Պողոսյանի դեմ ներկայացված 57 մլն դրամի քաղհայցը։ Իրավապաշտպանին`ուրիշի գույքը ապօրինի վաճառելու եւ գումարը յուրացնելու մեղադրանք էր ներկայացվել: Խոսքը 140 հազար ամերիկյան դոլարի մասին է: Մեղադրողն էլ կանադահայ բարերար Արփի Մերասն էր:
Արփի Մերասը, գործի քննության ընթացքում, ավարտեց իր երկրային կյանքը: Դատական վեճն իբրեւ իրավահաջորդներ շարունակում են Արփի Մերասի որդիները: Վերջիններս Մարինա Պողոսյանի համար յոթ տարի ազատազրկում են պահանջում:
Մարինա Պողոսյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ որոշումն իրենց համար սպասելի էր, քանի որ առաջին ատյանի դատարանի դատավճիռը հիմնավոր էր եւ Մարինա Պողոսյանի մեղքն ապահովող ուղիղ ապացույց չկա: Գործն էլ, ըստ Լիպարիտ Սիմոնյանի, իր բնույթով քաղաքացիաիրավական է, ոչ թե քրեական:
Կարդացեք նաև
Տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Հրանտ Անանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի նման որոշումն իր համար անսպասելի է: «Բնականաբար բողոքարկելու ենք վճռաբեկ դատարան»,- ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ