Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. Այս փոփոխությունները երբևէ չեն կարող խթանել տնտեսական զարգացումը. «Փաստ»

Հունիս 13,2019 10:12

Թեև Հարկային օրենսգիրքն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է, այդուհանդերձ, այն շարունակում է փորձագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում լինել: Քննարկման ու խնդրահարույց հարցերի շարքում հատկապես եկամտային հարկի համահարթեցման դրույթն է, ինչպես նաև որոշ ապրանքատեսակների ակցիզային հարկի բարձրացումը: Անդրադառնալով նախ համահարթեցման վերաբերյալ կառավարության հիմնավորումներին, դրանք տեղավորելով հայկական իրականության մեջ` տնտեսագետ Վարդան Բոստանջյանը այն եզրակացությանն է գալիս, որ դա մեր երկրի դեպքում կիրառելի չէ:

«Եկամտային հարկի համահարթ մոտեցման դեպքում ակնհայտորեն առաջանում են սոցիալական արդարության և եկամուտների բևեռացվածության հարցերը: Տնտեսական արդյունավետության տեսանկյունից եկամտային հարկերը համարվում են կարևոր գործոն, քանի որ դրանք ուղղակիորեն ազդում են ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կատարվելիք ներդրումների, խնայողությունների, ինչպես նաև աշխատանքի շուրջ կայացվելիք որոշումների վրա: Տեսականորեն համարվում է, որ համահարթ հարկման համակարգը նվազեցնում է հարկային արբիտրաժի կիրառումը ու մեծացնում է նաև բարձր որակավորում ունեցող անձանց ներգրավվածությունն աշխատանքի շուկայում: Եվ սա հատկապես այն պարագայում, երբ աշխատուժի առաջարկը մեծ էլաստիկություն ունի: Այս առումով, սակայն, հարկ է նշել, որ հարկային արբիտրաժի կիրառման հնարավորությունը Հայաստանում հիմնականում անարդյունավետ հարկային վարչարարության արդյունք է, իսկ աշխատուժի առաջարկը մեզ մոտ ունի շատ ցածր էլաստիկություն, քանի որ որակավորված մասնագետների թիվը գրեթե բոլոր ոլորտներում շատ փոքր է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Նա հավելեց, որ նշվածի առումով կոնկրետ համահարթեցման վերաբերյալ փոփոխության հիմքում դրված գիտական հիմնավորումը չափազանց թույլ է: «Հիմա, փաստորեն, իրենք ևս հասկացել են, որ սա, ըստ էության, չի կարող բարեփոխումների ցանկալի ուղղություն լինել, բայց, այդուհանդերձ, համառորեն չեն ուզում իրենց սխալից հետ կանգնել: Բացի այդ, ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ սա ուզում են կոմպենսացնել, ինչի համար ակցիզային դրույքաչափերն են բարձրացնում և նոր ակցիզներ սահմանում: Փաստորեն, ստացվում է՝ աչքը սարքելու տեղն ունքն էլ են հանում: Հիմա ես ուզում եմ զուտ մի բան ասել՝ չէ՞ որ սա մեր երկիրն է: Չե՞ն հասկանում, թե՞ մտածված են անում, դա արդեն չեմ կարող ասել»,-ասաց մեր զրուցակիցը:

Հարկային օրենսգրքի մասին խոսելով արդեն ավելի լայն համատեքստում՝ Վարդան Բոստանջյանը ընդգծեց. «Ըստ էության, այդ ամենը կարելի է որակել հապշտապ, մակերեսային մոտեցման տրամաբանության մեջ: Ցանկացան շուտափույթ քայլ անել, բայց ինչպես բոլոր դեպքերում, այս պարագայում ևս չստացվեց: Խոշոր առումով առանձին վարձատրվող մարդկանց իբր ուզում էին ցույց տալ, թե իջեցնում են իրենց հարկումը, բայց, արի ու տես, դա ոչ թե օգուտ, այլ վնաս է: Իսկ ավելի գլոբալ, համակարգային առումով սա այն փոփոխությունը չէ, ինչի մասին մենք ենթադրում ու մտածում էինք: Իհարկե, համահարթեցումը խոսակցությունների, քննադատությունների հիմնական ծանրաբեռնվածությունն իր վրա վերցրեց, բայց այնտեղ, այսպես ասած, տարբեր վայրիվերումներ գոյություն ունեն: Իմ խորին համոզմամբ՝ այս փոփոխությունները երբևէ չեն կարող խթանել տնտեսական զարգացումը»:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930