Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորը՝ Սասուն Խաչատրյանի համար ընդունելի է

Հունիս 13,2019 13:30

Ինչպես հայտնի է, 2008 թվականի մարտի մեկին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանին կալանավորել են: Մարտիմեկյան արյունալի իրադարձություններից 11 տարի անց սա առաջին ձերբակալությունն ու կալանքն էր՝ սպանությունների մասով:

Նրա պաշտպանը՝ Վաղարշակ Գեւորգյանը հայտարարում է, որ Պետրոսյանն առաջադրված մեղադրանքի հետ որեւէ առնչություն չունի: Նրա խոսքով՝ «Իմ պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, չի ընդունելու, որովհետեւ այդպիսի դեպք իր հետ կապված չի եղել: Կարելի է ասել՝ ենթադրությունների վրա է կառուցված մեղադրանքը, հիմքում դրել են մեկ հոգու հայտնած տեղեկություն»:
Գեղամ Պետրոսյանի կալանավորումը, որը մի շարք հարցեր է առաջացնում, բնականաբար, պահանջում է լուրջ հիմքեր:

Եվ ահա նախօրեին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում, երբ նրանից փորձեցինք իմանալ՝ Գեղամ Պետրոսյանն ընդունե՞լ է, որ հենց ինքն է կրակել ու սպանել Զաքար Հովհաննիսյանին՝ պատասխանեց. «Գեղամ Պետրոսյանը ցուցմունքներ չի տալիս»: Երբ հարցրեցին՝ եթե ցուցմունք չի տալիս, ունե՞ք ապացույցներ, որ հենց իրեն կցված հրազենից է կրակոցն արձակվել ու սպանել՝ Սասուն Խաչատրյանը, որպես հիմնավորում, որ իրենք ճիշտ են, այսպիսի բացատրություն տվեց. «Քրեական դատավարությունում որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը ապացույցների բավարար համակցությունն է, այսինքն, այդ համակցության առկայության դեպքում է միայն հնարավոր անձին ներգրավել՝ որպես մեղադրյալ եւ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել: Դուք էլ գիտեք, որ դատարանը կալանքը կիրառելու միջնորդությունը բավարարել է, այսինքն, դատարանը խափանման միջոց կիրառելիս, հատկապես խոսքը վերաբերում է կալանքին, պատասխանում է երկու հարցի՝ արդյոք կա՞ խափանման միջոց կալանք կիրառելու պայմանը, այն է՝ հիմնավոր կասկածը եւ խափանման միջոցի հիմքը, այսինքն՝ խուսափելու ու քննությանը խոչընդոտելու հիմքերը: Դատարանը գտել է, որ առկա է ե՛ւ պայմանը՝ հիմնավոր կասկածը, ե՛ւ հիմքը: Այսքանից ավելի չեմ ցանկանում ոչինչ ասել՝ զուտ նախաքննության շահերից ելնելով»:

«Առավոտը» ՀՔԾ պետին հարցրեց՝ դուք, հիմնավորելու համար ձեր մեղադրանքը, հղում եք անում մի մարմնի, որի հետ կապված իր հստակ տեսակետն ու կասկածը հայտնել է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա խամաճիկային էր որակել մեր դատարանները, ասել էր, որ դատարանները չեն վայելում ժողովրդի վստահությունը, խոսել էր դատավորներին վեթթինգի ենթարկելու մասին, ու հիմա ինչքանո՞վ է արժանահավատ այդ «խամաճիկային» դատարանների որոշումը, որին դուք հղում եք անում: Նա պատասխանեց. «Կոնկրետ այս դեպքում դատարանի որոշումը իմ կարծիքով, իմ դիտարկմամբ՝ օբյեկտիվ է»: Մեր զարմանքին, որ այսինքն, պիտի ըստ մեր ցանկության ու սուբյեկտիվ ընկալման որոշենք՝ որն է օբյեկտիվ, որը ո՞չ, դատավոր Դավիթ Գրիգորյանի դեպքում, որը կալանքից ազատեց Ռոբերտ Քոչարյանին, ասենք՝ օբյեկտիվ չէր, այս մի դատավորին ասենք օբյեկտի՞վ է, դատարանը դատարան է, ի՞նչ տարբերություն, կամ հավատում ենք դատարանին ու նրա որոշումներին, կա՛մ չենք հավատում՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Ո՞նց թե ինչ տարբերություն, այսինքն, դուք գտնում եք, որ չի՞ կարող լինել դատավոր, որն օբյեկտիվ լինի, կամ լինի դատավոր, որը լինի սուբյեկտի՞վ, ինչի՞ մասին է խոսքը»: Մեր հարցին՝ բա մենք այդ սահմանը ո՞նց որոշենք՝ ո՞րն էր սուբյեկտիվ, որը՝ չէ՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Այդ սահմանը զուտ գնահատողական է, ուրիշ բան չենք կարող ասել: Տվյալ դեպքում վարույթն իրականացնող մարմինը ներկայացրել է իր ապացույցները, իր հիմնավորումները, դատարանը դա ընդունել է: Մեր համար դա ընդունելի է: Ի՞նչ պատասխան եք ուզում ինձանից լսել: Տվյալ դեպքում ես գտնում եմ, որ դատարանի որոշումը հիմնավոր է»:

Դիտարկմանը, որ այդ դեպքում հանրությունը վստահություն չի կարող ունենալ, որովհետեւ վարչապետն էլ է ասել՝ մեր դատարանները չեն ներկայացնում ժողովրդի շահը՝ Սասուն Խաչատրյանն արձագանքեց. «Ընդհանուր բոլոր դատավորների մասով նույն բանն ասել չի կարելի: Բոլոր տեղերում կան մարդիկ, որոնք որոշումները կայացնում են ազնիվ եւ անաչառ, ոչ միայն դատական համակարգում, բոլոր համակարգերում էլ կլինեն մարդիկ, որոնց սուբյեկտիվությունը……հետո սուբյեկտիվությունը հատուկ է, չէ,՞ մարդուն»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

13.06.2019 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930