Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր թատրոնի աշխատակիցը Վճռաբեկ դատարանում էլ հաղթեց

Հունիս 13,2019 13:00

Մայիսի 22-ի որոշումը տրվել է արդեն կողմերին: Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմի կառավարման բաժնի նախկին պետ Վահե Մովսիսյանը վիճարկել էր տնօրենի՝ թիվ 66-Ա հրամանը՝ իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ: Կային հրամանը «նախապատրաստող» այլ հրամաններ էլ՝ նկատողություն, խիստ նկատողություն, որոնք նույնպես վիճարկվել են դատարաններում: ՀՀ վճռաբեկ ատյանը մերժել է սունդուկյանցիների բողոքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական եւ դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության էության խաթարումը հիմնավորած համարելու համար»:
Հիշեցնեմ, որ 2018 թվականի օգոստոսի 3-ի վճռով հայցվոր Վահե Մովսիսյանը վերականգնվել է նախկին աշխատանքում եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Մայր թատրոնից գումար բռնագանձելու վճիռ է կայացվել: Անվավեր էր ճանաչվել «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի՝ ի դեմս տնօրեն Վարդան Մկրտչյանի, նկատողություն տալու մասին 23.03.2018 թվականի թիվ 66-Ա հրամանը, խիստ նկատողություն տալու մասին թիվ 70-Ա հրամանը, աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 20.04.2018 թվականի թիվ 85-Ա հրամանը, եւ Վահե Մովսիսյանը կվերականգնվի նախկին աշխատանքում՝ սկսած 20.04.2018 թվականից բռնագանձելով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով հաշվեգրման ենթակա գումարը:

Վճռվել էր թատրոնից հօգուտ Վահե Մովսիսյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Նշված վճռի դեմ 2018 թվականի օգոստոսի 30-ին «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք: Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել դատական առաջին ատյանի վճիռը:
Ըստ դատարանում առկա գործի տվյալների, Վահե Մովսիսյանի եւ «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի միջեւ կնքվել է թիվ 335 աշխատանքային պայմանագիրը, որի համաձայն՝ Վ. Մովսիսյանն ընդունվել է աշխատանքի՝ որպես անձնակազմի կառավարման բաժնի պետ: 2017թ.-ին թատրոնի տնօրեն է նշանակվել Վարդան Մկրտչյանը: Վերջինս 2018թ. մարտի 17-ի թիվ 62-Ա հրամանով հանձնարարել է հայցվորին, որպեսզի կազմակերպության աշխատողների անձնական գործերը, աշխատանքի նկարագրերը, աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանները, հրամանները եւ հրամանագրքերը հանձնի իրեն՝ կազմակերպության տնօրենին: Հայցվորի կողմից ընդունված հրամանի վրա գրավոր ձեւով առաջարկվել է կազմակերպության տնօրենին՝ առաջնորդվել ընդունված ընթացակարգով եւ պահանջվող փաստաթղթերի հանձնումը պատշաճ իրականացնելու համար հրավիրել հանձնաժողով եւ կազմել փաստաթղթերի հանձնման-ընդունման ակտ: Պատասխանողը մերժել է սահմանված կարգով իրականացնել պահանջվող փաստաթղթերի հանձնումը եւ իր թիվ 66-Ա հրամանով հայցվորին նկատողություն է տվել: Նկատողություն տալու հաջորդ օրը պատասխանողն իր այլ աշխատակիցների հետ առանց ընդունման-հանձնման ակտի Վ. Մովսիսյանի աշխատասենյակում գտնվող սունդուկյանցիների անձնական գործերը հավաքել եւ տեղափոխել են տնօրենի աշխատասենյակում գտնվող «անվտանգության պահարան»:

Վ. Մովսիսյանը դատարանին հայտնել էր, որ 21.03.2018թ.-ին դիմում է ներկայացվել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի արհեստակցական միությանը՝ աշխատանքային հարաբերություններից բխող խնդիրները բարձրաձայնելու եւ դրանց լուծում տալու համար: Նա տնօրենի 2018թ. մարտի 30-ի թիվ 70-Ա հրամանով ստացել էր խիստ նկատողություն: Վահե Մովսիսյանը նկատողություն էր ստացել, քանի որ ըստ պատասխանողի. «չէր կատարել 17.03.2018 թվականին ընդունված թիվ 62-Ա հրամանով սահմանված հանձնարարությունը, այն է՝ պատասխանող կազմակերպության աշխատողների գործերը, աշխատանքի նկարագրերը, աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանները, հրամանները եւ հրամանագրերը ենթադրաբար չէր հանձնել կազմակերպության տնօրենին»:

Նշեմ, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Զարգարյանն արձանագրել էր, որ պատասխանողի ներկայացուցիչը գործի քննության ընթացքում ընդունել է այն հանգամանքը, որ Վ. Մովսիսյանի կողմից վերոնշյալ հանձնարարությունը կատարվել է. «Փաստաթղթերը մաս առ մաս հանձնվել են պատասխանող կազմակերպության տնօրենին»: Նկատենք, որ վերաքննիչ բողոքում թատրոնի ներկայացուցիչը դիրքորոշում էր արտահայտել այն մասին, որ հայցվորի կողմից փաստաթղթերը տնօրենին հանձնելու հրամանը չի կատարվել:
Բողոքաբեր թատրոնը «մեղադրել» էր Վահեին, որ տեղեկություններ է փոխանցել: Այո, Վահե Մովսիսյանը հաստիքների աշխատավարձի վերաբերյալ է տեղեկություն «փոխանցել» թատրոնի ներսում՝ արհեստակցական միությանն ուղղված իր դիմումով: «Դիմումում առկա չէ որեւէ տեղեկատվություն, որը թույլ կտար նույնականացնել տվյալ անձանց»,-առարկել էր Վ. Մովսիսյանը:

Ի դեպ, դատարանում պարզ դարձավ, որ գործատուի կողմից մշակված չէ որեւէ ներքին իրավական ակտ աշխատողների անձնական տվյալների մշակման, փոխանցման կարգի վերաբերյալ, գործատուն երբեւէ Վահե Մովսիսյանին ստորագրությամբ չի նախազգուշացրել անձնական տվյալների փոխանցման անթույլատրելության մասին: Ըստ դատարանի գնահատականի, «արհեստակցական միությանը հաստիքի վերաբերյալ տեղեկություն տրամադրելը խիստ նախազգուշացում տալու հիմք չի կարող հանդիսանալ»:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

13.06.2019 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930