Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մոլորակի ապագան՝ փոքր «հայկական տապանում»

Հունիս 13,2019 12:00

Սկիզբը՝ այստեղ

«Աշխարհն ավելի շատ բան կիմանա մեր մասին, իսկ մենք՝ աշխարհի մասին».  Արմեն Սարգսյանի ուղերձը

Ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր գագաթնաժողովը պատմության մեջ առաջին անգամ անցյալ շաբաթ իր սահմաններից դուրս անցկացվեց՝ Հայաստանում։ Հայկականացված «Մտքերի հայկական գագաթնաժողովն» աշխարհի տարբեր երկրներից անվանի ու ազդեցիկ գիտնականների, ձեռներեցների, ներդրողների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, հայաստանցի եւ օտարերկրացի ավելի քան հարյուր հեղինակավոր քաղաքական ու ռազմական գործիչների, վերլուծաբանների էր հյուրընկալել։ Գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու բացառիկ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2018թ. սեպտեմբերին, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ֆրանսիական Շամոնի քաղաքում ամեն տարի անցկացվող «Մտքերի գագաթնաժողովին»:

Հյուրերի թվում էին՝ 2005-2007թթ. Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ջեյմս Ջոնսը, Միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։ Դիլիջանում էր աշխարհահռչակ Google ընկերության վաճառքի եւ արտադրության ղեկավար Թեդ Սաուդերը, ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի ներդրումների եւ ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոն, Siemens ընկերության տնօրեն Ժան-Մարկ Լիշկան, ֆրանսիական THALES ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմին, Սկոլկովոյի մենջմենթի դպրոցի խորհրդի ղեկավար, ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը, Crans Montana ֆորումի նախագահ Պիեռ-Էմանուել Քուիրինը, ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի հիմնադրամի նախագահ եւ տնօրեն Ուիլյամ Փարկերը եւ այլք:

«Մտքերի գագաթնաժողովն» ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում 200-300 մարդկանց աշխարհի տարբեր հատվածներից։ Աշխարհի լավագույն մտածողները հավաքվում են՝ սկսելու մտածել մոլորակի կարեւոր հարցերի շուրջ։ Ըստ ՀՀ նախագահի՝ «Մտքերի գագաթնաժողովն» ասես փոքր տապան լինի՝ «հայկական տապան», որտեղ մարդիկ գալիս են քննարկելու, թե ինչպես ենք փրկելու մոլորակը։ Համաժողովը Հայաստան բերած նախագահ Արմեն Սարգսյանն այն անվանեց փոքր, բայց կարեւոր ու իր շրջանակով մեծ ազդեցությամբ իրադարձություն՝ նշելով. «Ես կանխազգացում ունեմ, որ մեր համագործակցությունը, որը երկար տարիների պատմություն ունի, հետագա էվոլյուցիա կապրի Հայաստանի «Մտքերի գագաթնաժողովի» ձեւաչափով»։
Ի՞նչ է համաժողովը տալու Հայաստանին։ ՀՀ նախագահը նախ հույս հայտնեց, որ Հայաստանի «Մտքերի գագաթնաժողովը» կդառնա ամենամյա եւ մշտական, եւ Հայաստանի համար կարեւոր է իմանալ, թե ուր է շարժվում աշխարհը, որտեղ է աշխարհը լինելու 20-30 տարի անց. «Սա կարեւոր է Հայաստանի համար։ Կարեւոր է նաեւ, քանի որ «Մտքերի գագաթնաժողովի» եւ մի շարք այլ գագաթնաժողովների շնորհիվ աշխարհն ավելի շատ բան կիմանա մեր մասին, իսկ մենք էլ՝ ավելի շատ բան աշխարհի մասին»։

Հայաստանն ունի բավական խոր հարաբերություններ ԵՄ-ի հետ եւ հանդիսանում է ԵԱՏՄ կարեւոր անդամ։ Հայաստանը կամուրջ է, միջնորդ երկու կողմերի միջեւ, այսօր «Մտքերի հայկական գագաթնաժողովի» բացմանը նկատեց Արմեն Սարգսյանը. «Հայ գործարարները հրաշալի, ֆանտաստիկ բանակցողներ են։ Ինչո՞ւ ուրեմն Հայաստանը չի կարող լինել բանակցող Եվրոպայի եւ Ասիայի միջեւ»։
Խոսելով հայկական ուժի մասին՝ ՀՀ նախագահը շեշտեց, որ 21-րդ դարը լինելու է մարդկային ներուժի դարաշրջան. «Հայաստանը խոշոր, բազմազգ ընկերությունների բազա դարձնելը հնարավորություն կտա ստարթափների համար լավ բազա ձեւավորել։ Մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ ուղեղների գագաթնաժողովը կարող է մի օր ունենալ իր քույր ձեռնարկը՝ Հայ մտքերի գագաթնաժողով։ Մենք, որպես համաշխարհային ազգ, պետք է սովորենք կառավարել մեր ուժը եւ այն օգտագործել մեր խնդիրները կարգավորելու համար։ Մենք պետք է սովորենք պատեր չկառուցել մեր ազգի ներսում, չպետք է պատեր կառուցել Հայաստանում, սփյուռքում եւ Արցախում ապրողների միջեւ»։

«Վաշինգտոնում պետք է խոսենք այս տարածաշրջանի կարեւորության մասին»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվտանգության հարցերով խորհրդական, Jones Group International կազմակերպության հիմնադիր, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսը նշեց, որ Հայաստանում տեսնում են բավականին հետաքրքիր անալոգներ՝ կամուրջի հետ կապված հատկապես այս տարածաշրջանում. «Համոզված եմ, որ ես պիտի այս համաժողովից տանեմ այն դասը, որ Վաշինգտոնում պետք է խոսենք այս տարածաշրջանի կարեւորության մասին»: Ապագա նպատակները նախանշելով՝ նա հորդորեց լինել իրատես. «Մենք անընդհատ լսում ենք ավելի խորացող մրցակցության մասին, եւ կան խոշոր մարմիններ, որոնք ձեւավորվել են այդ մրցակցության արդյունքում, ինչը ինձ մտահոգում է: Այստեղ պահանջվում է լուրջ դիվանագիտություն, որը պետք է արվի ոչ թե ԶԼՄ միջոցով, այլ ձեւավորվի այնպիսի դիրքորոշում, որը հեշտ ընկալելի լինի նաեւ մարդկանց համար: Համամիտ եմ այն մտքի հետ, որ փոփոխությունը չի կարող լինել, քանի դեռ այդ փոփոխությունն ինքդ քեզ չես կիրառում»:

Հարցին՝ Հայաստանը կարո՞ղ է դառնալ երկխոսության կենտրոն աշխարհի խոշոր խաղացողների համար, Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը պատասխանեց. «Ինչպես նախագահ Սարգսյանը նշեց, Հայաստանն ունի շատ հզոր աշխարհագրական դիրք, ինչպես նաեւ հարուստ պատմական ժառանգություն, ինչը հնարավորություն է տալիս ՀՀ-ին կամուրջի դեր խաղալ տարբեր դերակատարների միջեւ: Պետք չէ թերագնահատել այն հանգամանքը, որ այդ բոլոր խաղացողները՝ ԵՄ-ն, ՌԴ-ն, Չինաստանը, անցնում են շատ լուրջ փոփոխություններով, եւ այսօրվա բարդությունն այն է, որ հասկանանք, թե ինչ է կատարվում այդ տարբեր ոլորտներում: Վստահ չեմ, որ ԵՄ-ն հասկանում է, թե ինչ է կատարվում Ռուսաստանում, նույնը վերաբերում է նաեւ Չինաստանին: Ես տեսնում եմ ինտելեկտուալ խոչընդոտներ, տեսնում եմ վախ ու անվստահություն այս գերտերությունների միջեւ: Ուստի պնդում եմ մեծ քառյակի գաղափարը: ՀՀ-ն ունի առավելություն, քանի որ բոլոր այդ կողմերի հետ ունի լավ հարաբերություններ եւ կարող է միջնորդի դեր խաղալ՝ կապելով այդ պետություններն իրար հետ: Պետք է հարգալից եւ կայուն կերպով վերաբերվել մտքի, կրթության, նորարարության եւ տուրիզմի ոլորտներին: Եթե դա արվի, ապա ՀՀ-ն կհզորացնի իր կարողությունները Եվրոպայի, ՌԴ-ի, Ասիայի, Չինաստանի միջեւ կամուրջ լինելու հարցում, եւ դա բավականին հզոր դիրքեր կապահովի Հայաստանին»:

«Մենք պետք է զբաղվենք մեր մտքի զարգացմամբ»

Գագաթնաժողովի բացմանը ներկա էր նաեւ Հայաստանի վարչապետը։ Նախագահի ելույթին հաջորդեց Նիկոլ Փաշինյանի ելույթը, որը կարեւորեց մտքի դերը, առօրյայից օրինակներ բերելով. «Երեւանից այստեղ գալիս, երբ նայում ենք ճամփեզրին, տեսնում ենք բազմաթիվ խանութներ, ռեստորաններ, փոքր եւ միջին բիզնեսի օբյեկտներ, նրանցից ոմանք հաջողակ են, ոմանք` անհաջողակ, ոմանց գործերն այդքան էլ լավ չեն, ոմանց գործերն ակնհայտորեն լավ են ու դա երեւում է առաջին հայացքից: Եվ երբ մտածում ենք, թե ի՞նչն է տարբերում հաջողված բիզնեսներն անհաջող բիզնեսներից` առաջին միտքը, որ զարնում է, այն է, որ հաջողակ են այն բիզնեսները, որոնց մեջ մտքի ներդրումն առավել մեծ չափաբաժին ունի»:

Փաշինյանը եւս ողջունեց առաջին անգամ «Մտքերի գագաթնաժողով»-ի անցկացումը Հայաստանում։ «Ամբողջ քաղաքակրթությունն ըստ էության հիմնված է մեկ գործոնի վրա` դա մարդկային միտքն է: Ընդհանրապես, երկրագնդի ողջ գոյության ընթացքում ընդամենը երկու գործոն կա, որ ազդել են Երկիր մոլորակի վրա` մեկը տիեզերական գործոններն են, իսկ մյուսը՝ մարդկային միտքը: Եվ երբ փորձում ենք խոսել այսօրվա քննարկման հիմնական թեմայի մասին` աշխարհում եւ ընդհանրապես տարածաշրջանում տնտեսական, ներդրումային, ընդհուպ՝ աշխարհաքաղաքական միտումները, մենք կտեսնենք, որ ժամանակակից աշխարհում ամենամեծ ներդրումներն արվում են հենց մարդկային մտքի ոլորտում: Այսօր տնտեսության շարժիչ ուժերը դարձել են այն ոլորտները, որոնք ուղղակիորեն կապ ունեն մտքի հետ: Եվ բանը հասել է այնտեղ, որ մարդկային միտքն այլեւս չի բավարարվում ինքն իրենով եւ աշխարհում սկսվել է գլոբալ պրոցես արհեստական մտքի, արհեստական ինտելեկտի զարգացման, եւ սա է ըստ էության 21-րդ դարի, ժամանակակից աշխարհի հիմնական տնտեսական միտումը»,- նշել էր Փաշինյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ 21-րդ դարը նաեւ Հայաստանի Հանրապետության դարն է. «Սա նաեւ Հայաստանի քաղաքացու դարն է, հայ ժողովրդի դարն է, որովհետեւ մենք հավատում ենք, որ սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի իսկապես փառավոր վերածնունդ: Երբ ծովի դար էր, մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր, մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր, մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր, մենք ուժ չունեինք, եւ ահա եկել է մտքի դարը եւ որեւէ կասկած չկա, որ մենք ունենք միտք եւ, ըստ այդմ, մեր հիմնական անելիքը բնորոշված է, մենք պետք է զբաղվենք մեր մտքի զարգացմամբ, մենք պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի միտքը զարգանա, միտքը ինքնադրսեւորվելու, իրացվելու, ինքն իրեն վերարտադրելու հնարավորություն ունենա»։
Հայկականացված «Մտքերի գագաթնաժողովի» անցկացումն, անշուշտ, կարեւոր քայլ էր Հայաստանը ճանաչելի դարձնելու ճանապարհին։ Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններից հետո քաղաքական, տնտեսական, դատաիրավական ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության մասին հայտարարությունների ֆոնին փաստացի Հայաստանում ներդրումներ չեն իրականացվել։ Ժամանակն անցնում է, եւ իշխանությունները, կարծես, գիտակցում են, որ այն չի աշխատում հօգուտ իշխանության։
Թերեւս, այս բացը լրացնելու գործում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առանձնահատուկ դեր է ստանձնել։

Սկիզբը՝ այստեղ

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 12.06.2019 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930