Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդևան Գրիգորյանը՝ Շիրակի պետական համալսարանի հնարավոր լուծարման մասին

Հունիս 12,2019 22:30

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդևան Գրիգորյանը, որը երկար տարիներ զբաղեցրել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը (այժմ բուհը Շիրակի պետական համալսարան է դարձել) Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե այստեղ բարոյահոգեբանական մթնոլորտը չփոխելու դեպքում կդրվի բուհի կամ լուծարման կամ միավորումների հարցն, ասաց․ «Գյումրու մանկավարժական ինստիտուտը իմ կայացման գործում անգնահատելի դերակատարություն է ունեցել, և ես՝ որպես երկար տարիների ռեկտոր, որպես բուհի համար մտահոգվող, ցավող անձ, կարող եմ ասել, որ որևէ մեկին անօրինական մոտեցման հնարավորություն չեմ տա։

Առաջինը՝ հարկավոր է բուհի բարոյահոգեբանական մթնոլորտը վերականգնել, որը նախկինում շատ լավն էր, այսօր այդտեղ բացասական մթնոլորտ կա ու հարկավոր է ամեն ինչ անել այդ բացասական էներգիան դրականով փոխարինելու համար։

Երկրորդը՝ չի կարելի Շիրակի բուհական համակարգը թողնել ինքնահոսի, ով կդիմի, ով կդառնա ռեկտոր, չգիտեմ․․․ Իհարկե, ժողովրդավարությունը շատ լավ բան է, բայց միշտ չէ, որ այդ ժողովրդավարությունը տվել է իր դրական արդյունքը»։

Ըստ Վարդևան Գրիգորյանի, Շիրակի մարզում բուհերի միավորման ծրագրի առաջարկությունը եղել է իրենը, սակայն ոչ թե Շիրակի պետական համալսարանը պիտի միավորել մյուս բուհերին, այլ Գյումրիում գործող մյուս բուհերը Շիրակի մայր բուհին, դրանք, ըստ էության, ինքնուրույն կարգավիճակ չունեն, մասնաճյուղեր են։

«Ես այդ մասին բարձրաձայնել եմ բազմիցս, որ տարբեր կարգավիճակներով այդ մասնաճյուղերը կարող են միավորվել Շիրակի պետական համալսարանին, անցնեն վերջինիս համակարգմանը՝ մի դեպքում ֆակուլտետի կարգավիճակով կամ առանձին դեպարտամենտի ու ինստիտուտների կարգավիճակներով։ Օրինակ՝ Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը դառնա Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ, արվեստի մասնաճյուղերը լինեն արվեստի ֆակուլտետում, կամ Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղն ու արվեստի այդ երեք մասնաճյուղերը՝ կոնսերվատորիան, գեղանկարչությունը և դերասանական արվեստը կարող են դեպարտամենտի կամ ինստիտուտների կարգավիճակով մտնել Շիրակի համալսարանի մեջ որպես առանձին միավորներ, բայց համակարգողը լինի Շիրակի պետական համալսարանը։ Նույն ձևով կարող է լինել պոլիտեխնիկական մասնագիտությունների ֆակուլտետ, միանգամից ֆակուլտետն անվականակոչելը գուցե ճիշտ չի լինի,գուցե անվանվի տեխնիկական մասնագիտությունների ֆակուլտետ, կամ, ինչպես ասացի, գործի որպես առանձին միավոր՝ ՇՊՀ-ի ենթակայությամբ», -ասաց Վարդևան Գրիգորյանը։

Վարդևան Գրիգորյանի ասելով, սակայն անչափ կարևոր է, թե ով կլինի միավորված բուհերի ռեկտորը, ըստ նրա, բուհական համակարգի կառավարումից հինգ հազար կիլոմետր հեռու գտնվող անձանց չվստահեն ռեկտորի կամ թեկուզ ժ/պ-ի պաշտոնը, ինչպես արել են վերջին շրջանում։ Ըստ նրա, ռեկտորի պաշտոնը հասարակական ընկալմամբ ավելի բարձր պաշտոն է, քան մարզպետինը կամ քաղաքապետինը։

Իսկ այսօր, ըստ նրա, այդ պաշտոնը զբաղեցնում են անձինք, որոնք հասարակությանը ստիպում են չընկալել այդ պաշտոնի պատասխանատվությունն ու արժեքը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930