«Նման բան չկա: Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի հակառակը, իրենց վիճակը լավանա, եւ իրենք դա շատ լավ գիտեն»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Երեւանի աղբահանությունն իրականացնող «Սանիտեք» ընկերության հայտարարությանը, թե ընկերությունը մտադիր է վարկ վերցնել աղբահանության կազմակերպման համար, սակայն քաղաքապետարանը երաշխավոր չի կանգնում, ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Ասեմ ավելին՝ աղբավայրն այնպես ենք ասֆալտել, ինչպես ասֆալտապատում են եվրոպական երկրների լավագույն ճանապարհները: Այսպես երբեւէ չի եղել»,-վստահեցրեց Հայկ Մարությանը:
Ինչ վերաբերում է «Սանիտեք»-ի պնդմանը, թե իշխանափոխության բազմամարդ ցույցերի օրերին քաղաքացիները 2000 աղբաման են վնասել, Մարությանն ասաց. «Իրենց գույքի համար իրենք են պատասխանատու: 8000 աղբաման պետք է լինի, բայց չկա: Ուզում եք ասեք՝ ժողովո՞ւրդը…օրենքի սահմաններում ժողովուրդն ամեն գործողություն կարող է անել: Երբ վթարներից սյուներ են վնասվում, ի՞նչ անենք, մարդկանց ասենք մեքենա չքշե՞ն: Ես չեմ հավատում այդ թվերին, ապացույցներ չկան: Չորս տարում իրենք որեւէ աղբաման չեն լվացել կամ փոխել»:
Հայկ Մարությանը նաեւ հիշեցրեց, որ դիմել էր կառավարությանը, գնվել էր հինգ մեքենա, եւ առաջիկայում էլ նորերը կգնվեն՝ 29 հատ. «Հունիսի վերջից դրանք պետք է գան: Դա բավարար կլինի աղբահանության իրավիճակի վերահսկողության համար: Այդ մեքենաներով շատ լավ կերպով աղբահանություն ենք իրականացնելու»:
Քաղաքապետը չբացառեց, որ «Սանիտեք»-ի հետ պայմանագիրը կլուծարվի:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ