«Կարող եմ համակրել որոշ մարդկանց կամ քաղաքական տեսակետների, բայց կուսակցական չեմ: Իսկ որ «Հանրային հեռուստաընկերությունն» առաջնահերթ պետք է ծառայի հանրության շահերին, այո, այդպես է: Ամեն ինչ անելու եմ՝ այդ նպատակին հասնելու համար»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նորընտիր նախագահ Արա Շիրինյանը: «Գործընթացն արագ չէ, փոփոխությունը պետք է նաեւ մարդկանց մեջ տեղի ունենա:
Համակարգային խնդիրներ կան՝ վաղուց արմատավորված, որոնք փոխելու համար երկար ժամանակ է անհրաժեշտ»: Հարցին՝ «Հանրայինն օրվա իշխանությունների՞ն է ծառայում», Արա Շիրինյանն այսպես արձագանքեց. «Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ է պահանջում հանրությունը, բայց լրատվությունն ինչ էլ հաղորդի, միշտ կգտնվեն տարբեր կարծիքներ, թե «Հանրայինը» պաշտպանում է այս կամ այն կողմին: Դրա համար «Հանրայինը» պետք է ունենա իր սեփական տեսակետը, որի հետ, միևնույն է, շատերը չեն համաձայնվի»:
Հարցին՝ «Մոնումենտում համբուրվողների մասին ռեպորտաժ պե՞տք է «Հանրայինը» հեռարձակի», Արա Շիրինյանն այսպես պատասխանեց. «Ես էլ կարծում եմ, որ ոչ, բայց «Հանրայինը» նույն ժանրում պետք է ստեղծի իր արտադրանքը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ