Տուրիզմի ոլորտի մասնագետները պնդում են, որ Հայաստանում զբոսաշրջությունը դիվերսիֆիկացնելու մեծ հնարավորություններ ունենք. ուղղություններից մեկը քարանձավային զբոսաշրջությունն է, որը կարող է տնտեսական եկամուտներ ու աշխատատեղեր ապահովել տվյալ համայնքի համար: Սակայն այս ուղղությամբ պետությունը դեռեւս լուրջ քայլեր չի ձեռնարկում, մինչդեռ Հայաստանի տարածքում շատ են քարանձավները, որոնք,մասնագետների բնորոշմամբ, նախկինում եղած հրաբխային բարձր ակտիվության արդյունք են:
Հայաստանի քարանձավների շարքում ամենահայտնին Արենիի քարանձավն է, որտեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին՝ 5 500 տարեկան կոշիկը:
Այս քարանձավը նաեւ հայտնի է նրանով, որ այդտեղ գինի են պատրաստել դեռ մեր թվարկությունից 4000 տարի առաջ:
Հայաստանում կան նաեւ քարե դռներով քարանձավներ։ Դրանցում կան թունելներ` գաղտնի մուտքով, որոնց վերջն ունի քարե դռներ։ Դրանք եղել են սննդի գաղտնարաններ: Այսպիսի քարանձավներ կան Արագածոտնի մարզում:
Հայտնի է նաեւ Մագելի քարանձավը, որը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Ուփի ձորում, Նորավանքի ձոր տանող ճանապարհին: Այս քարանձավը Մագել անունից բացի հայտնի է Մագիլ անունով։ Կոչվել է որսորդ Մագելան Առաքելյանի անունով: Որսորդ Մագելանն այն հայտնաբերել է 1980 թվականին որսին հետեւելիս: Մագելը Հայաստանի ամենամեծ քարանձավներից է։ Ուսումնասիրված է այս քարանձավի մինչեւ 1,7 կմ խորությունը։ Քարանձավն ունի այլ ճյուղեր եւս, որոնք դեռ ուսումնասիրված չեն: Այս քարանձավում կան Կարմիր գրքում գրանցված չղջիկների տեսակներ: Մագելի քարանձավն,ըստ հնեաբանների, նեոթելի ժամանակաշրջանում բնակեցված է եղել, ինչը հաստատում են այնտեղ գտնված արջի ոսկորները, քարե գործիքներն ու այլ առարկաներ:
Խորության պատճառով քարանձավում մշտապես ջերմաստիճանը 14°С է
Քարանձավի մուտքն այնքան նեղ է, որ մեկ մարդ հազիվ է մտնում:
Մորոզովի քարանձավը բացվել է 1980 թվականին՝ ճանապարհաշինական պայթեցումների ժամանակ: Խճուղու պաստառը հարթեցնելու ժամանակ շինարարները պայթեցրել են կրաքարի զանգվածը, որի տակ բացվել է քարանձավը: Այն իր երկարությամբ Հայաստանում 3-րդն է, երկրաբանական հարուստ գոյացություններով խորը քարանձավ է:
Լաստիվերի քարանձավներում ժամանակին ճգնավորներ են ապրել: Քարանձավները հսկայական կիրճի եզրին են, եւ հնում այստեղ բարձրանալու համար մարդիկ ստիպված են եղել մեկը մյուսի վրա շարված գերաններից աստիճան կառուցել, որն ավելի շատ նման էր լաստի, ոչ թե աստիճանի եւ այդ իսկ պատճառով այդ վայրը ստացել է «Լաստիվեր» անվանումը:
Բացի այդ, այնտեղ է գտնվում նաեւ «Լաստիվեր Անապատը», որտեղ կարող ենք տեսնել ծառերի վրա կառուցված բազմաթիվ գեղեցիկ խրճիթներ եւ տներ, որոնք ծառայում են որպես գիշերակաց զբոսաշրջիկների համար:
Պատրաստեց՝ Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԸ