«Թու-թու-թու, աշխատանքը վատ չի ընթանում, որովհետեւ նախարարության աշխատակազմերը նախորդ ամիսներին, հատկապես՝ վերջին ամսում, բնական աշխատանքի ապահովման համար բավականին ջանացել են: Խնդիրները շատ են, օրինակ՝ մշակույթի նախարարության ուղղությամբ: Հուշարձանների խնդիրը կա, թատրոնների, մշակութային օջախների արդյունավետության, մշակութային քաղաքականության տեսլականի: Սպորտի ոլորտում էլ են հարցերը շատ»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե «սուպերնախարարությունում» ի՞նչ առաջնահերթ դժվարություններ կան:
Նա տեղեկացրեց, որ ամիսներ անց մշակելու են մշակույթի զարգացման ռազմավարություն: Հարցին՝ «չեք խճճվո՞ւմ», նա այսպես պատասխանեց. «Նախարարությունը բավականին լավ թիմ ունի, բոլոր նշանակումները կան, շուտով մի քանի խորհրդական էլ կնշանակվի: Կհամոզվեք, որ պրոֆեսիոնալ թիմը թույլ չի տա, որպեսզի նախարարը խճճվի»:
Հիշեցնենք, որ վերջերս մի քանի նախարարություն միավորվեց Արայիկ Հարությունյանի ղեկավարած գերատեսչության կազմում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ