ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր, պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ արդյոք նոր կառավարությունը գնում է տնտեսական հեղափոխության ճանապարհով, ինչպես որ հայտարարել էր, ասաց, որ ինքը չի սիրում հեղափոխություն բառը:
«Ես սիրում եմ իրական տնտեսական ռեֆորմներ: Ինձ համար ռեֆորմներ նշանակում է ռեսուրսների ապակենտրոնացում: Ես ուզում եմ դրան միտված հստակ քայլեր տեսնել»:
Հրանտ Բագրատյանի խոսքով, կառավարության գործը իրական ռեֆորմներով զբաղվելն է. «Ոչ թե անենք նույնն ինչ-որ անում էր Սերժ Սարգսյանի կառավարությունը եւ անվանենք արմատական ռեֆորմ»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ի՞նչ ձեռքբերում կամ ձախողումներ ունի նոր կառավարությունն այս մեկ տարվա ընթացքում, Հրանտ Բագրատյանն ի պատասխան ասաց, որ կառավարության հիմնական ձեռքբերում այն էր, որ այս մեկ տարվա ընթացքում տնտեսական վիճակը կտրուկ չի վատացել: Իսկ ձախողումը, որ՝ տնտեսության վիճակը կտրուկ չի լավացել:
ՀՀ դատական համակարգը վեթինգի ենթարկելու գաղափարը պարոն Բագրատյանին դուր չի գալիս, քանի որ, նրա խոսքով, վեթինգ իրականացնում են այն երկրներում, որտեղ եղել է քաղաքացիական կամ տնտեսական պատերազմ:
Նախկին վարչապետն անդրադառնալով ներդրումներին, ասաց, որ ուղղակի ներդրումների հոսքը 11 անգամ պակասել է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ