Լրահոս
Օրվա լրահոսը

«Քուր ջան, միլիոններով փող ենք ծախսում գործարանի վրա, ի՞նչ հյուրանոց դարձնել»․ նոր զարգացումներ Գյումրու «Սաստեքս»-ում

Հունիս 12,2019 18:09

Այսօր առավոտյան ՀՀ առողջապահական և տեսչական մարմնի ներկայացուցիչները եկել էին ուսումնասիրություններ կատարելու Գյումրու «Սաստեքս» կարի գործարանում, որի աշխատակիցները մոտ 15 օր է՝ բարձրաձայնում են անմարդկային պայմանների ու նվազագույն 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձի փոխարեն ապրիլ ամսվա աշխատանքի դիմաց 12 հազար, 22 հազար, 36 հազար դրամ վճարելու մասին:

Առողջապահական և տեսչական մարմնի ստուգող խմբի անդամները մեզ հետ զրույցում պարզաբանեցին, որ գործարան այցելելու պատճառը եղել են մամուլի հրապարակումներն ու Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հրավերը։ Իրենք մամուլի հրապարակումների հիման վրա վարույթ են հարուցել։ Նրանք գործարանում ուսումնասիրություններ կկատարեն մինչև հունիսի 21-ը, թեև առողջապահական և տեսչական մարմնի աշխատանքների և առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի մասնագետ Ազատ Իսպիրյանը փոխանցեց, որ կմնան այնքան, ինչքան անհրաժեշտ լինի։ «Պիտի հասկանանք՝ ինչ է կատարվում», -ասաց Ազատ Իսպիրյանը։ Նրանք լսեցին ինչպես աշխատակիցներին, այնպես էլ գործարանի շինարարության գծով պատասխանատու Ներսես Տաշչյանին։ Ազատ Իսպիրյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Լավ չէ, որ գործարանի ներկայացուցիչները տեղում չեն»։

Աշխատակիցները առողջապահական և տեսչական մարմնին գրավոր ներկայացրեցին իրենց բողոքները, մանրամասն պատմեցին, թե ինչ է կատարվում, դժգոհեցին, որ պայմանագրերը ստիպողաբար են ստորագրել տվել՝ ասելով՝ ով կստորագրի, թող աշխատի, ով չէ, դուռն այն կողմն է։

Առողջապահական և տեսչական մարմնի ներկայացուցիչների այն հարցադրմանը՝ մի՞թե պայմանագիր ստորագրելիս մի օրինակը իրենց չեն տվել, աշխատակիցներին ասացին՝ ոչ, ապրիլ ամսին նոր միայն տեսել են պայմանագիրը ու զարմացել աշխատավարձի՝ երկրաչափական բարդ բանաձև հիշեցնող հաշվարկներից։

Ինչևէ, մեզ հետ զրույցում աշխատակիցներից մեկը փոխանցեց, որ այս պահին իրենց մեն ու միակ խնդիրը պայմանագրերի վերանայումն է։ «Խնդրում ենք, որ մինչև պայմանագրի ժամկետի լրանալը, մինչև հոկտեմբեր, նոյեմբեր ամիսները մեզ վճարեն նվազագույն աշխատավարձի չափով՝ 55 հազար դրամ, որպեսզի կարողանանք և՛ արագությունը, և՛ որակը ձեռք բերել, չնայած մեքենաների խնդիր կա այս պահին, մի քիչ անցած մեքենաներ են, չենք կարող արագություն ապահովել, որ գոնե նվազագույնը հասցնենք։ Գիտենք, որ հետագայում ավելի լավը պիտի լինի, հուսանք, որ լավ է լինելու, մեր գործարանն ընդամենը 8 ամսվա գործարան է»։

Ըստ աշխատակցի, այլ խնդիրներ ևս կան, բայց իրենք հասկանում են, որ դրանք լուծվելիք են։

Գործարանի շինարարության գծով պատասխանատու Ներսես Տաշչյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դժգոհությունները սկսվեցին փողի պատճառով, իրենք նախազգուշացրել էին, որ 3 ամիս անց կվճարեն գործարքային, սակայն վեց ամիս հետո են անցել գործարքայինի։ «Առաջընթաց չկար, գործը միշտ հետ էր մնում, և հիմա, երբ գործարքային հաշվեցինք, բողոք սկսվեց։ Իհարկե, սա միակ բողոքը չէ, մարդ կա օդից է բողոքում, որ շոգ է, մարդ կա թունավոր կտորից։ Դա ճշտելու համար ես այսօր ասացի՝ կտորը բերեք, տվեք մասնագետներին, թող ստուգեն։ Զգացի, որ մի քանի անձինք չեն ուզում, որ գործարանը բացվի։ Ես էլ շատ վատ եմ զգում, հարյուրավոր մարդիկ կան, որոնք ամեն օր սպասում են, որ աշխատեն, փողի կարիք ունեն, իսկ բողոքավորները մի քանի հոգի են։ Ասել եմ՝ գնացեք բողոքեք ձեր համար, ինչ ուզում եք արեք, մնացածը թող աշխատեն, բողոքի պատճառով տաս օրից ավելի կանգնած ենք»,- ասաց Ներսես Տաշչյանը։

Վերջինիս ասելով, իրենք եկել են այն եզրակացության, որ նոր պայմանագրեր ստեղծվեն, որոնք, սակայն կլինեն գործարքային։ Ըստ մեր զրուցակցի, իրենց պատկանող մյուս վայրերի գործարաններում վճարումը գործարքային է․ մարդիկ 90 հազար, 100 հազար են ստանում։

«Այս երեք հարկը կդարձնենք մեկ հարկ ու կտեսնեք, որ այդ մեկ հարկը 90 հազար դրամ փող կստանան, բայց մի քանի դանդաղ աշխատողներ, որ խանգարում են մյուսներին, տուժում են ամենքը, որովհետև գործարքային է։ Ուզում ենք այս ամենը շտկվի, պայմանագիրը ստորագրեն, մեջը նշվի, որ մենք նկատողություն տալու իրավունք ունենք», -ասաց Ներսես Տաշչյանը։

Թե ո՞ւր է սեփականատեր Քրիստիան Գելիջին, ինչո՞ւ չի գալիս ու անձամբ պարզաբանում աշխատակիցներին այս ամենը, Ներսես Տաշչյանն ասաց, որ նա վատառողջ է․ մեջքի խնդիր ունի, թեև միշտ էլ գալիս-գնում է․ 4 օր առաջ է եկել, իհարկե ոչ այս հարցերով, որովհետև կա տնօրեն, պատասխանատու, որը զբաղվում է խնդիրներով։

Մեր հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի շրջանառվող խոսակցությունները, որ սեփականատերը ցանկանում է գործարանը փակել ու դրա փոխարեն հյուրանոց բացել, Ներսես Տաշչյանն ասաց․ «Քուր ջան, նայեցեք, այսօր միլիոններով փող ենք ծախսում, որ բանվորները մտնեն ճաշարան, հանդերձարան, գան թունելով հանգիստ, ապահով անցնեն, այդ լուրերը սուտ բաներ են»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930