Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռնարկել ակտիվ և գործուն միջոցառումներ՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը կանխարգելելու ուղղությամբ

Հունիս 12,2019 17:49

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում այս տարվա սկզբին ուսումնասիրվել էր 2018 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ապօրինի թմրամիջոցների իրացման, ձեռք բերման և առհասարակ դրանց ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի ու կանխարգելման օրինականության վիճակը: Պարզվել էր, որ նաև ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից իրենց աշխատանքային պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու հետևանքով էապես նվազել են լատենտային բնույթ կրող այս հանցագործության դեպքերի բացահայտման ցուցանիշները:

Մասնավորապես արձանագրվել է, որ 2018թ. ողջ տարվա ընթացքում ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ աշխատակիցների կողմից հայտնաբերվել և կանխվել էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության ընդամենը 3 դեպք: Մինչդեռ Լոռու մարզի դատախազության հետևողականության արդյունքում ակնհայտ էր դարձել, որ հիշյալ հիմնարկում եղել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության այլ արատավոր դրսևորումներ: Օրինակ, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործի հերթական դատական նիստի ընթացքում ամբաստանյալը հայտնել էր, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժ կրելու ընթացքում օգտագործել է «ազալեպտին» և «դիազեպամ» տեսակի հոգեմետ նյութեր, որոնք իրեն տրամադրել են քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները:

Չնայած մարզի դատախազի կողմից այս կապակցությամբ ներկայացված զեկուցագրի հիման վրա ՔԿՀ-ում նյութերի նախապատրաստման շրջանակներում անձը տված բացատրություններով հերքել էր դատարանում իր կողմից արված հայտարարությունը, սակայն նշանակված դատատոքսիկոքիմիական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել էր, որ նրանից վերցված մեզի փորձանմուշում հետազոտությամբ հայտնաբերվել է «ամֆետամին» տեսակի թմարմիջոց: Ընդ որում՝ նույն եզրակացությամբ փաստվել էր, որ տվյալ տեսակի թմարմիջոցն ու դրանց մետաբոլիտները կարող են հայտնաբերվել օրգանիզմ ներմուծումից հետո շուրջ 1-ից մինչև 10-ն օրվա ընթացքում: Այսինքն թմրամիջոցը ՔԿՀ է ներթափանցվել, իրացվել և օգտագործվել այդ ժամանակահատվածում, ինչը փաստացի դուրս էր մնացել ՔԿՀ համապատասխան ծառայողների տեսադաշտից:

Նշված փաստական տվյալները վկայել են, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակայության տակ գտնվող բաժինների աշխատակիցների կողմից ապօրինի թմրամիջոցների իրացման դեպքերի նկատմամբ չի իրականացվել պատշաճ վերահսկողություն, չեն ձեռնարկվել գործուն միջոցառումներ դրանք կանխելու ուղղությամբ: Ավելին՝ քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ 2018թ. հայտնաբերված երեք դեպքերից երկուսում ապօրինի ձեռք բերված թմրամիջոցի կամ հոգեմետ նյութերի՝ ՔԿՀ ներս անցկացնելու և իրացնելու փորձերին անմիջական մասնակցություն են ունեցել ՔԿՀ-ի աշխատակիցները:

Հաշվի առնելով առկա անհանգստացնող վիճակը՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանն այս տարվա փետրվարին միջնորդագիր էր ներկայացրել ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ պետին և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին՝ ձեռնարկելու ակտիվ, համագործակցված և գործուն միջոցառումներ՝ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը հայտնաբերելու, դրանք կանխարգելելու ուղղությամբ:

Մարզի դատախազություն ստացված պատասխան գրություններով հավաստիացվել էր, որ միջնորդագրի քննարկման արդյունքում ՔԿՀ-ում ուժեղացվել է հսկողությունը արգելված իրերի, հատկապես թմրամիջոցների ներթափանցման ուղիները, հանգամանքները և մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ և այդ նպատակով ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ: Բացի այդ՝ Ոստիկանության մարզային վարչության ենթակա բաժիններին և ՔԿՀ համապատասխան ծառայողներին հանձնարարվել էր ակտիվացնել թմրամիջոցների իրացման փաստերի հայտնաբերման նպատակով համագործակցությունը, գործուն միջոցներ ձեռնարկել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այդ թվում թմրամիջոցների իրացման վերաբերյալ օպերատիվ-տեղեկություններ ձեռք բերելու և իրացնելու ուղղությամբ համակարգված միջոցառումները:

Արդյունքում, ըստ մարզի դատախազությունում իրականացված՝ 2019 թվականին ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի աշխատանքների վիճակի միջանկյալ ուսումնասիրության՝ մարզի դատախազի միջնորդագրի հիման վրա նշված ուղղություններով ակտիվացված աշխատանքների շնորհիվ այս տարվա ընթացքում, հունիսի 10-ի դրությամբ, արդեն իսկ հայտնաբերվել է ՔԿՀ թմրամիջոց անցկացնելու փորձի 5 դեպք, այսինքն 2 դեպքով կամ 60 տոկոսով ավելի, քան ամբողջ 2018թ. ընթացքում: Նշված 5 դեպքերից 4-ով ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ, 34-266-րդ և 266-րդ հոդվածների տարբեր մասերի հատկանիշներով հարուցվել է 4 քրեական գործ, իսկ մեկ դեպքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացվել՝ նկատի ունենալով, որ ՔԿՀ այցելած անձի մոտ հայտնաբերված թմրամիջոցը եղել է մանր չափի, ինչի պատճառով վերջինս ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Նշված քրեակատարողական հիմնարկ ապօրինի հոգեմետ նյութ անցկացնելու և իրացնելու փորձ կատարելու դեպքի առթիվ վերջին քրեական գործը ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հետաքննիչի կողմից նախապատրաստված նյութերով հարուցվել է հունիսի 7-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչն ապօրինի ձեռք է բերած և իր տաբատի գրպանում քողարկած՝ «Պրեգաբալին» հոգեմետ նյութ պարունակող «PGN-300» գրառմամբ թվով երկու հատ դեղապատիճը իրացնելու նպատակով փորձել էր անցկացնել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ՝ փորձելով օգտվելով նույն հիմնարկում պահվող կալանավորված անձին տեսակցելու հնարավորությունից: Սակայն հանցագործությունն ավարտին հասցնել չէր կարողացել, քանի որ վերջինիս անձնական խուզարկությամբ թմրամիջոցը հայտնաբերվել և վերցվել էր ՔԿՀ ծառայողների կողմից: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը նախաքննություն իրականացնելու նպատակով ուղարկվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչություն:

 

ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930