Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Արման Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցից առաջ զգուշացրեց, որ պատասխանելու է միայն սպորտին վերաբերվող հարցերի:
Անդրադառնալով առաջիկա հինգ տարիների անելիքներին՝ Արման Սահակյանն ասաց. «Սա բավականին թանկ եւ մյուսներից տարբերվող մարզաձեւ է: Այստեղ լուրջ աշխատելու մեծ դաշտ կա: Լրատվամիջոցների հետ ես միշտ անկեղծ եմ եղել: Քիչ առաջ իմ ելույթում ասացի, որ զբաղվածությունս այնպիսին էր, որ աշխատանքներին, հավանաբար, ավելի շատ հետամուտ չենք եղել: Բայց այն աշխատանքը, որ այս տարիներին կատարվել է ֆեդերացիայում, ակնհայտ է: Այո, եղել են ու կան խնդիրներ, թերացումներ, այդ թվում նաեւ՝ կազմակերպչական աշխատանքներում: Կան խնդիրներ մեր մարզադպրոցների հետ:
Հիմա արդեն ավելի շատ եմ կոնկրետանալու այս աշխատանքների վրա: Մենք ունենք ակումբներ, որոնք պետք է փորձենք զարգացնել: Ես ինքս եմ նախապատրաստվում մեր երիտասարդ մարզիկներից մի թիմ ստեղծել, այդ երեխաներին ապահովել գույքով, մարզել, որպեսզի Էդգար Ստեփանյանից հետո ունենանք հեծանվորդներ, որոնք կշարունակեն հաջողությունները: Չնայած հիմա էլ ունենք խոստումնալից ու հեռանկարային պատանիներ, որոնց հետ պետք է ավելի լուրջ ու հետեւողական աշխատել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ