Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու «Ւմ քայլի» անդամը՝ «Լույսի» անդամին՝ «Գուշակ Մանուշակը կարող է պատասխանել այդ հարցերին»

Հունիս 12,2019 17:34

Հանրային տրանսպորտային ցանցի խնդիրները գույքագրված են, եւ լուծումներն էլ՝ գտնված: Այսօր այս մասին «Հոդված 3» ակումբում ասաց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը: Նա վստահեցրեց՝ փոխվելու է ամբողջ շարժակազմը, 3 չափսի ավտոբուսներից բաղկացած նոր ցանց է լինելու, ծրագիրն իրականացվելու է 2 տարվա ընթացքում, գուցե տրոլեյբուսները մնան, որովհետեւ ռազմավարական նշանակություն ունեն:

Խաչունցը նաեւ վստահեցրեց՝ տրանսպորտային նոր ցանցի ներդրման ծրագրով նախատեսվում է, որ ավտոբուսային նոր ցանց է լինելու, նոր երկաթուղագծեր են, որոնք նույն ուղղությամբ չեն կրկնվելու: Խաչունցն ասաց, որ ծրագրի իրականացման համար մեծ գումար պետք է հայթայթվեն, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ արդեն հանդիպել են, քննարկել, ծրագրի համար հավանաբար պետությունը վարկ կվերցնի:

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն էլ ասաց՝ արդեն 2 տարի է՝ այս խնդիրը քննարկվում է, նորություն չկա. «8 ամիս ժամանակ կորցրեցինք, մինչեւ քաղաքային իշխանությունը սկսեց ուսումնասիրել եղած ծրագիրը: Առաջին եւ վերջին քննարկումը 2 ամիս առաջ է եղել, վստահեցրին՝ շեղումներ գրեթե չեն հայտնաբերել ծրագրում, բայց մենք կորցրել ենք 8 ամիս: Գծատերերը փակում են գծերը, հանում են գազելները, մոտիվացիա չունեն աշխատելու, գրեթե շահույթ չունեն, էլ չեմ խոսում քաղաքացիների հոգեվիճակից»:

Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն էլ նշեց. «Այսօր կա 1700 մարշուտկաների պարկ, որից 800-ը դուրս է գալու գծերից: Այս խնդիրը լուծելի չէ: 2 տարի հետո ի՞նչ ենք անելու: Այդ մեքենաները շատ շուտ դուրս են գալու, գծատերերը շահագրգիռ չեն սպասարկել, տուժում են քաղաքացիները: Իշխանության ներկայացուցիչները քիչ են օգտվում տրանսպորտից, լավ կլիներ օգտվեին, որ հասկանային ինչքան առաջնային խնդիր է տրանսպորտը» :

ՄԻՊ սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ Տաթեւիկ Թոխյանն էլ ասաց, որ պարբերաբար խախտվում են վարորդների իրավունքները, ՄԻՊ-ը բողոքներ է ստանում, դիմում է քաղաքապետարան, սակայն մշտապես պատասխանում են՝ նոր ցանցի շահագործման հետ խնդիրները կլուծվեն. «Բայց ներկա իրավիճակը պահանջում է ներկա պահին լուծումներ: Վարորդները գործատուից կախման մեջ են, վարկեր ունեն եւ այլն: Չկա արտադատական կառույց, որը խնդիրները կլուծի: Կան վարորդներ, որոնք չեն տեսել, թե պայմանագրում ինչ է գրված: Ամենակարեւոր խնդիրը վերահսկողության բացակայությունն է, պատասխանատվության մեխանիզմների բացակայությունը: Քաղաքապետարանը չունի վերահսկողության պատասխանատվություն՝ գործատու- աշխատակից հարաբերություններում: Խնդիրը միայն բանակցությունների միջոցով են լուծում: Եղել է դեպք՝ մարդն ասում է՝ գրքույկս չի տալիս, որ գնամ կենսաթոշակ ձեւակերպեմ, թույլ չեն տալիս ազատվի աշխատանքից, այստեղ պետք է խոսել շահագործման մասին: Եթե գծատերերը շարունակաբար հրաժարվեն սպասարկումից՝ տուժելու են քաղաքացիները, լինելու են համայնքներ, որոնք սպասարկող տրանսպորտային միջոցներ չեն ունենալու»:

Թեհմինա Վարդանյանն էլ նկատեց՝ տրանսպորտային նոր համակարգի ներդրման խնդիրը գցում են ֆինանսների վրա, բայց դեռեւս չկա նախագիծ. «Մենք անընդհատ խոսում ենք աղբահանության խնդրից, այո, շատ վատ է, բայց դա այնքան կենսական նշանակություն չունի, որքան տրանսպորտային հարցը»:

Հասմիկ Խաչունցն արձագանքեց Վարդանյանին. «Տիկին Վարդանյան, վստահ եմ, որ աղբահանության մասին հաղորդմանն ասել եք ամենակարեւորը աղբահանությունն է»:

«Վստահ մի եղեք, տիկին Խաչունց»,-պատասխանեց Վարդանյանը:

«Դե դուք էլ որոշ կասկածների վրա եք վստահ, որոնց երեւի գուշակ Մանուշակը կարող է պատասխանել»,-արձագանքեց Խաչունցը: Նա վստահեցրեց՝ տրանսպորտային ցանցի ծրագիրը չի կարելի արագ լուծել, կարճաժամկետ ու արագ լուծումներով խնդրի առաջ կկանգնեն. «Ընթացիկ խնդիրները լուծվում են, 70 ավտոբուսը չէին գործում, դրանք մաս-մաս գործարկվում են»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930