«Եթե ես պաշտոնի եմ նշանակել իմ հարազատին կամ բարեկամին, ապա ասեմ, որ դրանք հայեցողական պաշտոններ են: Զարմիկիս նշանակել եմ ինձ օգնական, ունեմ ևս մեկ բարեկամ, որին նշանակել եմ իմ խորհրդական: Նրանք կիրթ եւ փորձառու մարդիկ են»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով քննադատություններին, թե Արարատի մարզպետն իր ծանոթ-բարեկամներին է աշխատանքի ընդունում, ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Նկատառմանն ի պատասխան, որ ՀՀԿ-ն էլ էր այդպես արդարանում, Գարիկ Սարգսյանն ասաց. «Չեմ արդարանում: Եթե որեւէ բարեկամ կվնասի ընդհանուր գործին, ապա մեկ վայրկյան չեմ մտածի եւ աշխատանքից կհեռացնեմ նրան: Ես ատամներով չեմ պահում նրանց»: Մարզպետը հավելեց, որ մարզպետարանի՝ ավելի քան 130 աշխատակցից միայն երկուսն են իր բարեկամները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ