«Շիրակի պետական համալսարանը գտնվում է շատ վատ վիճակում: Ոչ թե ֆինանսական, այլ՝ բարոյահոգեբանական: Այստեղ զրո ակադեմիզմ է, ըստ էության, որովհետեւ ձեւավորվել են փոքրիկ խմբակներ, որոնք առաջնորդվում են բացառապես իրենց շահերով: Ես ամենայն լրջությամբ եմ ասում՝ եթե իրավիճակը շարունակվի այսպես, մենք հարց կդնենք բուհի կա՛մ լուծարման, կա՛մ միավորումների, որի արդյունքում կձեւավորվի նոր խորհուրդ եւ հարցերն այդպես կլուծենք»,- այսօր ԱԺ-ում հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այսպիսի հայտարարություն արեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նա ասաց, որ հիմա իրենք պետք է ջանք գործադրեն, որպեսզի իրավիճակը շտկվի եւ այդ խմբակների՝ միմյանց հետ պայքարի հարցը լուծվի:
«Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ասաց, որ Շիրակի համալսարանում իսկապես վիրահատական միջամտությունների կարիք կա, նախարարն էլ արձագանքեց. «Այո, եթե խելքի չգանք, Շիրակի համալսարանի հետ կապված, վիրահատական կլինեն միջոցները: Ես անձամբ երկու անգամ եղել եմ այդ բուհում, ամոթից գետինն էի մտնում, երբ այդ մթնոլորտը տեսնում էի, երբ դասախոսների միջեւ հարաբերություններն էի տեսնում, մի խայտառակություն, որը պետք է շտկել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ