Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրեց 2018-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը նախարարին հարց ուղղեց բուհերի կառավարման խորհուրդների, բուհերի ապաքաղաքականացման մասին՝ ասելով, թե թվում էր` պայքար է գնում բուհերի ապաքաղաքականացման դեմ, բայց էլի այդ կառավարման խորհուրդներում քաղաքական գործիչներ հայտնվեցին: Նա հարցրեց՝ շարունակելո՞ւ եք այդ գործընթացը:
Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Բուհերի ապաքաղաքականացման մասին եք խոսում, դա լիարժեք տեղի է ունեցել, այն մարդիկ, ովքեր կան բուհերի խորհուրդներում, նրանց այստեղ ընդգրկելու հիմնական նպատակը առնչությունն է եւ հասարակության մեջ ունեցած նրանց ազդեցությունն է: Եթե դուք խոսում եք որոշ պատգամավորների մասին, ապա նրանց թիվը շատ փոքր է բուհերում՝ մի քանի հարյուրներից կարող ենք մեկ կամ երկու ձեռքի մատների վրա հաշվել եւ նրանց ընդգրկելն այստեղ ամենեւին նպատակ չի ունեցել քաղաքական ազդեցություն ունենալ, այլ նպատակ է ունեցել ապահովել տվյալ բուհերի զարգացումը: Եթե շատ ուշադիր նայեք, ապա կտեսնեք, որ ձեր կուսակցությունից էլ կան այդ խորհուրդներում: Տարբեր կուսակցություններից կան: Զուտ նպատակը եղել է տվյալ ոլորտում կամ տվյալ բուհերի հետ առնչություն ունեցող ազդեցիկ մարդկանց ընդգրկել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ