Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրեց 2018-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:
Նա ասաց, որ նախորդ տարի կայունություն են փորձել ապահովել, իսկ արդեն այս տարի նկատվում է զարգացում:
«Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը հարցրեց՝ անցյալ տարի հայրենասիրական ծրագրերի կատարողականը շատ ցածր է, հատկապես՝ ռազմահայրենասիրական, ինչո՞վ է սա պայմանավորված: Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ դա կապված է Երկրապահի ակումբների ֆինանսավորման դադարեցմամբ, որ տեղի ունեցավ հունիս ամսին. «Այդ միջոցները մենք ուղղել ենք այլ ծրագրերի, մասնավորապես՝ «Քո արվեստը դպրոցում», ծախսել ենք կրթադաստիարակչական նպատակներով»:
Կարդացեք նաև
ԲՀԿ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանն էլ հարցրեց՝ ռազմագիտության կաբինետները պետք է ուսումնաօժանդակ նյութերով ապահովեիք, 0 տոկոս է կատարողականը, ի՞նչն է պատճառը, որ այդ ծրագիրն ընդհանրապես դուրս է մնացել: Նախարարը պատասխանեց. «Այս տարի մենք մի շարք ծրագրեր ենք առհասարակ դադարեցրել, այդ թվում նաեւ ուսումնաօժանդակ նյութերի պատրաստումը, որը պայմանավորված է նոր չափորոշիչների մշակմամբ: Մենք խիստ անարդյունավետ կդիմեինք նման նյութերի պատրաստումը, եթե հաշվի առնենք, որ մի քանի ամիս հետո մենք ունենալու ենք նոր չափորոշիչներ, դա կլիներ միջոցների զուր վատնում»:
Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի 22 նոր դպրոց են կառուցելու փոքրաթիվ աշակերտական կազմ ունեցող դպրոցներում:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հարցրեց՝ մանկական, մանկապատանեկան թերթերի եւ ամսագրերի տպագրություն հոդվածով 44 մլն դրամի ծախս է արվել, ես պետական նման թերթ չեմ հիշում, ի՞նչ ծախս է:
Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Երբ մենք ուսումնասիրեցինք դաշտը, տեսանք, որ տասնամյակներ շարունակ որոշ պարբերականներ ունեցել են առավելություն եւ պետության կողմից ստացել են սուբսիդիաներ, երբ ուսումնասիրում ես տվյալ պարբերականների զարգացումը տասնամյակներ, ապա տեսնում ես, որ գրեթե ոչ մի բան չի փոխվել տասնամյակներ: Մենք որոշեցինք, որ սա էլ պետք է լինի մրցույթով: Իհարկե, որոշ դժգոհություններ, աղմուկ եղավ, բայց մենք այս առումով հաստատակամ ենք: Դաշտը պետք է ազատականացվի եւ մրցակցություն լինի: Պարբերականներ կան, որոնք նույնիսկ կայք չունեն 21-րդ դարում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարում՝ 2014-ին պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության միջև կնքվել էր փոխըմբռնման հուշագիր` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ ստեղծելու և նրանց արդյունավետ գործունեությանն օժանդակելու վերաբերյալ: