Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ցույցի մասնակից. «Պատմաբանները Հայոց պատմության դասագրքերը վերածել են ագիտացիոն-պրոպագանդիստական գրքերի»

Հունիս 12,2019 15:25

«Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության (ՏՈԵՄ) անդամներն այսօր բողոքի ցույց անցկացրին ԳԱԱ Պատմության ինստիտուտի առջեւ՝ ընդդեմ Հայոց պատմության դպրոցական դասագրքերում առկա, ըստ իրենց՝ կեղծարարությունների:

Տարածած հաղորդագրությունում ՏՈԵՄ-ը տեղեկացրել էր, թե բազմիցս դիմել են ԿԳՆ համապատասխան մարմիններին, սակայն հարցը մինչ օրս լուծում չի ստացել կեղծարարների կողմից ԳԱԱ-ի Պատմության ինստիտուտը նեղ քարոզչական խմբակի վերածելու պատճառով:

ՏՈԵՄ-ը ժապավեններով փակել էր Պատմության ինստիտուտի մուտքը: «Խոսքը քաղաքական նպատակով կեղծարարության մասին է: Դպրոցական դասագրքերը որոշակի ուսումնասիրության ենթարկելուց հետո եկանք այն եզրակացության, որ այնտեղ տեղ են գտել քաղաքական կեղծարարություններ, որոնք կետ առ կետ ուղարկել ենք ԿԳ նախարարություն: Նրանք հարցում էին կատարել ԳԱԱ Պատմության ինստիտուտում, որի արդյունքում մենք հանդիպում ունեցանք: Սակայն դա շատ տհաճ ընթացք ունեցավ, քանի որ պատմաբան-պրոֆեսորները ոչ կոռեկտ պահվածք ցուցաբերեցին՝ նույնիսկ մեր անձը վիրավորող արտահայտություններ անելով: Մասնավորապես, մենք խնդրում էինք մեր հարցերին կետ առ կետ պատասխանել: Նրանք խուսափեցին եւ դրա փոխարեն դիմեցին մանիպուլյացիոն գործողությունների: Օրինակ, հարցեր էին տալիս պատմության մեր գիտելիքներն ստուգելու համար, որոնք կապ չունեին մեր հանդիպման թեմայի հետ, որովհետեւ մենք գնացել էինք ոչ թե որպես մասնագետներ, այլ քաղաքացիներ, որոնք ուզում են իմանալ, թե դասագրքերում ինչո՞ւ է տեղ գտել այնպիսի արտահայտություն, որտեղ, օրինակ, գնահատելով քաղաքական գաղափարախոսությունները՝ եզրահանգումներ են անում, թե ժամանակը ցույց տվեց, որ սոցիալիստական ուղղությունը սխալ է, իսկ ազգայնականը՝ ճիշտ: Երբ հարցրինք, որ երեխան ինքը կարող է որոշել՝ որն է ճիշտ, որը՝ սխալ, Պատմության ինստիտուտի պրոֆեսորներից մեկը, որի անունը չեմ տա չթիրախավորելու համար, պատասխանեց, թե 8-րդ դասարանի երեխան այդքան ուղեղ չունի, որ ընկալի ու վերլուծություն անի: Կամ, երբ խոսվում է Սասնո երկու ապստամբությունների մասին, մեկի դեպքում նշվում է կազմակերպիչ կազմակերպության անունը, մյուսի դեպքում չի նշվում: Մեր հարցին, թե ինչո՞ւ անաչառություն չի պահպանվել, պատասխանեցին՝ դա մեր հայեցողությունն է:

Մենք գտնում ենք, որ այսպիսի դեպքում պատմագետը չի պահպանում անաչառությունը, այլ անձնական վերաբերմունք դրսեւորելով՝ վարվում է որպես քաղաքական գործիչ: Նրանք պատմության դասագրքերը վերածել են ագիտացիոն պրոպագանդիստական գրքերի: Մասնավորապես, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության մասին այնպես է գրված, կարծես Հնչակյան կուսակցությունը 1896 թվականին դադարեց գոյություն ունենալ», – ասում է «Տխրունի» ուսանողական միության անդամ Ռադիկ Կարապետյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930