Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Էն գլխից այս ամենը բացառելու համար հորդորում եմ Ձեզ ընդունել ինքնաբացարկի միջնորդությունը». Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին

Հունիս 12,2019 14:40

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վերաքննիչ դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Վերաքննիչ բողոքի քննությունը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, ներկայացնելով մի շարք փաստեր ու պատճառաբանություններ, բացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին: Մասնավորապես նշեց, թե ինչպես է պատահել, որ երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունը հանձնվել է նույն դատավորին: Պաշտպանների գնահատմամբ` դա պայմանավորված է դատավորի անձի առանձնահատկություններով: «Հավանաբար նկատի են ունեցել, որ Դուք այն դատավորն եք, ով հազվադեպ է կայացնում այնպիսի դատական ակտ, որը հակասի Դատախազության դիրքորոշմանը»,֊ ասաց Հայկ Ալումյանը։

Նշենք, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, քննարկվում en ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները:

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Մինչ նախագահող դատավորը քննարկում էր նիստի լուսաբանման հետ կապված տեխնիկական հարցեր, դատական նիստերի դահլիճ եկավ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Հայկ Ալումյանն ասաց. «Ձեր նախագահությամբ դատարանը չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան: Դատարանի կազմը ձևավորվել է Եվրոպական կոնվենցիայի խախտումներով: Ուստի Դուք սույն գործով բողոքները քննելու համար պատշաճ դատավոր չեք: Ես Ձեզ բացարկ եմ հայտնում և միջնորդում եմ ինքնաբացարկ հայտնել»:

Այս հարցով դիրքորոշում հայտնեց նաև ՀՀ երկրորդ նախագահ, մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը: Նա հայտարարեց. «Ներկայացված բողոքը ցույց է տալիս, որ կան խիստ կասկածներ: Դատարանը հանրային հնչողություն ունի: Ես հորդորում եմ Ձեզ հասկանալ, որ այս գործով այս կարգի կասկածները չափազանց կարևոր է փարատել, իսկ դրանց փարատելը հնարավոր չէ առանց ինքնաբացարկի: Բավական լուրջ են ներկայացված հանգամանքները: Ուղղակի նկարած բան են կրիչի նյութերը, «կոմպյուտերի» միջամտություն կարծում եմ եղել է, նույնիսկ տարիներ անց հանցագործություն է եղել և հնարավոր է լինելու պարզել՝ ինչ է կատարվել: Էն գլխից այս ամենը բացառելու համար հորդորում եմ Ձեզ առանց անձնավորելու ընդունել ինքնաբացարկի միջնորդությունը»:

Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը և Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն ինքնաբացարկի միջնորդության հետ կապված կարծիք հայտնելու համար խնդրեցին ժամանակ տրամադրել:

Second President Robert Kocharyan’s case was examined at the Court of Appeals

Իր դիրքորոշումը հայտնեց նաև նիստին ներկա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը. «Կասկածներով փորձել դատարանին տանել ինքնաբացարկի, կարող ենք ցանկացած գործով անել, եթե անլրջացնենք ուղղակի գործընթացը»:

Տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, դիմելով դատավորին, ասաց՝ Ձեզ բացարկելու ավելի հիմնավոր փաստարկներ կան. «Այս բացարկի միջնորդությունն ավելի ձևական բնույթ ունի: Իրականում ենթադրությունների վրա հիմնված բացարկ է, Դուք որպես դատավոր Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին եք նշանակվել և պետք է որ այդ տեսանկյունից կասկածներ չլինեն: Մեզ համար պետք է մտահոգություններ առաջացնեին: Մեր ձեռքի տակ չկա հակադրման գործընթացի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը»:

Հայկ Ալումյանը հայտարարեց՝ գործը Արմեն Դանիելյանին մակագրելու միակ շահագրգռվածությունը եղել է դատախազությանը. «Չեմ բացառում, որ դատախազությունն այս առիթն օգտագործի քննություն նախաձեռնի և դա ավարտի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշմամբ, որ հետո ինչպես պարոն Քոչարյանն ասաց, տարիներ հետո, երբ այս բոլոր հարցերը կանգնեն, արդեն համապատասխան քրեական գործ հարուցելը կլինի բացառված, քանի որ 2019-ին կայացված է եղել քրգործ հարուցելու մասին որոշում»:

Արձագանքեց Արթուր Դավթյանը. «Դատախազությունը շատ լավ գիտի իր անելիքը նման հաղորդումների վերաբերյալ և դատախազությունն իր գործառույթները նաև այս փուլում իրականացնելու է բացառապես օբյեկտիվ: Հույս ունեմ, որ մեր գործընկերները, ում հայտնի է այդ արձանագրության վերաբերյալ տեղեկություններ, քրեական օրենսգրքում նախատեսված կարգով պարտք համարեն ներկայանալ և այդ տեղեկությունները հայտնել իրենց բոլոր իրավական հետևանքներով, թե մեկ ամիս հետո, թե հինգ տարի, թե տասը տարի հետո»:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ քրեական գործի հատորների քանակն ավելացել է և որ այդ մասին տեղեկացել է Դատական տեղեկատվական համակարգից՝ 83 հատոր դատական գործը դարձել է 88 հատոր: Գործի ավելացած հատորների բովանդակությանը ծանոթանալու նպատակով պաշտպանները խնդրեցին տրամադրել հատորները և ժամանակ:

Դատական նիստը հետաձգվեց, նշանակվեց հունիսի 14-ին՝ ժամը 10.30-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930