Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անսասան եղբայրություն 2019» զորավարժությունները հարձակողական բնույթ ունեին. Տարոն Հովհաննիսյան

Հունիս 12,2019 14:20

«Ըստ հայտարարվածի` հակահարձակողական էին, ըստ բնույթի` հարձակողական»,- այսպես է բնութագրում հունիսի 7-11-ը Նախիջեւանում անցկացված թուրք-ադրբեջանական` «Անսասան եղբայրություն 2019» զորավարժությունները «Օրբելի» կենտրոնի փորձագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը: Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ փորձագետն ասաց, որ նման մեծ մասշտաբի թուրք-ադրբեջանական զորավարժություններ տեղի են ունեցել նաեւ 2017 թվականին, դարձյալ Նախիջեւանում:

Հիշեցնենք, որ այդ զորավարժությունների ընթացքին հետեւել են Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները: Փորձագետի դիտարկմամբ, այդ զորավարժություններում Ադրբեջանը եւ Թուրքիան ներգրավվել էին իրենց սպառազինություններում առկա գրեթե ողջ զինտեխնիկան` նաեւ տանկեր, ինքնաթիռներ եւ այլն:

Այդ ընթացքում Արցախի սահմանին իրավիճակի լարումը, ինչի արդյունքում թե ադրբեջանական, թե հայկական կողմը մարտական կորուստներ ունեցան, փորձագետը հավաստիացնում է, որ զորավարժության հետ կապ չունի: Ասում է`ընդհանուր իրավիճակի հետ է կապված:

Իր գնահատմամբ, վերջին տարիներին, Թուրքիան` Ադրբեջանի միջոցով, փորձում է իր դիրքերն ամրապնդել տարածաշրջանում, ինչը հարվածում է ՌԴ-ի շահերին: «Ռուսական կողմն այստեղ անհանգստանալու տեղ ունի»,- ասում է փորձագետը`հավելելով, որ հայկական կողմն էլ միշտ պետք է իր զինված ուժերի մարտունակությունը բարձրացնի:

Հիշեցնենք, երեկ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ռազմական կցորդը հայտարարել էր, որ զորավարժությունները նախօրոք հայտարարված էին եւ ընթացել են ըստ սցենարի ու ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել:

Aravot.am-ի հարցին պատասխանելով` փորձագետը վստահեցրեց, որ քիչ հավանական, գրեթե անհավանական է, որ Նախիջեւանի հատվածում Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ գործողություններ ծավալեն Հայաստանի դեմ: Ըստ նրա, այդ հատվածում միայն լարվածությունը կարող է աճել, ինչպես ակնհայտ է դառնում վերջին երեք-չորս տարիներին:

Այլ մանրամասները` տեսանյութում

Մեր դիտարկմանը` համահո՞ւնչ են հայկական կողմից հնչեղ խաղաղության քարոզները եւ Ադրբեջանի` ուժի նման ցուցադրությունները, Տարոն Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Երբ մենք խոսում ենք մեր կողմից խաղաղության կոչերի մասին, չափազանցում ենք»:

Նա հիշեցնում է, որ խաղաղության քարոզը բանակցային գործընթացում համարվել է կարեւոր թելերից մեկը, որը հիմնական խնդրի քննարկման համար հարթակ կլինի: Նաեւ նկատում է, որ սկզբնական շրջանում հայկական կողմը ակտիվ փորձում էր հետեւել փարիզյան այդ պայմանավորվածությանը, մինչեւ Ադրբեջանի կողմից ատելության քարոզի բացահայտ հայտարարումները: «Մարտից ՀՀ պաշտպանության նախարարը ավելի հստակ խոսեց, հետո նաեւ ՀՀ վարչապետը խոսեց այն մասին, որ պայմանավորվածության միակողմանի պահպանում չի լինելու»,- ասաց բանախոսը` հիշեցնելով նաեւ Արցախի սահմանում լարվածության վերջին շրջանում տարբեր գերատեսչություններից հնչած հայտարարությունները եւ քայլերը. «Եթե սա խաղաղության կոչ է, ես դրան դեմ չեմ: Հայկական կողմը միշտ պատրաստ է խաղաղության, բայց ադրբեջանական կողմն է խախտում պայմանավորվածությունները: Սա է՝ ինչ տեսնում ենք վերջին կես տարում»:

Ինչ վերաբերվում է պատերազմի վերսկսման հավանականությանը, փորձագետի կարծիքով, դա միշտ էլ կա, բայց կանխագուշակումներ չի ցանկանում անել, քանզի պատերազմի վերսկսումը կախված է մի շարք գործոններից:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930