«Ադրբեջանը հետեւողական ձեւով պատրաստվում է պատերազմի»,- այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում կարծիք հայտնեց Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը` վերլուծելով վերջին տարիներին Ադրբեջանի կողմից պարբերական բնույթ կրող լայնածավալ զորավարժությունների անցկացման դինամիկան եւ դրանց բնույթը:
Վերջին զորավարժությունները, հիշեցնենք, հունիսի 7-11-ն էին` Նախիջեւանի սահմանում, Թուրքիայի հետ համատեղ: Վերջին մեկ տարվա ընթացքում, թուրք-ադրբեջանական արդեն երկրորդ լայնամասշտաբ զորավարժություններն էին, որում ընդգրկված էին 5000 մարդ, 200 միավոր զրահատեխնիկա, 21 միավոր օդուժ, երկու դասակ հետեւակի մարտական մեքենաներ, վեց դասակ մեքենա եւ այլն: Դրանք ընթանում էին «Անսասան եղբայրություն 2019» նշանաբանով:
Վերջին տարիներին, Ադրբեջանում առնվազն տարեկան երեք անգամ զորավարժություններ են իրականացվում` տարբեր մասշտաբի:
Կարեն Վրթանեսյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այդ զորավարժություններին զուգահեռ, աստիճանաբար լարվում է Արցախի սահմանում իրավիճակը. երկու կողմերից էլ մարտական կորուստներ կան: Ադրբեջանական կողմը պաշտոնապես հայկական կողմին է մեղադրում լարման համար, բայց փորձագետի դիտարկումներով, ադրբեջանական մամուլը «որսի սեզոն» է հայտարարել: Մինչդեռ հայկական կողմը բավական զուսպ է լուսաբանում, նաեւ իր կարծիքով, պաշտոնական արձագանքներն էլ շատ զուսպ են: Բանախոսը նկատում է`ավելին, ինչ-որ դավադիրների ենք փնտրում, թշնամիներ ենք հորինում եւ «աճեցնում»` ստվերում թողնելով իրական թշնամուն. «Մենք բնատուր թշնամիներ ունենք, նոր թշնամիներ ստեղծելու կարիք չկա»:
Կարդացեք նաև
Կարեն Վրթանեսյանի դիտարկումներով եւ վերլուծություններով, հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ, ադրբեջանական կողմը Նախիջեւանում պաշտպանվելու է`Թուրքիայի ներգրավմամբ: Հարձակողական գործողությունները լինելու են Արցախի կողմից: Արդեն մի քանի տարի այս սցենարն են իրենք կատարելագործում: Եվ, ի հեճուկս հայկական կողմի բոլոր խաղաղասիրական խոսակցությունների եւ ակնկալիքների, Ադրբեջանն, ըստ նրա, գիծ ունի, որով շարժվում է եւ որն արդեն ոչ էլ թաքցվում է` Արցախի հարցն ի օգուտ իրենց լուծելու: Այս համատեքստում, արտաքին թշնամու մասին խոսակցությունները Կարեն Վրթանեսյանի կարծիքով, հռետորաբանություն եւ պաթոս չեն: Եվ այս իրավիճակում մեր ներքին թուլությունները, մանավանդ Արցախի ուղղությամբ, թուլացնում են մեր դիրքերը: Ընդ որում, արտաքին երկու թշնամիներից` Ադրբեջան եւ Թուրքիա, առավել ագրեսիվն, ըստ նրա, Ադրբեջանն է:
Մանրամասները` տեսանյութում
Կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանի դիտարկումներով էլ, Նախիջեւանում տեղի ունեցած վերջին զորավարժությունները պաշտպանողական էին: Նա չի կարծում, որ այդ սցենարը հնարավոր է խաբուսիկ լինի: Aravot.am-ի հարցին ի պատասխան, բանախոսն ասաց, որ սեփական ուժերի գնահատման տեսանկյունից`Ադրբեջանին ավելի հարմար է Արցախից հարձակվել, Նախիջեւանից պաշտպանվել:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարեն Վրթանեսյանն էլ հավելեց, եթե Արցախի առաջնագծում իրավիճակը թեժանա, մենք ստիպված ենք լինելու Նախիջեւանում լրացուցիչ ուժեր պահել, քանզի այդ ուղղությամբ թշնամին փորձելու է մեր կոմունիկացիաներին խփել. «Նախիջեւանը մի կողմից կարծես պլացդարմ է, մյուս կողմից`պաշարված ամրոց»: Նա վստահ է, որ ուշադիր հետեւում են այդ գործընթացներին եւ համապատասխան հետեւություններ անում են: «Հարցն այստեղ հասարակությանն ուղղվող ուղերձներն են`խաղաղության պատրաստելու մասին: Մենք պարտավոր ենք հանրությանն ասել, որ ամեն ինչ անամպ չէ, ինչպես որոշ խմբեր են ներկայացնում»,- ասաց Կարեն Վրթանեսյանը` հավելելով, որ մինչ մենք Ադրբեջանի զինվորի աչքեր եւ հուզական այլ բաներ ենք քննարկում, ադրբեջանական զինվորները շատ կոնկրետ գործողությունների են պատրաստվում:
Aravot.am-ի հարցին` իր կարծիքով միտումնավո՞ր է տարվում այդ քարոզը, թե՞ անգիտակցաբար, մանավանդ, որ այդ քարոզը կարծես ՀՀ իշխանությունների կողմից էլ է խրախուսվում: Կարեն Վրթանեսյանն ասաց, որ դեռ 2000-ականներից, Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք հետեւողական ձեւով այդ պացիֆիստական քարոզը վարել են`ֆիլմեր, սեմինարներ եւ այլն, եւ ասում էին, թե դա հասարակությունների մեջ թշմանությունը մեղմելու միջոց է: «Մենք տեսանք ապրիլյան պատերազմը, որի ժամանակ, այդ պատերազմի դեմ, այդ միջոցառումներին մասնակցած հարյուրավոր մարդկանցից ոչ ոք ոչ մի բառ չասաց: Բացառությամբ մեկ-երկուսի:
Լինելով ընդդիմադիր այդ մարդիկ ուրախ էին, որ Ալիեւը պատերազմ է սկսել: Այո նպատակաուղղված է, որովհետեւ քսան տարի միլիոնավոր դոլարներ եւ եվրոներ են հատկացվել այդ միջոցառումների համար»,-ասաց Կարեն Վրթանեսյանը հավելելով, որ Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք երկու տարի բանակի դեմ քարոզ են իրականացնում, այդ կազմակերպությունների անդամներից էլ այսօր իշխանության տարբեր ճյուղերում են: Նա նաեւ հարց է հնչեցնում`ինչո՞ւ լռեցին հայ պացիֆիստներն ապրիլյան պատերազմի ժամանակ:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երբ հրանոթները կրակում են ,,պացիֆիստները,,լռում են….
Մյուս կողմից՝1924թ. ռուս-թուրքական պայմանագրով երրորդ երկիր իրավունք չունի միջամտել Նախիջևանի հարցում,որին ,,գարանտ,,են Ռուսաստանն ու թուրքիան,ասել կուզեմ,որ ՌԴ-ն չպետք է թույլ տար թուրքական զորքերի մուտքը Նախիջևանի տարածք:
Հա,մոռացա,որ ռուսներն ու թուրքերը բարեկամներ են…..