Տարիներ առաջ, երբ ԱԺ-ում քննարկվում էր կառավարության ներկայացրած սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությանը հարկային արտոնություն տալու օրենսդրական փաթեթը, այն ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, վիճելով իշխանական պատգամավոր Վարդան Այվազյանի հետ, ասաց. «Ասում եք՝ արտոնություն ենք տալիս վարսավիրանոցներին, տատիկները վարսավիրանոց են գնում, պապիկները վարսավիրանոց են գնում, բայց սահմանապահ գյուղերում տատիկ-պապիկները կամ մազ չեն կտրում կամ իրար մազ են կտրում, դրանով լուծվում է: Իսկ հոսանքի, գազի փող ամեն օր են տալիս: Այդ մարդկանց տալիս եք գիտահետազոտական արտոնություններ, որոնց էֆեկտն այդ մարդիկ երբեք չեն տեսնի»:
Այսօր 2018-ի բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը խոսեց սահմանամերձ համայնքների արտոնությունների մասին: ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հիշեցրեց, թե ինչ էր ասում Փաշինյանը.«Իրականում արտոնյալ պայմաններ սահմանել սահմանամերձ համայնքներում, դա դեռ ոչինչ չի նշանակում: Դա նույնն է, որ Բարձրունի գյուղի բնակչին Ամերիկայի տոմս նվիրեք, երբ նրան ոչ ոք վիզա չի տալիս: Արտոնությունը տալիս եք՝ որեւէ հնարավորություն չեք տալիս, որ արտոնությունից օգտվի: Վարչապետը տարիներ առաջ ասում էր՝ վարսավիրանոցը հարկից ազատում եք, որ ի՞նչ անեք, տատիկ-պապիկները գյուղերում իրար մաս են կտրում: Այդ տենդենցը պահպանվել է»:
Նա առաջարկեց, որ եթե որեւէ արտոնություն են տալիս, հասցեական տան, որ գործի. «Պետք է օգտագործել առնվազն ներքին ռեսուրսները, օրինակ, կարող ենք օգտվել այն հանգամանքից, որ ՊՆ-ն պատվերներ է իջեցնում: Կոնկրետ պայմանական ասած զինվորների գլխարկները կամ գոտիները թող արտադրեն, կարեն սահմանամերձ համայնքները: Այդ դեպքում արտոնությունը իմաստ կունենա»:
Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ «Տավուշ տեքստիլը» հենց արտոնություններ տալու արդյունքում է եղել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ