Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Թուխիկյան. Նախկինում մշակույթի ոչ մի նախարար չի բացատրել ֆինանսների պատասխանատուներին, որ մշակույթը կամ արվեստը գործունեության ստանդարտ տեսակ չեն. «Հրապարակ»

Հունիս 12,2019 12:21

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանը նշանակվեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ։

Ամիսներ առաջ շրջանառվեց ՊՈԱԿ-ների կրճատման, միավորման մի փաստաթուղթ, որի հեղինակը մշակույթի նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանն էր, եւ որը, ըստ նրա, սեւագիր տարբերակն էր։ Ինչպես նշել էր Ղարիբյանը, կան ՊՈԱԿ-ներ, որտեղ 3 հոգի է աշխատում, եւ նման ՊՈԱԿ-ները պետք է օպտիմալացվեն։

Արդյոք ինքը վերադառնալո՞ւ է այդ սեւագիր տարբերակին՝ հասկանալու համար խնդիրը, թե՞ այլ մոտեցում է որդեգրելու։ «Մշտադիտարկում անպատճառ պետք է արվի, եւ եթե կան նման ՊՈԱԿ-ներ, որտեղ մի տնօրեն, մի հաշվապահ ու մի աշխատող է աշխատում, բնականաբար, դրա լինելիության հարցը պետք է որոշվի։ Եթե կան ՊՈԱԿ-ներ, որ զուտ կառավարչական իմաստով վատ են աշխատում, պետք է հասկանանք, թե ինչու են վատ աշխատում։ Չնայած օրակարգում չկա միավորման հարց, բայց քննություն պետք է անցկացվի՝ աշխատանքի արդյունավետության հետ կապված։ Պետք է վերլուծենք, հասկանանք եւ գանք արմատին։ Արդյունավետ չէ, որովհետեւ տնօրենը լավ չի՞ աշխատում, թե՞ ուրիշ պատճառներ կան։ Պետք է բոլոր խնդիրները լուծենք, ոչ մի անլուծելի հարց չկա։ Շատ հաճախ մարդիկ կաբինետներում նստում են եւ կտրվում աշխարհից։ Այդպես հնարավոր չէ որեւէ բան շտկել։ Պետք է հասկանալ, թե ինչն է խոչընդոտում»,– ասում է Թուխիկյանն ու հավելում, որ հաճախ մշակույթի մարդկանց խոչընդոտում են գանձապետարանի հետ կապված հարցերը, գնումների մասին օրենքը։

«Հատկապես ստեղծագործական կոլեկտիվներում, որովհետեւ ստեղծագործության համար հայտարարվող մրցույթները գնումներից նույն ընթացակարգով են արվում, ինչպես որ, ասենք, ասֆալտ կգնեն՝ փողոցներն ասֆալտապատելու համար, իսկ սա աբսուրդ է։ Այդ հարցը մենք ե՛ւ ԱԺ-ում էինք բարձրաձայնել, ե՛ւ մեր հանձնաժողովն է քննել, այսինքն՝ մենք պետք է օժանդակենք մշակույթի ոլորտի զարգացմանը եւ ոչ թե լուռ մնանք, եթե մեկ ուրիշ գերատեսչություն մշակույթի համար ոչ այնքան ճիշտ օրենքներ կամ կարգեր է մեջտեղ բերում։ Նախկինում մշակույթի ոչ մի նախարար չի բացատրել ֆինանսների պատասխանատուներին, որ մշակույթը կամ արվեստը գործունեության ստանդարտ տեսակ չեն, եւ, ուրեմն, պետք է բացառություն անենք, ինչ-որ ենթակետ ավելացնենք ստեղծագործական կարիքների համար, թե, օրինակ, գնումների ընթացակարգն ինչպիսին պետք է լինի։ Աշխարհում այդ փորձը կա, պարզապես, իմ համոզմամբ, այդ մարդկանց հետ ոչ ոք չի նստել խոսել»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930