Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ԱԺ հանձնաժողովների նիստում ներկայացրեց 2018-ի պետբյուջեի կատարման հաշվետվությունը:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նրան հարցրեց Ամուլսարի խնդրից. «Եթե չեմ սխալվում, մինչեւ մայիսի վերջ միջազգային կազմակերպությունը, որին վճարված էր մի քանի հարյուր հազար դոլար, պետք է տար եզրակացություն, կա՞ արդեն այդ եզրակացությունը: Եթե կա, ի՞նչ է բխում, մեր հանրությունը իմանա, թե Ամուլսարի ճակատագիրն ի՞նչ է լինելու»:
Նախարարը պատասխանեց. «Եզրակացությունն արդեն Քննչական կոմիտեն ստացել է եւ եզրակացությունը քրգործի շրջանակներում փաստացի ապացույցներ ձեռք բերելու գործընթացի մի մաս է կազմում: Եզրակացությունից հետո Քննչական կոմիտեն կտա տեղեկատվություն՝ եզրակացության հիման վրա: Եթե եզրակացությունը կլինի բացասական ու կնշվի, որ վտանգները, որ առկա են կազմակերպության գործունեության հետ, անհամատեղելի են մասնավորապես, օրինակ, ջրային ռեսուրսների հետ, ապա, կարծում եմ, ՀՀ կառավարությունը իրավական գործընթաց կիրականացնի, որպեսզի այդ աշխատանքները դադարեցվեն»:
Մելքումյանն արձագանքեց՝ կարո՞ղ է ձգձգեք մի վեց ամիս՝ նախարարը պատասխանեց, որ հունիսի վերջին կլինի վերջնական արդյունքը:
Կարդացեք նաև
Aravot.am-ը Քննչական կոմիտեից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկատվություն ունի ՔԿ-ն այս առնչությամբ: Ի՞նչ է հայտնի՝ խախտումների հետ կապված: ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը պատասխանեց. «Քննչական կոմիտեն մայիսի 31-ին ստացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության՝ ջրային ռեսուրսների եւ երկրաբանության վրա ազդեցության գնահատման նախնական եզրակացությունը: Եզրակացությունը բաղկացած է 150 էջից եւ այս պահին գտնվում է թարգմանության փուլում: Համալիր փորձաքննության եզրակացությունն ամբողջությամբ ՀՀ Քննչական կոմիտեին կտրամադրվի պայմանագրով սահմանված ժամկետում»: ՔԿ-ն դեռ երկու ոլորտի փորձաքննություն է ստացել, այն էլ՝ նախնական, հունիսի 28-ին կստանան վերջնական եզրակացությունը ու այդ ժամանակ էլ կհայտարարեն արդյունքները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ