Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների երկու օր տեւած քննարկումներին ԲՀԿ-ից որեւէ ներկայացուցիչ չի եղել.

Հունիս 12,2019 12:05

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս հանգստյան օրերին եւս մեկ քննարկում է եղել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների թեմայով, սակայն ոչ խորհրդարանում եւ ոչ խորհրդարանականների նախաձեռնությամբ։ Հանգստյան օրերին տեղի ունեցած քննարկումները կազմակերպած է եղել Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը։ Սակայն տեղեկացանք, որ երկու օր տեւած քննարկումներին մասնակցել են միայն իշխող ուժի պատգամավորները եւ Կարեն Սիմոնյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, իսկ ԲՀԿ-ից որեւէ ներկայացուցիչ չի եղել հանդիպմանը. թերեւս նրանք զբաղված են եղել Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններով։ Բացի պետաիրավական հանձնաժողովի անդամներից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հարցում ակտիվ են նաեւ իշխող խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանը եւ Հերիքնազ Տիգրանյանը։ Վերջինս նույնպես մասնակցել է հանգստյան օրերին կազմակերպված քննարկումներին։

Հերիքնազ Տիգրանյանը  հաստատեց, որ նման հանդիպում եւ քննարկում եղել է, եւ հաստատեց մեր տեղեկություններն այն մասին, որ ԲՀԿ խմբակցությունից որեւէ ներկայացուցիչ չի եղել հանդիպմանը։ «Քննարկումը կազմակերպված էր այն հարցի շուրջ, թե ինչպես ենք պատկերացնում ընտրական համակարգը՝սկսած նախընտրական պրոցեսից։ Ցավոք սրտի, այդ հրավերին միայն մեր խմբակցությունն էր արձագանքել եւ ԱԺ նախագահի աշխատակազմը։ Երկօրյա քննարկումների արդյունքում մեզ չեն միացել այլ պատգամավորներ։ Եվ ստացվում է՝ ճանաչողական քննարկումներից իրենք դուրս են մնացել։ Հույս ունեմ, որ պաշտոնական քննարկումների ժամանակ իրենք ակտիվ մասնակցություն կունենան»,- նշեց նա։

Դիտարկմանը՝ որն է պատճառը, որ պաշտոնական աշխատանքային խմբի ստեղծման հարցերը դանդաղում են, Տիգրանյանը դժվարացավ պատասխանել՝ մեկնաբանելով դրանք որպես կազմակերպական հարցեր։ «Շտապելու հարց եւս չունենք, չեմ կարող ասել՝դանդաղում ենք։ Մենք հանգիստ ռեժիմի մեջ ենք, որովհետեւ այսպես եթե նայենք, ապա համապետական ընտրություններին դեռ շատ ժամանակ կա, առջեւում մենք ունենք երկու խոշոր համայնքներում ընտրություններ, բայց ելնելով ընտրությունների եւ հանրաքվեների լավագույն փորձից, որը մատնանշված է Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթերում, գոնե պետք է մեկ տարի առաջ այդ փոփոխություններն արված լինեն։ Ես կարծում եմ, որ, ըստ էության, կհասցնենք անել փոփոխությունները, քանի որ նախորդ տարի արդեն վարչապետի որոշմամբ ստեղծված ընտրական բարեփոխումների հանձնախումբն արդեն իսկ մի պատրաստի նախագիծ ունեն, եւ եթե կողմերը համաձայնեն այս նախագիծն ընդունել որպես սկզբնակետ, եւ այստեղից կարող ենք հոդված առ հոդված Ընտրական օրենսգիրքը փոփոխելով գնանք», – նշեց նա՝ հավելելով, որ, ամեն դեպքում, քննարկումները բավականին թեժ կանցնեն։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930