Անհերքելի Ճշմարտություն է՝ տեխնոլոգիական մեր դարաշրջանում անհնար է պատկերացնել պետության զարգացումը, հասարակության առաջընթացն առանց տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների լայն հնարավորությունների կիրառման:
Ժամանակակից աշխարհում գրեթե բոլոր ոլորտներում ՏՀՏ-ի կիրառմամբ շրջադարձային փոփոխություններ են արձանագրվել. նոր ու գրավիչ հորիզոններ են բացվել, բազում նորարարական լուծումներ են մշակվել, եւ անվիճարկելի է նաեւ կրթության ոլորտում դրանց դերի կարեւորությունը:
Տեղեկատվական տեխնոլոգիաները կրթական համակարգում չափազանց գործունակ միջոց են, որոնց ընձեռած հնարավորությունները կրթության նկատմամբ աշակերտների հետաքրքրությունն ավելացնելու, ուսումնական նյութն առավել գրավիչ, բազմաբովանդակ դարձնելու եւ բազմաթիվ այլ առումներով, իսկապես, անսահմանափակ են:
Դրանց կիրառումն այսօր միանգամայն նոր պահանջներ է դրել կրթական համակարգերի առջեւ եւ հմտությունների ու գիտելիքների շարունակական նորացման, կրթական գործընթացի հանդեպ նախկին մոտեցումների ու ընկալումների փոփոխության անհրաժեշտություն առաջացրել:
«Մեկ երեխա-մեկ համակարգիչ». նոր հնարավորություններ, նոր հեռանկարներ…
Հայաստանի Հանրապետությունում ՏՀՏ-ի ներդրման համակարգված գործընթացի մեկնարկը կարելի է համարել 2004 թ.-ը: Անցած տարիների ընթացքում, անշուշտ, մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, որոնք զգալի առաջընթաց են ապահովել կրթական ոլորտում եւ հուսալի հենք են ստեղծել հետագա զարգացման համար: Սակայն անհրաժեշտ է ՏՀՏ-ի կիրառումը կրթական ոլորտում բարձրացնել որակական նոր մակարդակի, իսկ այդ գործընթացի կարեւորագույն պայմաններից մեկը բոլոր սովորողների համար համակարգչային տեխնոլոգիաների եւ ինտերնետ կապի հավասար մատչելիության ապահովումն է:
Կարդացեք նաև
Հենց այդ եւ մի շարք այլ նպատակների իրագործմանն է միտված ՀՀ կառավարության 2015 թ. ապրիլի 9-ի N 15 արձանագրային որոշմամբ հաստատված «Առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու՝ «Մեկ երեխա -մեկ համակարգիչ» (այսուհետ՝ «Մեկ երեխա -մեկ համակարգիչ») ծրագիրը:
«Մեկ երեխա -մեկ համակարգիչ» ծրագրի փորձնական փուլի իրականացումը վստահվել է «Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ»-ին, քանի որ մենք ունեինք նման ծրագիր իրականացնելու փորձ: Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներն են՝ դպրոցներին ապահովել դասագրքերով, իրականացնել դասագրքերի շրջանառության համար մշակված մեխանիզմը, օժանդակել դպրոցներին դասագրքերի ձեռքբերման, տպագրման, հայտերի ձեւավորման եւ այլ աշխատանքներում»,-մեզ հետ զրույցում նշեց «Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» գործադիր տնօրեն Գոռ Գասպարյանը:
«Մեկ երեխա -մեկ համակարգիչ» ծրագիրը փուլային է: Առաջին՝ փորձնական փուլն իրականացվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ 2015թ. սեպտեմբերից մինչեւ 2019թ. օգոստոս ամիսը: Նշված ժամանակահատվածն ընդգրկում է 4 ուսումնական տարի, ինչը հնարավորություն է ընձեռում ծրագրում ընդգրկել տարրական դպրոցի 1-4-րդ դասարանները եւ ցուցաբերել ամբողջական մոտեցում տարրական դպրոցին:
«Փորձնական փուլի ավարտին ՀՀ կառավարությանն ամբողջական հաշվետվություն կներկայացվի, որտեղ արտացոլված կլինեն ինչպես արդյունքները, այնպես էլ խնդիրները, ըստ այդմ էլ կքննարկվի հետագա փուլերն իրականացնելու հարցը»,-հավելեց Գոռ Գասպարյանը:
«Մեկ երեխա-մեկ համակարգիչ» ծրագրի նպատակն է կրթության որակի, մատչելիության եւ արդիականության բարձրացումը ՏՀՏ-ի կիրառման միջոցով:
Ծրագրի փորձնական փուլի ընթացքում 2015թ.- սեպտեմբերից յուրաքանչյուր ուսումնական տարի ՀՀ Վայոց ձորի դպրոցների առաջին դասարանի աշակերտներին տրամադրվել են անվճար «Արմթաբ» պլանշետներ՝ ուսումնական գործընթացում որպես ուսումնաօժանդակ նյութ կիրառելու նպատակով:
Ծրագիրը միտված է մի շարք կարեւոր խնդիրների լուծմանը.
- Վաղ տարիքից աշակերտներին հաղորդակից դարձնել ժամանակակից տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաներին, սովորեցնել աշխատել դրանցով եւ ապահովել տեղեկատվության լայն հասանելիությունը:
- Արդեն իսկ տարրական կրթության աստիճանում աշակերտների շրջանում խիստ անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների զարգացումը, մասնավորապես՝ մեդիագրագիտությունը, ստեղծագործ, քննադատական ու համակարգված մտածողությունը եւ այլն:
- Ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացումը:
- Դասավանդման նոր մեթոդների զարգացումը եւ ուսուցանվող նյութի՝ աշակերտների կողմից յուրացման դյուրինացումը:
- Աշակերտների համագործակցային հմտությունների զարգացումը՝ համակարգչային տեխնոլոգիաների միջոցով համատեղ ծրագրերի իրականացման, ուսուցիչների, սովորողների, ծնողների ու դպրոցի վարչական աշխատակազմի միջեւ տեղեկատվական ու համացանցային կապերի ստեղծման միջոցով եւ այլն:
- Երկրում համակարգչային տեխնոլոգիաների արտադրության խթանումը:Շարունակելի…
Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12. 06.2019 թ.