Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ռոմանոս Պետրոսյանը, քանի որ խոշոր պետական, քաղաքական, կուսակցական գործիչ է, ինչպես իր մասին նշել է հայ Վիքիպեդիայում, պիտի ունենա խոհեմություն». Նաիրա Զոհրաբյան

Հունիս 12,2019 11:31

«Աբովյանցին պարտվեց քրեաօլիգարխիկ, կրիմինալ պանյատներով ապրող պատգամավորի»,- այսպես էր արձագանքել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Աբովյանում քաղաքապետի ընտրությունների հետ կապված, որի արդյունքում գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը հաղթեց ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանին:

Սա ասելով՝ մարզպետը նկատի ուներ ԲՀԿ պատգամավոր Էդուարդ Բաբայանին, քանի որ նա աջակցում էր Գեւորգյանին: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Որքան ծանոթ եմ ՀՀ Սահմանադրությանը, երկրի ղեկավարը ՀՀ վարչապետն է եւ եթե վարչապետը, որը ՔՊ-ի առաջնորդն է, հայտարարում է, որ Աբովյանում հաղթեց հեղափոխությունը եւ հաղթեց ժողովրդավարությունը, նրա թիմակից մարզպետը վարչապետի հայտարարությանը հակասող հայտարարություն է անում, ապա այստեղ միանշանակ պիտի կիսեմ Էդմոն Մարուքյանի տեսակետը, որ եթե մարզպետը գաղափարական, քաղաքական, մարդկային, կենսաբանական, ֆիզիոլոգիական բուռն հակասություն ունի իր վերադաս ՀՀ վարչապետի հետ, պիտի հրաժարական տա: Վիքիպեդիայում իր կենսագրությունը խմբագրելիս Ռոմանոս Պետրոսյանը շատ հպարտորեն գրել է՝ Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյան, հայ պետական քաղաքական , կուսակցական գործիչ: Ես գտնում եմ, որ հայ պետական, քաղաքական, կուսակցական այդ գործիչը պիտի հրաժարական տա, քանի որ իր հայտարարությունը հակասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Հաշվի առնելով Սահմանադրությունը՝ ՀՀ վարչապետի հայտարարությունը պիտի որ գերակա համարվի լոկալ նշանակության ղեկավարի հայտարարությանը»:

Թե ի՞նչ պարտադիր է, որ կառավարությունում բոլորը նույն կարծիքին լինեն, ինչ վարչապետը՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ինքը կարող է ունենալ իր տեսակետը, բայց եթե վարչապետի տեսակետը հակասում է իր տեսակետին, ինչպե՞ս է ինքը պատրաստվում աշխատել մի թիմում, որտեղ ինքը անձնապես գտնում է, որ տեղի է ունեցել քրեաօլիգարխիայի հաղթանակ եւ հպարտ աբովյանցին պարտվել է: Այդ դեպքում այստեղ խոսքի ազատության խնդիր չէ, եթե իր տեսակետը չի համընկնում, ինքն էլ պիտի չցանկանա աշխատել մի քաղաքական թիմում, որտեղ իր տեսակետին տրամաբանորեն 180 աստիճան հակառակ քաղաքական գնահատական է հնչում»:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, Ռոմանոս Պետրոսյանն ամեն ինչ արեց անձնապես՝ ընտրությունները «հարամելու» համար, բայց նրան չհաջողվեց: Մեր հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ Աբովյանում հին համակարգը հաղթեց, նման ձեւակերպում նույնպես հնչում է՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Բացարձակապես ոչ, որովհետեւ եթե մենք համեմատում ենք զուտ թեկնածուներին, ես բացարձակ միտում չունեմ վիրավորելու որեւէ թեկնածուի, ուղղակի նույնիսկ համեմատության եզրեր չկան իրավաբանական կրթություն ունեցող Վահագն Գեւորգյանի, ով երկար տարիներ ԱԺ-ում աշխատել է՝ որպես փորձագետ, այն թեկնածուի հետ, որը քարոզարշավի ողջ ընթացքում համր կանգնեց, որեւէ բառ չարտաբերեց, աբովյանցին չտեսավ նրա տեսլականը: Եվ եթե աբովյանցին գնար եւ կույր-կույր, միայն նրա համար, որ ինքը Նիկոլ Փաշինյանի թեկնածուն է, քվեարկեր իր օգտին, էդ ժամանակ ես կասի, որ հաղթեց հին համակարգը, որտեղ գնում են քվեարկելու՝ առանց հասկանալու, առանց մտածելու, ընդամենը նրա համար, որ  իշխանության թեկնածուն է: Ես համաձայն եմ Փաշինյանի հետ,որ հաղթել է հեղափոխությունը, այսինքն, հաղթել է նոր մտածելակերպը, նոր համակարգը եւ ժողովրդավարությունը»:

Հարցին՝ հիմա դուք ո՞նց եք պատկերացնում՝ Վահագն Գեւորգյանն ինչպե՞ս է աշխատելու այդ մարզպետի հետ՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Վահագն Գեւորգյանը շատ կոմպրոմիսային, տոլերանտ անձնավորություն է: Այստեղ խնդիրը մարզպետի մեջ է: Ինքը պիտի հասկանա, որ անձնական հարաբերությունները չի կարելի տեղափոխել աշխատանքային եւ քաղաքական դաշտ: Այդ դեպքում երկրում ցանկացած կառավարում կպարալիզացվի, որովհետեւ եթե մարդիկ որոշեն առաջնորդվել անձնական սիմպատիաներով եւ անտիսիմպատիաներով, ապա բոլոր պետական համակարգերում պետք է ամեն օր արմագեդոններ լինեն: Ռոմանոս Պետրոսյանը, քանի որ խոշոր պետական, քաղաքական, կուսակցական գործիչ է, ինչպես նշել է իր մասին հայ Վիքիպեդիայում, պիտի ունենա հայ խոշոր պետական, կուսակցական գործչին հարիր այնքան քաղաքական խոհեմություն, որ աշխատի այն քաղաքական գործչի հետ, որին իր վստահության քվեն ազատ եւ արդար ընտրության արդյունքում տվել է աբովյանցին՝ չնայած Ռոմանոս Պետրոսյանի բոլոր փորձերին՝ «հարամելու» ընտրությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930