ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմմոմուդին Միրզոյի Սատորովին։
Դեսպանը գոհունակություն է հայտնել համատեղ տարվող աշխատանքների ակտիվացման առթիվ։
Էկոնոմիկայի նախարարը և դեսպանը քննարկել են միջկառավարական տնտեսական հանձնաժողովի, դրա շրջանակներում գործարարների միջև երկխոսության ձևաչափին առնչվող հարցեր։ Կողմերն ընդգծել են Հայաստանի և Տաջիկստանի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների տնտեսությունների կառուցվածքը, արտահանվող հիմնական ապրանքները և ուղղությունները, համադրելի հնարավորությունները և համագործակցության հնարավոր ոլորտները։
Կարդացեք նաև
Դեսպանը նշել է, որ հեռանկարային ոլորտներից է տեղեկատվական տեխնոլոգիաները, որտեղ Տաջիկստանի գործարարները հետաքրքրված են ներդրումներ իրականացնել։
Կողմներն անդրադարձել են փոքր և միջին ձեռներեցության ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորություններին։
Իմմոմուդին Միրզոյի Սատորովը նշել է, որ իրենց շատ է հետաքրքրում հայաստանյան չրարտադրության ճյուղը և տեղեկացրել, որ շուտով Տաջիկստանի ամենամեծ համայնքներից մեկից գործարար պատվիրակություն է ժամանելու Հայաստան՝ ուսումնասիրելու Հայաստանի հաջող փորձը։
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ