Երիտասարդ աղջիկը, որը մեր շատ երիտասարդների նման 21-րդ դարի անկախ Հայաստանի քաղաքացի է, նկատողություն է արել երթուղայինի վարորդին՝ մեքենայում ծխելու համար: Վերջինս, որը դեռեւս ֆեոդալական Հայաստանի «խեղճուկրակ» բնակիչ է, նկատողությանը պատասխանեց լկտիաբար՝ էդ էր պակաս աղջկա ասելով սիգարետ հանգցներ: Բայց հետաքրքիրը նույն ֆեոդալիզմի շրջանում ապրող կանանց վարքն էր՝ երթուղայինի մնացած ուղեւորները անվերապահ սատարեցին կարգազանց վարորդին՝ «դե, տղամարդ է, նյարդայնացել է» ու սկսեցին կշտամբել օրինական պահանջ ներկայացրած աղջկան, որը մնաց միայնակ ագրեսիվ «ճահճի» դեմ: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է այդ «ճահիճը» մեկ տարի առաջ հեղափոխություն արել:
Փորձեմ պատասխանել այդ հարցին, բայց սկսեմ մի քիչ հեռվից: «Մենք վատ էինք ապրում, որովհետեւ մեզ թալանում էին»: Այս թեզի շուրջ կա լայն հասարակական կոնսենսուս: Ավելին՝ «մենք հիմա էլ ենք վատ ապրում, որովհետեւ մեզ 20 տարի թալանում էին, էս ջահելներն էլ չեն կարողանում երկիրը կարգի բերել»: Այս թեզի շուրջ նույնպես հիմնականում կա համաձայնություն: Մարդիկ չեն սխալվում՝ եթե «թալանելու» տակ նրանք հասկանում են իշխանավորների եւ նրանց հետ փոխկապակցված օլիգարխիայի անօրինական վարքը, ապա այդպես էլ կա: Բայց դա ճշմարտության կեսն է, նույնիսկ՝ ճշմարտության 30-40 տոկոսը: Իսկ ճշմարտության մնացած կեսը կամ 60-70 տոկոսը հետեւյալն է՝ «ես լավ չեմ ապրում, որովհետեւ ինքս սխալ վարք եմ դրսեւորում՝ ծույլ եմ, նախանձ եմ, վախկոտ եմ, նախաձեռնող չեմ, օրենքները չեմ հարգում, օրենքները խախտելու եւ հակահասարակական վարք դրսեւորելու հանդեպ հանդուրժող եմ, այդ խախտումների համար հազար ու մի «արդարացում» եմ գտնում, ինքս եմ խախտում կամ օգտվում եմ խախտումների օգուտներից, շարունակում եմ մտածել, որ միայն այդպես է հնարավոր «ընտանիք պահել» եւ այլն եւ այլն»:
Այդ թեզի վերաբերյալ Հայաստանում չկա ոչ մի համաձայնություն: Հիմա էլ այս տողերի համար ինձ հաստատ հակադարձելու են՝ «ինչո՞ւ ես էս խեղճ ժողովրդին մեղադրում»: Բայց մեր ժողովուրդը խեղճ չի, սովորական ժողովուրդ է, մնացածներից ոչ լավն է, ոչ վատը: Պարզապես ցանկացած երկրում կա որոշակի հիմնական զանգված, որը հետեւում է այդ երկրի մշակութային ավանդույթներին: Գերմանիայում, օրինակ, այդ զանգվածը (որի մեջ մտնում են նաեւ հայերը) գիտի, թե ինչ է Պետությունը, Օրենքը, պատասխանատվությունը, համակեցությունը: Իսկ Հայաստանում հիմնական զանգվածը դա չգիտի եւ չի էլ ուզում իմանալ: Վարորդը ու նրան սատարող կանայք հենց այդ մեծամասնությունից են:
Ինչպե՞ս է այդ զանգվածը հեղափոխություն արել: Եթե այդ մարդիկ մասնակցել են փողոցներ փակելուն, ապա մեխանիզմն, ըստ ամենայնի, հետեւյալն է. նրանք վստահ էին, թե որն է իրենց վատ ապրելու պատճառը, տեսնում էին, որ երիտասարդներն ընդվզում են, համոզվել էին, որ նրանց դեմ առանձնապես ուժ չի կիրառվում, հետեւաբար, դա քիչ թե շատ անվտանգ է, եւ նրանք էլ որոշեցին մասնակցել, մտածելով՝ գուցե «թալանչիները» գնան եւ դրանից իրենց կյանքը կլավանա: «Թալանչիները» գնացին, կյանքը չլավացավ: Որովհետեւ հիմնական զանգվածը մնաց նույնը:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Գերմանիայում ու մնացած ամբողջ քաղաքկիրթ հասարակություններում մարդկանց կրթում են դպրոցներում , եթե չասեմ մանկապարտեզում: Երբ դպրոց են գնում առաջին բանը, որ սովորեցնում են դա ՀԱՐԳԱԼԻՑ վերաբերմունքն է մարդկանց և օրենքների նկատմամբ…..նույնիսկ ավելի շուտ դա են սովորեցնում հետո նոր 2 գումարած 2!!!!!
Պարզապեց շնորհակալություն:Մի ծաղկով գարուն կգա:Ջորդանո Բրունոյին այրեցին այն բանի համար, Որ նա համարձակվեց ասել Երկիրը պտտվում է: Ես կուզեի որպատգամավորները սա իմանային; Միշտ չէ որ մեծամասնությունը ճիշտ է…
Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, այս առումով։ Այստեղ միայն կրթական և ընտանեկան դաստիարակության հարցը չէ և պետք չէ հույս դնել մարդկանց գիտակցության վրա միայն, այլ անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Անհրաժեշտ են համալիր մոտեցումներ՝ ադմինիստրատիվ պատժամիջոցներ, տուգանքներ։ Նկատողություններ անողները շատ չեն, բայց կան։ Այդպիսիներին այլմոլորակայինների տեղ են դնում և լավագույն դեպքում, ծաղրում։ Իսկ երթուղային տաքսիի օրինակը իր էությամբ շատ տարածված երևույթ է։ Բազմիցս հայտնվել եմ նմանատիպ իրավիճակներում, երբ համաքաղացիներդ ոչ միայն քեզ սատար չեն կանգնում, այլև մի բան էլ պաշտպանում են կարգազանցին։ Տգիտության և հանդուրժողականության հայկական ժողովրդական սինդրոմ։ Երբեմն “գիտակները” մեկնաբանում են՝ “դե մեր ազգը ․․․․․” և այլն։ Նման բան չկա։ Եվրոպան Եվրոպա է դարձել, արյան գետեր հեղելով, իսկ Կանադան 300 տարի առաջ պոռնիկների և հանցագործների աքսորավայր էր։ Սակայն հիմա այդ երկրները աշխարհի, այդ առումով, ամենաօրինակելի երկրներն են։ Մեր Քաղաքապետարանի, կառավարության կողմից այս հարցին էլ պետք է համակարգային լուծում տրվի։ Ամբողջ երկիրը վերից վար համակարգային փոփոխությունների կարիք ունի, որ մի բանը անես, որը թողնես։ Այս ամենի մեջ հուսադրողը այն է, որ այդ ճահճային հարցերը այսօր բոլոր մակարդակներում և ոլորտներում վեր են հանվում և քննարկման առարկա դառնում, որովհետև դա ԱՐԴԵՆ մեր երկիրն է, որտեղ, ինչպես ասեց Վարչապետը՝ իրավիճակ է փոխվել։ Իհարկե չարախոսները քիչ չեն, վարձու խուժանն էլ այս օրերին քաղաքի անդորրը շատ է փչացնում։ Այս իրավիճակում գիտակցում ես թե քո քաղաքացիական պարտքը, թե պետության ադեկվատ գործողությունների անհրաժեշտությունը։
#Իսկ ճշմարտության մնացած կեսը կամ 60-70 տոկոսը հետեւյալն է՝ «ես լավ չեմ ապրում, որովհետեւ ինքս սխալ վարք եմ դրսեւորում՝ ծույլ եմ, նախանձ եմ, վախկոտ եմ, նախաձեռնող չեմ, օրենքները չեմ հարգում, օրենքները խախտելու եւ հակահասարակական վարք դրսեւորելու հանդեպ հանդուրժող եմ, այդ խախտումների համար հազար ու մի «արդարացում» եմ գտնում, ինքս եմ խախտում կամ օգտվում եմ խախտումների օգուտներից, շարունակում եմ մտածել, որ միայն այդպես է հնարավոր «ընտանիք պահել» եւ այլն։
Միանգամայն ճիշտ է հեղինակը։ Այդ ավտոբուսի ժողովուրդը մեր հասարակության մակետն է՝ փոքրիկ պատճենը։ Հասարակության մեծ մասը չի ցանկանում գլուխ դնել օրինազանցի հետ, որովհետև կախման մեջ է «քո պատճառով ուշանում ենք» կամ «հա դե տաքարյուն տղամարդ է» որովհետև ձեռք ենք բերել դարերի ընթացքում ձեռք ենք բերել համակերպվողի մենթալիտետ։ ՙարի ձեն չհանենք, որ ավելի վատ չլինի՚։ Վախենում ենք, որ ավելի վատ կլինի, ասենք վարորդը կհայտարարի որ մեքենան փչացել է։ Այսինքն գեղցիական «շուստրիություն», չհասկանալով, որ երբ ամեն անգամ չարիքը կուլ ես տվել, և հանկարծ մի անգամ ընդվզում ես, չարագործն արդարացիորեն զարմանում է՝ քեզ ի՞նչ մեղու կծեց հանկարծ։
Իրոք հարկավոր է պախարակել հենց այդ վարմունքը, որովհետև չարիքը տեսնել և դրա դեմ ոչինչ չանել, դրանք իրար հավասար բաներ են։
Հարգանքներս…