Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են կշտամբում հրատարակչին

Հունիս 12,2019 12:30

Հարցազրույց «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ

– Պարոն Մարտիրոսյան, հաճախ եք թարմացնում ձեր ստատուսը: Օրերս գրել էիք, որ շատերը ձեզ նախատում են, թե շահագրգռված եք ընթերցասերների անսահման շրջանակ ունենալու հարցում: Առաջին հայացքից սա վատ կշտամբանք չէ, մյուս կողմից՝ չե՞ք կարծում, որ այն ենթատեքստ ունի, որն ուղիղ համեմատական է ֆինանսին:

– Իհարկե, ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ: Օրինակ, ԱՄՆ-ում, երբ ծրագրում են, թե քանի քառակուսի մետր է հարկավոր ընդլայնել բանտային տարածքները, ասենք՝ 15 տարի անց, այդ հաշվարկի մեջ ներառվում է տվյալ պահին 8-11 տարեկան չընթերցող երեխաների թիվը: Բայց այդ երեխաները մինչեւ դառնան չափահաս ու հայտնվեն բանտում, նրանք կխլեն կյանքեր, շատ մարդկանց կդարձնեն հաշմանդամ, կկողոպտեն, կթալանեն… Այո, ես շահագրգիռ եմ ընթերցանության մակարդակի բաձրացման հարցում: Շատ կուզենայի, որ վաճառքում եղած, այս պահին, «Անտարեսի» 800 անուն գրքերը շահույթ բերեին:
Հիմա ունենք շահութաբեր չորս նախագիծ՝ Ջորջ Օրվելի «1984», «Անասնաֆերմա», Էքզյուպերի՝ «Փոքրիկ իշխանը» եւ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը»: Նկատենք, որ մեր եւ մեր գործընկերների գրքերն արդեն վաղուց իրենց դերը կատարել են, հեղափոխություն են նախապատրաստել՝ մարդկանց ուղեղների հեղափոխություն: Համոզված եմ, որ եւս տասը տարի, ու գիրքը Հայաստանում շահութաբեր բիզնես կլինի, այն կծառայի դեռեւս չիրականացված գաղափարների համար էլ:

– «Անտարեսի» գործունեությունը շուրջ քսան տարի է, ի՞նչ երաշխիք, որ մինչեւ հիմա չկարդացած գրքերը, ձեր գաղափարները, հիմա արդեն հնարավոր են:

– 1998թ. մինչեւ անցած տարի Հայաստանում «հակագրքային» մթնոլորտ էր եւ դրա հետ մեկտեղ մշակույթի նախարարությունը խախտելով հակամենաշնորհային օրենսդրությունը, պարզապես փչացնում էր գրքի շուկայի կայացումը: Հիմա էլ նույն նախարարությունը շարունակում է խանգարել հրատարակիչներին, սակայն մի բան է մխիթարում՝ այսօրվա իշխանության կազմում գիրք գնահատողներն ու ընթերցողները էապես շատացել են:

– Մինչ հեղափոխությունը կազմակերպում էիք օլիմպիադաներ ու տարաբնույթ միջոցառումներ, որոնց նպատակը հենց ընթերցասերների թիվն ավելացնելն էր: Դաշտ էիք բերում նոր անուններ, խրախուսում նրանց…

-Օրինակ, անցկացված օլիմպիադան ճարահատյալ քայլ էր: Հայտարարում եմ, Հայաստանում գրեթե ընթերցող չէր մնացել, եւ մենք ինքներս պետք է «ստեղծեինք» մեր ընթերցողներին: Այդ գործընթացը շարունակել ենք շուրջ տասը տարի: Չորս-հինգ տարի հետո արդեն մեր առաջին օլիմպիականները կդառնան ծնողներ, որոնք, վստահ եմ, ոչ միայն իրենց համար գիրք կգնեն, այլեւ բալիկների… Զիլ Հայաստան ենք ունենալու: Ինչ վերաբերում է այսօրվա նախարարության գործելաոճին, մեկ օրինակ բերեմ՝ անցած տարի չլսելով մասնագետների հորդորները, նախարարությունը 50 մլն դրամ հարկատուի գումարներից վատնեց, հատկացնելով 1 մլն դրամ, իրենց հավաստմամբ, յուրաքանչյուր «գրողի»: Պարզ է, որ մի քանի գրողից բացի, այդ մրցույթին հիմնականում մասնակցում էին իրենք իրենց գրող համարողները: Եվ ի՞նչ ունենք արդյունքում. վատնած փողեր… Էլ չասեմ նախարարության այլ վատնումների մասին:

– Վերջերս կազմավորվեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը: Առնչվե՞լ եք նոր պաշտոնյաների հետ:

– Հույս ունեմ, որ նոր նախարարությունում շատ հաստիքներ կկրճատվեն, ինչի արդյունքում հարկատուի ուսերին եղած ծանրությունը կթեթեւանա: Ժամանակը ցույց է տվել, որ ամեն մեկը փորձում էր իր համար զբաղմունք գտնել, բարդացնելով առանց այն էլ մշակույթի բարդ վիճակը: Նրանց էլ ես հասկանում՝ ղեկավարության մոտ պետք է իլյուզիա ստեղծեին, իբր կարեւոր աշխատանքով են զբաղված:

– Վաղուց «Անտարեսի» համբավը դուրս է եկել Հայաստանից, ունեք նաեւ արտասահմանից պատվիրատուներ: Հետաքրքիր է, այսօր մեր գրողները «ջարդո՞ւմ» են «Անտարեսի» դռները:

– Լավ գրողին մենք օրը ցերեկով լապտերով ենք փնտրում ու ստիպված ենք մերժել վատերին, ինչը հանգեցնում է թշնամիների բանակի թվաճին:

– Մեր զրույցը մինչ այս պահը մինոր լադում է: Գոնե մեկ լուսավոր բան կասե՞ք:

– Իհարկե: Շուրջ 5 տարի «Էվրիկա, էվրիկա» շարքում հրատարակել ենք մանուկներին հասցեագրված Լեոնարդո դա Վինչի, Արքիմեդ, Նյուտոն… Աշխարհը փոխած այլ հանճարների մասին: Հիմա նկատելով, որ հայը մեծ հաշվով արտասահմանում, ասենք, Ռուսաստանում, մնացել է Լոմոնոսովի, Մենդելեեւի, Պոպովի, «ծանրության» տակ, շարունակեցինք շարքը՝ ստեղծելով գրքեր հայ հայտնագործողների մասին: Առաջին գիրքը նվիրված է գունավոր հեռուստացույցը ստեղծող Հովհաննես Ադամյանին, երկրորդը՝ Արտեմ Միկոյանին, երրորդը՝ Լյութեր Ջորջ Սիմջյանին, որը ստեղծել է ֆոտոխցիկը, բանկոմատը, դոլարի «կանաչը» եւ ստորջրյա տեսանկարահանման տեխնոլոգիան: Այնուհետեւ Ռեյմոնդ Դամադյանն է՝ մագնիսական, ռեզոնանսային տոմոգրաֆիայի գյուտարարը… Զուգահեռ հրատարակել ենք գրքեր ոչ հայ գյուտարարների մասին, այդ թվում՝ Սթիվ Ջոբս, Իլոն Մասք… Հիմա աշխատում ենք Կոմիտասի գրքի վրա, որին կհաջորդի Մաշտոցը…

-Իսկ մեծերի համա՞ր:

-Անկախ Հայաստանում ամենավաճառվածը շուրջ 200 հազար օրինակով Սվոյ Ռաֆի մասին գիրքն էր: Օրերս վերահրատարակված Մարիո Պլուզոյի «Կնքահայրը» գրքի վերահրատարակումը, վստահ եմ, Ռաֆին կանցնի…

 

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

12.06.2019 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել