Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուսական զենքը շատ չի լինում. Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները

Հունիս 12,2019 12:00

«Ռուսաստանը Հայաստանի առաջատար առեւտրատնտեսական գործընկերն է»

Հայաստանի արտաքին քաղաքական ոլորտի համար տեսանկյունից անցած շաբաթը ուշագրավ էր. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպեց ՌԴ նախագահին, այնուհետեւ Ֆրանսիական հեղինակավոր գագաթաժողովը պատմության մեջ առաջին անգամ իր սահմաններից դուրս անցկացվեց՝ Հայաստանում:
Նախ՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին: Հունիսի 6-ին միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգ ժամանած Փաշինյանը Կոնստանտինովյան պալատում հանդիպեց Վլադիմիր Պուտինի հետ: «Անհրաժեշտություն չեմ համարում բնութագրել մեր երկկողմ հարաբերությունները՝ մենք դա անում ենք պարբերաբար, վերջերս հանդիպել ենք Ձեզ հետ, քննարկել շատ հարցեր եւ հնարավորություն ունեցել խոսել ամեն բանի մասին: Հիշեցնեմ, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առեւտրատնտեսական գործընկերն է. 26 տոկոս, գրեթե 2 մլրդ դոլարի ուղղակի ներդրումներ եւ շատ այլ պահեր, որոնք ի ցույց են դնում մեր հարաբերությունների հատուկ, գործընկերային բնույթը»,- ասել էր Պուտինը:

Իր հերթին Փաշինյանը նշել էր, թե իր կարծիքով հայ-ռուսական հարաբերությունները համաչափ են զարգանում. «Մեր երկրների միջեւ, ինչպես Դուք նշեցիք, ռազմավարական, գործընկերային հարաբերություններ են: Եվ դա վերաբերում է ոչ միայն երկկողմ հարաբերություններին, մենք ակտիվորեն համագործակցում ենք ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում: Եվ կարծում եմ, որ այս բոլոր ուղղությունները մեր երկրների համար ունեն ռազմավարական նշանակություն: Շատ ուրախ եմ, որ մենք այս ուղղություններով հնարավորություն ունենք համաչափորեն զարգացնելու մեր հարաբերությունները: Ուզում եմ ասել, որ այս տարի մեզ մոտ բավական լավատեսական տնտեսական ցուցանիշներ կան. առաջին քառորդի ցուցանիշներով մենք գրանցել ենք 7.1 տոկոս տնտեսական աճ: Ապրիլին տնտեսական ակտիվության մեր ցուցանիշը կազմել է 9.2 տոկոս: Ինչո՞ւ եմ այս մասին խոսում, որովհետեւ ակնհայտ է, որ սրանք լավ ցուցանիշներ են ոչ միայն Հայաստանի, այլեւ ԵԱՏՄ համար, քանի որ մեր տնտեսական ցուցանիշները շատ հարցերով կապված են ԵԱՏՄ կազմում մեր հարաբերությունների եւ ռուսական շուկային հայկական բիզնեսի հասանելիության հետ: Սա շատ կարեւոր է: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի որոշ հարցերի դեպքում հասնել այնպիսի որոշումների, որոնք չեն կոտրի տնտեսական աճի այս դրական տեմպը»: Փաշինյանը նաեւ խոսել էր ՌԴ-ից մեր երկիր այցելող զբոսաշրջիկների աճի մասին, նույնիսկ Պուտինին ասել էր, որ նրանց հանդիպելիս մշտապես հետաքրքրվում է, թե ինչպես են իրենց զգում Հայաստանում, եւ վստահություն էր հայտնվել, որ ավելի ու ավելի շատ ռուսաստանցի զբոսաշրջիկներ են այցելելու մեր երկիր:
Կառավարության տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ռուսական օրակարգային հարցեր, անդրադարձել են տնտեսության տարբեր ոլորտներում հետագա համագործակցությանը: Ի դեպ, որեւէ անդրադարձ չեղավ ԼՂ խնդրին:
Նույն օրը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ԱԺ-ում շեշտեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հաստատել է ռազմավարական հարաբերություններ եւ մտադիր է դրանք խորացնել:

Փաշինյանը ՌԴ-ից նոր զինտեխնիկա է ակնկալում ստանալ

Փաշինյան-Պուտին հանդիպումից մեկ օր անց Փաշինյանը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում նշեց, որ այդ հանդիպմանը քննարկել են Հայաստանի սպառազինության մատակարարման հարցը. «Մենք լավ գործակցում ենք ռազմատեխնիկական ոլորտում, եւ իհարկե, մենք որոշակի պայմանավորվածություններ ունենք: Եվ ես կարծում եմ, որ մեր հարաբերություններն այդ ուղղությամբ բնականոն զարգանում են»: Հարցին՝ արդյոք հանդիպման ընթացքում քննարկվե՞լ է Երեւանին նոր «Իսկանդեր» համալիրներ մատակարարելու հարցը, Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը դրանցից բավականաչափ ունի: «Մենք բավականաչափ «Իսկանդեր» ունենք: Բայց մենք հույս ունենք էլի ինչ-որ բան ստանալ: Ոչ փոքր»,- ասել է նա: Թե կոնկրետ ինչ զինատեսակի մասին է խոսքը՝ Փաշինյանը չէր մանրամասնել,
Հավելենք, որ հունիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել էր հայ-ռուսական միջկառավարական 14-րդ հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությանը, պայմանագրային-իրավական բազայի զարգացմանը վերաբերող հարցեր, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման վերաբերյալ:

«Չէ՞ որ մենք Ռուսաստանի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունենք»

«ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցից հայտնի դարձավ, որ Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Հայաստանին մատակարարվող գազի գինը: «Դա, իսկապես, շատ կարեւոր հարց է մեր հարաբերություններում, եւ այդ պատճառով այն քննարկում ենք նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Կարծում եմ՝ պետք է հաշվի առնել այս հարցի բոլոր նրբությունները- ասել է Փաշինյանը, ընդգծելով՝ անհրաժեշտ է գազի այնպիսի գին որոշել, որը չի կոտրի Հայաստանում արձանագրված տնտեսական աճի դրական դինամիկան, – ինչպես ես ասացի երեկ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը, Հայաստանում առաջին եռամսյակում տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 7,1 տոկոս: Սա ցույց է տալիս, որ մենք տնտեսական առաջընթացի շատ լավ հնարավորություններ ունենք: Մենք դա անվանում ենք տնտեսական հեղափոխություն, եւ շատ կարեւոր է, որ մենք կարողանանք գազի այնպիսի գին համաձայնեցնել, որը չի կոտրի տնտեսական աճի այս տեմպը»: Նա հույս է հայտնել, որ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել:«…Չէ՞ որ մենք Ռուսաստանի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունենք, եւ կարծում եմ, որ պետք է լուծենք նաեւ գազի ռազմավարական հարցը», -նշել է նա:

Փաշինյանը ձգտում է խորացնել համագործակցությունը ՌԴ-ի հետ

ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո՝ Փաշինյանը ելույթ էր ունեցել Պետերբուրգյան տնտեսական միջազգային համաժողովում՝ Ռուսաստանի, Չինաստանի, Բուլղարիայի, Մոլդովայի նախագահների, Սլովակիայի Հանրապետության վարչապետի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ: Այն անցկացվում էր՝ «Ձեւավորելով կայուն զարգացման օրակարգ» խորագրի ներքո:
Դիմելով տասնյակ երկրներից ժամանած գործարարներին ու պաշտոնյաներին՝ Փաշինյանը պնդել էր, որ աշխարհագրական դիրքն ու տարածաշրջանի խնդիրները ստիպո՛ւմ են Հայաստանին տնտեսության մրցունակությունն ու արդյունավետությունն ապահովել պետական արդյունավետ կառավարման միջոցով: Նա վստահեցրել էր, որ Հայաստանին արդեն հաջողվել է «զգալի արդյունքների հասնել», մանրամասնելով, թե արմատախիլ է արված համակարգային կոռուպցիան, նվազագույնի է հասցվել արհեստական մենաշնորհների եւ օլիգոպոլիայի գործունեությունը, բայց կա հիմնարար խոչընդոտ՝ դատական իշխանությունը: Նա հավելեց, որ օտարերկրյա ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայր ձեւավորելու Հայաստանի ջանքերը ցանկալի արդյունքի չեն հանգեցնի, եթե դատական իշխանությունը որակական վերափոխումների չենթարկվի։

Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը հաստատակամ է հնարավորինս խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ ընդարձակել կապերն ու ինտեգրացիոն գործընթացները ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի կազմում: Նա հատուկ շեշտեց, որ դա չի հակասում ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին: Ավելին, նա հավելեց, թե լավ կլինի, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները նաեւ Եվրասիական տնտեսական միությունը խորացնի: «Ես հեռանկարային եմ համարում Եվրամիության ու Եվրասիական տնտեսական միության միջեւ համագործակցության խորացման քաղաքականությունը: Կարծում եմ, եթե ոչ մոտ ապագայում, ապա միջնաժամկետ կտրվածքով այդպիսի համագործակցությունը լիովին հնարավոր եւ նույնիսկ՝ անխուսափելի է»,-նշեց նա:
Այսպիսով, ռուսական ուղղությամբ Փաշինյանը հստակ հանդես է գալիս հարաբերություններն ամրացնելու, հարաբերությունները խորացնելու օգտին: Ավելին, նա ակնարկում է, որ ռուսական կողմի հետ քննարկում է գազի գնի, ՌԴ-ից նոր զինտեխնիկա ձեռք բերելու հարցեր: Միաժամանակ նա շեշտում է ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հետ հարաբերությունները խորացնելու ցանկությունը:

Ինչպես եւ նախորդ իշխանությունը՝ Փաշինյանը եւս հեռանկարային է համարում ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցությունը: Նա հատուկ շեշտում է, որ ԵՄ-ի հետ գործընկերությունը որեւէ կերպ չի հակասում Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին:
Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքում, մասնավորապես՝ գազի գնի, ռուսական զինտեխնիկայի մատակարարման մասին, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, թերեւս, պարզ կլինի՝ ապագայում:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

11.06.2019 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930