Լրահոս
Օրվա լրահոսը

Վերդիի «Ռեքվիեմը» Լիտվայում՝ Կ․Օրբելյանի և հայաստանցի մենակատարների մասնակցությամբ

Հունիս 11,2019 23:40

Հունիսի 9-ին Կաունասի Ֆիլհարմոնիկ ընկերության դահլիճը սովորականից մարդաշատ էր, բոլորը հավաքվել էին մեկ ընդհանուր գեղագիտական նպատակով․ հնչելու էր Ջ․ Վերդիի ամենահրաշալի ստեղծագործություններից մեկը՝ «Ռեքվիեմը» նվագախմբի, երգչախմբի և մենակատարների համար։ Երեկոյին ներկա էին Լիտվայում, Էստոնիայում և Լատվիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, դեսպանության աշխատակիցներ, Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր-Խոսրովը, բարձրաստիճան պաշտոնյաներ Լիտվայից, երաժիշտներ, մասնագետներ։

Ստեղծվել էր Լիտվա-Հայաստան մշակութային երկխոսության անմիջական միջավայր, որի առանցքը դասական երաժշտությունն էր։

Դիրիժորական վահանակի մոտ էր Ալ․Սպենդիարյանի անվ․օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Կաունաս քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը։

1874 թվականին գրված այս ստեղծագործությունը, գրեթե 150 տարի է, ինչ չի իջնում աշխարհի ամենահեղիանակավոր բեմահարթակներից և հնչելով ամենուր՝ կրկին ու կրկին հավակնում է գրավել ավելի մեծ լսարան։ Կաունասի սիմֆոնիկ նվագախումբը՝ Կոնստատին Օրբելյանի ղեկավարությամբ դուրս էր եկել սոսկ նվագակցողի դերից և դարձել ստեղծագործության այն առանցքը, որի միջով պետք է անցնեին վերջինիս մյուս «հերոսները»։ Խորը դրամատիզմով, իտալական կանտիլենայով հարուստ այս ստեղծագործությունը հանդես էր գալիս ո՛չ թե որպես մեսսային հատուկ հոգևոր ստեղծագործություն, այլ իսկական դրամատիկ երաժշտական մեծարժեք կտավ՝ վերդյան հատուկ հնչողությամբ։ Մեսսայի համարները, հերթափոխելով միմյանց, դառնում էին մեկ ամբողջություն՝ հանդիսատեսին խորհելու տեղ թողնելով երաժշտության հաղորդած իրական ասելիքի մասին։ Բայց և այնպես մենակատարներից յուրաքանչյուրը առանձնահատուկ էր իր ասելիքի մեջ։

Եվրոպահայ սոպրանո Կարինա Ֆլորեսը ընդգծեց իր ձայնի յուրահատկությունը հատկապես Libera Me հատվածում։

Ամերիկացի հայտնի երգչուհի, ծագումով հույն Էլենի Մաթոսի թավ ձայնն ու իտալական զգացմունքային կանտիլենան հատկապես արտահայտիչ էր Liber Scriptus հատվածում։ (Հայաստանյան հանդիսականը ծանոթ է Է․Մաթոսին «Ռեքվիեմում» կատարումից Երևանում նախ 2017 թ․սեպտեմբերի 14-ին, իսկ հետո՝ 2018-ի դեկտեմբերի 7-ին՝ նվիրված ավերիչ երկրաշարժի երեսնամյակին) Մեր Օպերային թատրոնի մենակատարներ՝ Հովհաննես Այվազյանը իր անզուկական տենորը ընդգծեց Ingemisco հատվածում՝ հանդիսատեսին տալով զգացմունքայնության և էներգիայի համակված տեսարան, իսկ բաս Հայկ Տիգրանյանը իր ձայնի դրամատիկ հնչերանգով, հավասարակշռված և կայուն արտահայտչամիջոցներով Mors stupebit և Confutatis հատվածներում հանդիսատեսին փոխանցեց վերդյան երաժշտության իրական պաթոսը։ Կաունասի երգչախումբը Dies Irae (Ցասման օրը) հատվածում համակեց ողջ դահլիճը գագաթնակետում։

Սա մշակութային յուրահատուկ իրողություն էր, որը հանրահռչակեց հայ կատարողական արվեստը միջազգային հարթակում և ևս մեկ անգամ ցուցեց հայ մշակույթի ու հայկականության բացառիկ տեղն ու դերն աշխարհում։ Կարելի է վստահորեն ասել, որ Վերդիի «Ռեքվիեմի» կատարումը Լիտվայում ամրապնդեց Հայաստան-Լիտվա մշակութային կապերը, ապահովեց մշակութային փոխգործակցության և հաղորդակցության հետագա հեռանկարներն ու հնարավորությունները։

Չդադարող ծափերն ու շնորհակալական խոսքերը, մասնագիտական բարձր կարծիքները համերգից հետո ուղղված էին բոլորին՝ որպես մշակութային հրավառության իրական հասցեատերերի։

 

Ջորջ Չախալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930